Խախուտ Ադրբեջան

Խախուտ Ադրբեջան

ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթում հոդված է հրապարակել եւ խորհուրդ տվել գրադարան գնալ, կարդալ պատմական գրականություն՝ Նժդեհի եւ առհասարակ Հայաստանի մասին պատկերացում կազմելու համար: Ռուս-թուրքական մեկդարյա վաղեմության պայմանավորվածությունների թեմայով արտահայտվել է նաեւ Regnum-ի սյունակագիր Տարասովը:

Ընդամենը երկու, ընդ որում՝ ոչ այնքան թիրախային, հրապարակում, եւ ադրբեջանական մամուլում բարձրացել է իսկական վայնասուն: Դա վկայում է, որ Ադրբեջանն, իրոք, պետական չափազանց խախուտ կազմավորում է: Եւ աշխարհաքաղաքական կոնյունկտուրայի որեւէ փոփոխություն կարող է նրա համար ճակատագրական լինել: Ամբողջ հույսը դարձյալ ռուս-թուրքական պայմանավորվածությունն է: Բայց Բաքվում հասկանում են, որ ժամանակներն այլ են, Թուրքիան, եթե անգամ մեծ ցանկություն ունենա, Արեւմուտքից հրաժարվել չի կարող: Դա հավասար կլիներ ինքնասպանության: Նույնը՝ Ադրբեջանի դեպքում, որը նստած է նավթային ասեղի վրա: Իսկ ներարկումներ անում են արեւմտյան նավթային ընկերությունները, առաջին հերթին՝ BP-ին, որի տարածաշրջանային գործադիր տնօրենն օրերս շտապել էր Բաքու: Ըստ երեւույթին՝ բացատրություններ պահանջելու: Եւ դրանից էլ «Թուրանի» մեկնաբանը եզրահանգել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Բաքուն կվերսկսի Եվրամիության հետ երկխոսությունը: Ստացվում է, որ Ռուսաստանը, ստանձնելով Ալիեւների իշխանության պահպանման երաշխավորի դերը, վերջնահաշվում ոչինչ չի՞ ստանա: Դա՞ է Ալիեւի ծրագիրը: Բաքվում գիտակցում են, որ Մոսկվան հասկանում է ամեն ինչ եւ կարող է հակադարձել 1921թ. ռուս-թուրքական պայմանավորվածությունների վերանայմա՞մբ: Այդպես է երեւում: Հակառակ դեպքում ընդամենը երկու հոդվածի առիթով ադրբեջանական մամուլը զորաշարժի չէր ենթարկվի՝ աջակից ունենալով նաեւ մի քանի վարձահրավիրված ռուս հեղինակի: Եթե կա գիտակցում, որ Լեռնային Ղարաբաղի, Նախիջեւանի նկատմամբ Ադրբեջանի «օրինական իրավունքը» որեւէ միջազգայնորեն լեգիտիմ հիմք չունի եւ բացառապես Ռուսաստանի վերաբերմունքով է պայմանավորված, ապա Բաքվի համար նախընտրելի պիտի լինի այդ հարցում հայկական կողմի հետ համաձայնությունը:

Այդ դեպքում Ադրբեջանը կազատվեր մշտապես հայացքը դեպի հյուսիս պահելու բարդույթից եւ վերջնականապես կլուծեր պետականության լեգիտիմության խնդիրը: Հակառակ դեպքում Բաքուն իրեն դատապարտում է «գող՝ սիրտը դող» անարժանապատիվ գոյության, ինչը դանդաղ գործողության ական է: Եւ մի X պահի կարող է պայթել թալիշական կամ լեզգիական ապստամբության տեսքով: