Այսքան ժամանակ այդ թո՞ւղթն էին նկարում

Այսքան ժամանակ այդ թո՞ւղթն էին նկարում

Կառավարությունն ապրիլի 30-ին գրավոր քվեարկությամբ հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները: Որոշման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը կնպաստի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բնականոն գործունեությանը, բուհի ընթացիկ ղեկավարման իրականացմանն ու հոգաբարձուների խորհրդի որոշումների պատշաճ կատարմանը ընտրված ռեկտորի կողմից»:

Հիշեցնենք, որ մարտին կայացած ռեկտորի ընտրության 1-ին եւ 2-րդ փուլերի արդյունքները երկար ժամանակ շարունակում էին վիճելի մնալ` կապված մի քանի քվեաթերթիկի վավերականության եւ կազմված արձանագրության հետ, որը, ինչպես հետո պարզվեց, ստորագրել էր ոչ թե 3, այլ 2 անդամ։ Շուրջ մեկ ամիս ընտրական գործընթացը ԿԳՄՍՆ-ի ուշադրության կենտրոնում էր, որն ի վերջո որոշեց դրական եզրակացություն տալ ռեկտորի ընտրության արդյունքներին եւ ներկայացնել կառավարության հաստատմանը:

«Մեքենայական թարգմանություն» բազային լաբորատորիայի գիտական ղեկավար, Պոլիտեխնիկական համալսարանի դասախոս Էդուարդ Մանուկյանն իր խոսքում ընդգծում է, որ Գոռ Վարդանյանն ընտրվել է խախտումներով, եւ իրենք՝ դասախոսական կազմը, ընդդիմանալու են դրան։ «Ուզում ենք ստեղծել պոլիտեխնիկի փրկության կոմիտե, որպեսզի փրկենք պոլիտեխնիկը»,- մեզ հետ զրուցում ասաց նա ու հավելեց, որ իրենց փրկության կոմիտեում ընդգրկվելու են բուհի դասախոսները։

Ռեկտորի պաշտոնի հավակնորդ, «Գյուղատնտեսական թունաքիմիկատների ստացում եւ որակի վերահսկում» գիտահետազոտական լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանն ասում է, որ թեպետ կառավարությունը գաղտագողի հաստատել է ընտրության արդյունքները, բայց, միեւնույն է, իրենք՝ ռեկտորի մյուս հավակնորդները, դատարանում վիճարկելու են ռեկտորի ընտրության արդյունքները, որովհետեւ ընտրական գործընթացը, ըստ նրա, անցել է խայտառակ իրավիճակում։ «Այսքան ժամանակ այդ թո՞ւղթն էին նկարում արդարադատության հարգարժան պաշտոնյաները, ուրեմն թող նկարեն»,- ասում է Միքայելյանն ու հղում անում 2-րդ արձանագրությանը, բայց՝ ձեռագիր կազմված, որի տակ ամիս-ամսաթիվը բացակայում է։ 

Այն, որ ընտրական գործընթացի համապատասխանությունն ընտրական կարգին նախ ուսումնասիրեց ԿԳՄՍ, հետո՝ արդարադատության նախարարությունը, ապա դրական եզրակացությամբ ներկայացվեց կառավարության հաստատմանը, Ա․ Միքայելյանն անվանում է «չինովնիկական կարուսել»․ «Ամիսուկես պահանջվեց՝ ցանկալի արդյունքը նկարելու համար։ Սա պահանջում է խորը վերլուծություն եւ, ինչու ոչ՝ իրավական դաշտում համապատասխան հարցաքննություններ։ Ես չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ ուժեր են խառնվել, եթե քննարկվում է նաեւ հոգաբարձուների խորհրդի ձեւաչափը փոխելու հարցը, այս ի՞նչ շտապողականություն է, այստեղ ժամանակից շուտ հերթական որոշումն արագ անցկացնելու միտում եմ տեսնում»։

