Ուսապարկի պատիվը

Ուսապարկի պատիվը

Նիկոլի ուսապարկը հետզհետե քաղաքագիտական նշանակություն է ձեռք բերում, մասնավորապես՝ տերմինաբանական, խորհրդանշելով այն «միասնական մանդատը», որը տրվում է մեծ, օրինակ՝ 88 հոգանոց որևէ խմբի՝ իբրև պատգամավորական լիազորության միասնական փաստաթուղթ։ Ուրեմն՝ Նիկոլի ուսապարկը «միասնական մանդատ» է։ Եվ բոլոր նրանք, ովքեր կհամարձակվեն «պլստալ» այդ ուսապարկից որպես առանձին քաղաքական սուբյեկտ՝ վկայակոչելով թեկուզ իրենց գաղափարական շնչահեղձ վիճակը, դատապարտված են դավանաբանական ինկվիզիցիայի։ (Նիկոլի ուսապարկի առնչությամբ «գաղափարական ինկվիզիցիա» արտահայտությունը տեղին չէր լինի, որովհետև ուսապարկի «բնակիչներին» բնորոշ է ոչ թե գաղափարական հավատարմությունն իրենց առաջնորդին, այլ ուսապարկային անքննելի հավատն ու կույր պաշտամունքը նրա նկատմամբ, հետևաբար և՝ դավանաբանական ինկվիզիցիա)։

Վերջին օրերին «Իմ քայլը» խմբակցությունում, ինչպես նաև ՔՊ-ական անդաստաններում ծավալված բուռն իրադարձությունները՝ կապված ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի «պիղծ» քայլի հետ, արդեն երևան են բերել մի քանի կարկառուն ինկվիզիտորների՝ ուսապարկի պատվի համար պատրաստ նույնիսկ ամենանվաստ ճակատամարտը տալու։ Ահավասիկ նրանցից մեկը՝ Վահագն Ալեքսանյան։

Այս երիտասարդը ֆեյսբուքյան իր էջում համեստորեն ներկայանում է որպես «հասարակական գործիչ»՝ մանկամտորեն կարծելով, որ եթե ՔՊ-ում իր պաշտոնը «հանրային կապերի համակարգողն» է, ուրեմն ինքն արդեն հասարակական գործիչ է։ Լավ է՝ քաղաքականին չի ձգում, չնայած այդ հավանականությունն այս մարդու ոչ միայն ներկա, այլ նաև անցյալ գործունեությամբ բավականաչափ մեծանում է։ 

Անցյալի մասին։

Ֆեյսբուքյան անձնական էջում կամ այլուր որևէ մեկը դժվար թե գտնի տեղեկություններ սույն երիտասարդի ոչ վաղ անցյալ գործունեության մասին․ դժվար թե գտնի, որովհետև երիտասարդին ամենևին ձեռնտու չէ՝ «հանրությունն» իմանա, որ ինքը ժամանակին կապեր է ունեցել, ավելին՝ «խաղացել» է ԲՀԿ-ի դաշտում՝ մասնավորապես նրա  երիտասարդական «ստադիոնում», և ծառայություններ է մատուցել այդ կուսակցությանը «ՄԵՆՔ ազգային հայրենասիրական երիտասարդական շարժման» համակարգողի դերում։ Նշենք, որ այդ շարժումը եղել է ԲՀԿ երիտասարդական թևի աջակիցներից մեկը, ինչը բնականաբար ենթադրել  է գաղափարական գոնե պարզ  մերձավորություն ԲՀ կուսակցության հետ։ Ավելին, ինչպես հուշում են հավաստի աղբյուրները, Վ․ Ալեքսանյանի մայրը եղել է ԲՀԿ Երևանի քաղաքի Զեյթունի տարածքային կառույցի ամենաակտիվ գործիչներից մեկը, և նրանց ընտանիքն է ընդհանրապես «ավանդաբար» ԲՀԿ-ական։ 

Անշուշտ, այդ ամենում որևէ մեղադրելի բան չկա ։ Բայց երբ նկատի ենք ունենում, որ ընտրակաշառքով ձեռք բերված պատգամավորական մանդատների «գործով» ԲՀԿ առաջնորդին քննադատում է սույն երիտասարդի կուսակցությունը՝ ՔՊ-ն, և նույնիսկ քրեական գործ է հարուցել տալիս ու կալանավորում  նրան, ուրեմն շա՛տ պիտի զարմանալ, թե ինչպե՛ս կարող է մանդատային թեմաներով այսքան անլրջանալ մի մարդ, ում գաղափարական անցյալն այնքան էլ նիկոլական չէ։ Մեկը, ով «մանդատաբանություն» քաղաքագիտական նորագույն թեմայով մեծամիտ թեզիսներ է գրում, բայց ժամանակին ինքն է երիտասարդական ավյունով լծված եղել Գագիկ Ծառուկյանի գաղափարական սայլին։ Ա՛յն Գ․ Ծառուկյանի, ում իր նորօրյա տերը գաղափարական մարդ չի համարում, իսկ նրա քաղաքական ամբողջ ունեցվածքն էլ համարում է ընտրակաշառքով ձեռք բերված։

Վ․ Ալեքսանյանը, ինչպես ասվեց, ՔՊ հանրային կապերի համակարգողն է։ Ի պաշտոնե նա թերեւս կապեր պիտի ունենա նաև ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի հետ։ Հետաքրքիր է՝ ինչպե՛ս են «զարգացել» այդ հարաբերությունները՝ հասնելով այսօրվա գաղափարական բյուրեղյա՝  նիկոլական վիճակին, եթե մի քանի տարի առաջ մեր համակարգողը ԲՀԿ-ականի դիրքերից Ա․ Սիմոնյանին հրապարակավ քաղաքական «մարմնավաճառ» էր անվանում, ինչի մասին վկայում են ֆեյսբուքյան համապատասխան «հիշողությունները»։ Այո, անքննելի են ՔՊ-ի, նորամուտ ՔՊ-ականների և մանավանդ ՔՊ-ի «ալլահի» գործերը։ 

Իսկ վերջինիս ուսապարկը նրա «մարգարեական» ներկայությունն է՝ տարաբախտ Հայաստան երկրի վրա։