Արայիկ Հարությունյանը կանգնել էր 2 ծայրահեղ տարբերակի ընտրության առաջ 

Արայիկ Հարությունյանը կանգնել էր 2 ծայրահեղ տարբերակի ընտրության առաջ 

«Հրապարակի» զրուցակիցն է արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը։ 

-Արցախ կոչեր են հնչում, թե` հումանիտար միջանցք բացեք, որ մարդիկ դուրս գան Արցախից։ Ինքնաբո՞ւխ են այդ հայտարարությունները, թե՞ ուղղորդված։

 -Անկեղծ ասած, չեմ կարող ասել, թե կոնկրետ ինչ նպատակով են շրջանառվում նման թեզեր և ովքեր են դրանց հետևում կանգնած, բայց պետք է նշեմ, որ դա բնական է, հաշվի առնելով պաշարված արցախցիների ծանր բարոյահոգեբանական և սոցիալ-կենցաղային իրավիճակը, շատերը հուսահատությունից, անճարությունից կարող են նման առաջարկներ անել։ 

-Որքանո՞վ էր ճիշտ եւ պահանջված Արայիկ Հարությունյանի հրաժարականը այդ պահին։ 

-Իրականում տարբեր վարկածներ են շրջանառվում փորձագիտական շրջանակներում, թե իբր Արայիկ Հարությունյանի վրա ճնշումներ կային և դրա պատճառով հրաժարական տվեց և այլն։ Նախ պետք է նշեմ, որ նման ճնշումներ միշտ էլ եղել են, բայց դա պատճառ չէ որեւէ իշխանության հրաժարականը հիմնավորելու համար: Պարզապես Արայիկ Հարությունյանը կանգնել էր 2 ծայրահեղ տարբերակների ընտրության առաջ, ավելի ճիշտ` Արցախը, Արցախի ժողովուրդն էր կանգնել այդ ծանր տարբերակների առաջ, ուղղակի որոշում կայացնողը ամեն դեպքում իշխանությունը պետք է լիներ, կամ` ընդունում ենք Աղդամի ճանապարհի բացումն ու սկսում ենք ինտեգրման գործընթացը, որը տանելու է ցեղասպանության և հայաթափման, կամ` տարհանում ենք ողջ բնակչությանն ու թողնում ենք Արցախը: Այս երկու տարբերակների միջև ընտրություն կատարելուց խուսափելն է եղել հրաժարականի հիմնական պատճառը։ Կար նաև հնարավորություն ընտրություն չկատարելու, սպասել մինչեւ եղած ողջ ռեսուրսները կսպառվեն, կունենանք հազարավոր սովամահության դեպքեր ու նորից կանգնել այդ 2 ծայրահեղ ընտրությունների առաջ, եթե, իհարկե, այդ հազարավոր զոհերը չազդեին խոշոր դերակատարների դիրքորոշումների և գործնական քայլերի վրա, իսկ դրա հավանականությունը, մեղմ ասած, այդքան էլ մեծ չէ։ 

- Արախի նորընտիր նախագահի փաստը կազդի՞ իրավիճակի վրա։

-Ցավով պետք է արձանագրենք, որ դերակատարների փոփոխությունը որևէ կերպ չի կարող դրական ազդեցություն ունենալ ձևավորված աշխարհաքաղաքական իրողությունների վրա։ Այնուամենայնիվ հույս ունեմ, որ մեզ կհաջողվի պրագմատիկ և հաշվարկված քայլերի արդյունքում խուսափել վատթարագույն հետևանքներից։ 

-Ակնայի ճանապարհով ռուսական մեկ բեռնատար մտավ, ո՞րն էր ռուսական կողմի նպատակը։ 

-Նախքան Աղդամի ճանապարհով ռուսական հումանիտար օգնության ընդունման մասին որոշումը մի քանի անգամ խոսել եմ դրա հնարավոր բացասական հետեւանքների մասին` նշելով, որ իրատեսական չեմ համարում Աղդամի ճանապարհի բացման փոխարեն Լաչինի միջանցքի վերագործարկման սպասումները, եթե, իհարկե, վերագործարկման տրամաբանությունը ենթադրում է մինչ դեկտեմբերի 12-ը գոյություն ունեցած կարգավիճակը։ 

-Ռուսական կողմը հնարավորություն ունի՞ բացելու Բերձորի միջանցքը։ 

- Հնարավոր է որոշ ժամանակով Ադրբեջանը թույլատրի ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿԽՄԿ-ի միջոցով բեռների տեղափոխումը ՀՀ-ից, բայց Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետը չի ապամոնտաժվելու, ուստի այնտեղով հայերի անցուդարձը խիստ վտանգված է լինելու։ Պետք է նշեմ նաեւ, որ Ադրբեջանի նպատակը ամենևին էլ ինտեգրումը չէ, այլ Արցախի տոտալ հայաթափումը, իսկ ինտեգրման օրակարգը դրան հասնելու միակ լեգիտիմ միջոցն է։ Բաքվում շատ լավ են հասկանում, որ 21-րդ դարում միջազգային հանրությունը չի կարող արցախահայությանը իր պատմական հայրենիքը լքելու որեւէ լեգիտիմ պահանջ ներկայացնել, կամ պաշտպանել իր կողմից ներկայացված նման պահանջը, ուստի Ադրբեջանը առաջ է բերում ինտեգրման օրակարգը, որը աջակցվում է միջազգային հանրության կողմից: Գործնականում դա հանգեցնելու է ուղղակի կամ անուղղակի ցեղասպանության։ Ճակատագրական և բախտորոշ իրավիճակում ենք գտնվում, Արցախը կանգնած է ծանր ընտրության առաջ և դա ամենևին էլ ընտրություն չէ լավի ու վատի միջև, մեզ պարտադրվող ընտրությունը ծայրահեղությունների միջև է, իսկ պարտադրողը ոչ թե միայն Ադրբեջանն է, այլ միջազգային ողջ հանրությունը, այդ թվում նաև նոյեմբերի 9-ի համաձայնագրով Բերձորի միջանցքի անձեռնամխելիության երաշխավոր Ռուսաստանի Դաշնությունը։