Ոչ մի ակնկալիք չունենք՝ սկուտեղի վրա ամենաթանկը՝ հայրենիքը թշնամուն մատուցած իշխանությունից
ՀՀ կառավարությունը վստահեցնում է, որ լուծում է Արցախցիների սոցիալական խնդիրները` տրամադրելով 40 և 10 հազարական դրամների աջակցություն։ Վերջին շրջանում էլ որոշ ՔՊ-ականներ սկսել են հանդիպել արցախցիների հետ, փորձելով ցույց տալ, թե իրենք արցախցիների կողքին են։ Ինչ խնդիրներ ունեն արցախցիները, ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ ՀՀ կառավարությունից եւ Նիկոլ Փաշինյանից։
Զրուցել ենք բանասիրական գիտությունների թեկնածու, գրող, արցախցի Նանար Սիմոնյանի հետ։
- Ձեր կարծիքով 40 և 10 հազար դրամ գումարը բավարա՞ր է, որ արցախցին հոգա իր սոցիալական խնդիրները։
- Արցախցիների սոցիալ-տնտեսական, բարոյահոգեբանական խնդիրները բազմազան են ու բազմաշերտ։ ՀՀ իշխանությունները մի կողմից ջայլամի քաղաքականություն են վարում՝ իբր չեն տեսնում այդ խնդիրները, մյուս կողմից՝ ձևացնում են, թե արցախցիների կողքին են։ Արձանագրենք փաստերով. Երևանում մեկ սենյականոց բնակարանների վարձակալության համար 180 հազարից 280 հազար դրամ պետք է ունենա քաղաքացին։ Եթե սրան գումարենք կոմունալ վճարները, սոցիալական ծանր վիճակի և տրամադրվող չնչին օգնության տարբերություններն ավելի ակնհայտ ու տեսանելի կդառնան։ Այսինքն՝ արցախցիները փողոցներում հայտնվելու վտանգի առաջ են կանգնած այսօր։ Մի մասը սոցիալական ծանր վիճակից ելնելով, նախընտրում է արտագաղթել։ Գյուղական բնակավայրերում և փոքր քաղաքներում աշխատանք գտնելու մեծ խնդիր կա։ Երևանում և մեծ քաղաքներում այնքան բարձր են վարձավճարները, որ միջին աշխատավարձով անհնար է հոգալ տարրական կարիքները։
- Ձեր կարծիքով, կարելի՞ է վստահել ՀՀ կառավարության կողմից հրատարակվող տվյալներին, որոնք խոսում են արցախցիների սոցիալական խնդիրների լուծման մասին։
- 2020 թվականի 44-օրյա չարաբաստիկ պատերազմի ընթացքում, նոյեմբերի 9-ի խայտառակ համաձայնագրից և հետագայում որդեգրված հակահայկական քաղաքականությունից հետո դժվար է վստահել ՀՀ կառավարությանն ու հավատալ այդ կառավարության կողմից հրապարակվող տվյալներին։
- Ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ արցախցիները Նիկոլ Փաշինյանից, և նրա կառավարությունից։
- Արցախցիները ոչ մի ակնկալիք չեն կարող ունենալ` սկուտեղի վրա ամենաթանկը՝ հայրենիքը, թշնամուն մատուցած և մատուցող իշխանություններից։ Միակ ակնկալիքն այս իշխանությունների հեռացումն է։ Գուցե այս դեպքում հնարավոր լինի փրկել Մայր Հայաստանը և վերադարձնել Արցախը։ Սոցիալական խնդիրները մեծ դժվարությամբ, տառապանքով ու նյարդերի քայքայմամբ ինչ-որ ձևով հնարավոր է հաղթահարել, բայց հոգեբանական ճնշումներն ու ամբողջական հայրենիք կորցնելը, հավատացնում եմ, անդառնալի հետք են թողնելու մեր և մեր սերունդների հոգեբանության վրա։
- Ձեր կարծիքով, արցախցիների նկատմամբ կա՞ հատուկ վատ վերաբերմունք, և եթե` այո, որտեղի՞ց է գալիս այդ վերաբերմունքը։
- Այո, միանշանակ, կա ընդգծված վատ վերաբերմունք։ Նիկոլ Փաշինյանի գաղափարակիցներն ու կողմնակիցները փորձում, բայց չեն կարողանում թաքցնել իրենց հակաարցախյան տրամադրությունները։ Այս տրամադրություններն էլ ներքին խողովակներով մատուցում են հասարակ ժողովրդին։ Շրջափակման երկար ու տանջալից 9 ամիսներին տպավորություն էր, որ մեզ մոռացել է ամբողջ աշխարհը… Ցավոք, անգամ ՀՀ իշխանություններից չեղավ համարժեք պատասխան Ադրբեջանի հայահալած քաղաքականությանը։ Ամեն օր Արցախում քնում ու արթնանում էինք թշնամու սադրանքների ու կրակոցների տակ։ Հացի խնդիրը, ժամերով ձգվող հերթերը, կտրոններով սնունդ ձեռք բերելու դժվարությունները չեն ներկայացվել Մայր Հայաստանում։
Կարծիքներ