Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը, ինչպես նախկինում, արցախյան հարցում ունեն կոնսենսուս

Մոսկվան, Վաշինգտոնն ու Փարիզը, ինչպես նախկինում, արցախյան հարցում ունեն կոնսենսուս

Քիչ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա, ուր ժամեր անց տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: 

Ինչպես ավելի վաղ պաշտոնապես հայտնվել է Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կողմից, ՀՀ ԱԱԾ և Ադրբեջանի ԱՊԾ տնօրենների միջև հանդիպում է կայացել Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան և Շուռնուխ բնակավայրերի տարածքում, որի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման ու անհետ կորածների որոնողական աշխատանքներին վերաբերող հարցեր։ Իսկ ավելի վաղ նման հանդիպում էր կայացել Արարատի մարզի Երասխ համայնքին հարող սահմանամերձ չեզոք գոտում։

Ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության հաղորդագրության` իրականությանը չեն համապատասխանում լուրերը, թե հանդիպումների օրակարգում ներառվել կամ ներառվելու են տարածքային և սահմանային հարցեր: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը երեկ Պետրոս Ղազարյանի հետ հանդիպմանը հասկացնել տվեց, որ, ավելի ճիշտ, քննարկվելու է կոմունիկացիաների ապաշրջափակման հարցը։ 

Հիշեցնենք, որ արդեն շուրջ 7 օր է՝ Հայաստանի հասարակական -քաղաքական շրջանակները, ըստ էության, տագնապած են նրանից, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը ՀՀ տարածքային ամբողջականությունը ոտնահարող նոր պարտավորություններ չի՞ ստանձնի՝ բանավոր կամ գրավոր։

Բացի Երևանում Նիկոլ Փաշինյանի մուտքն արգելափակել ցանկացողներից, ՌԴ մայրաքաղաքում ևս հայերն ինչ-ինչ քայլեր պատրաստվում են ձեռնարկել, մասնավորապես ՌԴ-ում ՀՀ դեսպանատան դիմաց Հայերի միությունը կազմակերպում է ստորագրահավաք։ 

 «Հրապարակը» հայ-ադրբեջանական մոսկովյան օրակարգի մասին զրուցել է հրապարակախոս Վադիմ Դուբնովի հետ։

Նա մեզ հետ զրույցում ասաց, որ օրակարգի մասին կարող է սոսկ ենթադրություններ անել։ Կարծում է՝ քննարկվելու են բոլոր այն հարցերը, որոնք կուտակվել են նոյեմբերի 10-ից հետո։

«Համաձայնագրի կատարումը։ Կարծում եմ՝ առաջին հերթին քննարկվելու է ռազմագերիների հարցը։ Ընդհանուր գծերով, հնարավոր է քննարկվեն տրանսպորտային միջանցքները։ Բայց ամենակարևորը, ըստ իս, խաղաղապահների ծրագիրն է և սահմանազատման հարցերը»։

Ռուսաստանցի քաղաքագետ Արկադի Դուբնովն «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան հայտնել էր, թե ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը մտահոգում է և դժգոհություն առաջացնում այն, որ Մոսկվան սկսել է միայնակ զբաղվել արցախյան հարցով, և որ Էմանուել Մակրոնը պատահաբար էր իմացել մոսկովյան հանդիպման մասին։

 Հիշեցնենք. այս օրերին պաշտոնապես հաղորդվեց, որ Պուտինն ու Մակրոնն արցախյան հակամարտության թեմայով հեռախոսազրույց են ունեցել։

«Չեմ կարծում, որ Մակրոնն այս մասին պատահաբար է իմացել, կարծում եմ՝ գործառույթների հստակ տարանջատում կա, և չեմ կարծում, որ այս հարցում կա Վաշինգտոնի, Փարիզի ու Մոսկվայի սուր չհասկացվածություն։ Առնվազն կարող եմ ասել, որ այս հարցում այս երեքի ներսում հարաբերությունները միշտ էլ պակաս դրամատիզացված ու գաղափարախոսական են, քան այլ հարցերում։ Եվ կարծում եմ, որ Մոսկվան կխաղա երկու ռեգիստրերի վրա՝ ՄԽ-ի հետ էլ ու, մյուս կողմից՝ Թուրքիայի հետ ոչ ֆորմալ ձևաչափի, որը Մոսկվայի համար բավականաչափ հարմար է»,- ասում է Դուբնովը։ Նա հստակեցրեց՝ կա կոնսենսուս․ կա, և այն մնում է։