Նա կարծում է, որ ո՛չ ԿԳՄՍՆ-ն, ո՛չ արդարադատության նախարարությունը չեն ուզում տեսնել ակնհայտը, հատկապես որ ընտրությունների ողջ ընթացքը տեսաձայնագրված է․ «Հետո՝ խոսքը հազարավոր ընտրողների մասին չէր, այլ մատների վրա հաշվված մարդկանց մասին, եւ բոլորը բոլորին գիտեն։ Ի վերջո, կա ձայնագրություն, թող հոգաբարձուների խորհուրդն իր նախագահի հետ միասին հավաքվի եւ լսի, բայց ինքը չի արել դա, որովհետեւ կրավորական դիրքում էր։ Սարքած գործի ականջները շատ լավ երեւում են։ Հետո՝ դրանով ո՞ւմ շահերն են առաջ տանելու՝ ՀՀ տեխնոլոգիական կրթության Գոռի փո՞րձը։ Նաեւ այս տարբերակով նայենք հարցին, ո՞ր փորձն է նա ներդնելու այստեղ՝ բուհում։ Իսկ դրանում ես առաջին հերթին մեղադրում եմ իմ համալսարանի հոգաբարձուների խորհրդի 16 անդամներին, որոնց ընտրել են անօրինական ձեւով՝ հեռավար։ Ո՞վ է վերահսկել այդ պրոցեսը, դա էլ է սարքովի եղել։ Պոլիտեխնիկում ձեւավորել են հանցավոր խումբ եւ այդ հանցավոր խմբով փորձում են ինչ-որ որոշումներ կայացնել, բայց մենք դա թույլ չենք տա»։ Ի դեպ, այս պահին կա եւս մի դատական հայց՝ համալսարանի դասախոս, ռեկտորի հավակնորդ Դավիթ Ղազարյանի կողմից՝ ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով։ 

Պոլիտեխնիկի ռեկտորի ներկայիս ԺՊ Ռուբեն Աղգաշյանը ողջունում է ռեկտորի ընտրության արդյունքները հաստատելու կառավարության որոշումը, ասում է՝ վաղուց պետք է արվեր եւ այսքան չձգձգվեր։ Ինչ վերաբերում է քվեաթերթիկների վավերականության, արձանագրությունը ստորագրած անդամների վիճելի թվին, Աղգաշյանն ընդհատում է եւ նշում․ «Եկեք էդ բաներին նորից չանցնենք, դրանք անցած էտապ են։ Իհարկե, ցանկալի չէր, որ այդքան ձգձգվեր, հատկապես որ 17 ձայն հավաքել էր, եւ պետք էր հաստատել, բայց դե՝ ոչինչ»։ 

Հիշեցրինք, որ ընտրության օրն ինքն էլ էր դժգոհ ընտրական գործընթացից։ «Ես դժգոհ էի, որ կողմնակի մարդիկ՝ ոչ խորհրդի անդամներ, իզուր տեղը ստեղծում էին այդ անառողջ մթնոլորտը։ Իմ դժգոհությունը չէր նշանակում, որ ես դեմ եմ Վարդանյանին կամ ընտրության արդյունքներին, քավ լիցի,- ասում է նա ու նշում, որ ընտրական գործընթացի հետ կապված՝ իր մոտ ոչ մի կասկած չի առաջացել։- Ես քննիչ չեմ կամ արդարադատության նախարարություն, ես ընդամենը ցավում էի, որ հարցը մնացել է օդում կախված»։ Ռեկտորի ներկայիս ԺՊ-ն նորընտիր ռեկտորին եւս մեկ անգամ շնորհավորել է՝ արդեն ընտրության արդյունքների վերջնական հաստատումը ստանալու համար։ Իսկ քանի դեռ Գոռ Վարդանյանը չի հրամանագրվել ռեկտորի պաշտոնում, ինքը կշարունակի կատարել ԺՊ-ի պարտականությունները։