Ովքեր են մեր հարևանները, բարեկամները, դաշնակիցները եւ թշնամիները

Ովքեր են մեր հարևանները, բարեկամները, դաշնակիցները եւ թշնամիները

Սա Արցախի քարտեզն է։ Դեղինը մերօրյա Արցախն է` այն, ինչ մնացել է 2020 թ. Նիկոլի պայմանավորված պատերազմից հետո։ Հիմա այս քարտեզի վրա համառոտ քննարկենք, թե որտեղ ենք գտնվում, ովքեր են մեր հարևանները, բարեկամները, դաշնակիցները, թշնամիները։ 

1. Գտնվում ենք, գերագույն չարիքի ասած` Ադրբեջանի տարածքային ամբողջականության մեջ` չորս կողմից շրջապատված թշնամիներով, իսկ Հայաստանի ու ընդհանրապես արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհ-միջանցքը փակված է Ադրբեջանի կողմից, ու արդեն 277 օր է Արցախը պաշարման մեջ է։ Ինչպես քարտեզից երևում է, դեղին գույնով նշված ներկայիս Արցախը Ադրբեջանից բացի սահմանակից ոչ մի հարևան չունի։

2. Սկսենք աջից կամ արևմուտքից։ Այստեղ Հայաստանի Հանրապետությունն է, մեր հայրենակիցները, պատմական Մեծ Հայքից մնացած փոքրիկ մի տարածք, որին 1988-ին ուզում էինք միանալ, բայց այդ ժամանակվա և հետագա բոլոր իշխանությունները դեմ էին միացմանը, ու երբ բազմաթիվ հանդիպումներից, քննարկումներից հետո այն ժամանակվա ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հասկացրեց, որ ԽՍՀՄ փլուզման արդյունքում Հայաստանն անկախություն է հռչակելու Հայկական ԽՍՀ սահմաններով, Արցախը ստիպված եղավ անկախ պետականություն ընտրել` անկախություն հռչակել։ Այդ ժամանակվա և հետագա ոչ մի ՀՀ նախագահ ոչ ցանկություն ունեցավ տեր կանգնել 1989 թ. դեկտեմբերին ստորագրված Հայկական ԽՍՀ և Արցախի միավորման պայմանագրին, ոչ էլ 30 տարում ճանաչեց Արցախի անկախությունը։ 2018 թ. իշխանության գալով, Նիկոլը մսխեց ՀՀ պետականությունը` քանդելով, ավերելով շատ թե քիչ գործող ոլորտները, ապա բնակչության լուռ համաձայնությամբ, Արցախի 75 տոկոսը հանձնեց եւ մոտ մի տարի առաջ դեղինով նշված Արցախից մնացած այդ մի բուռ տարածքը հանձնեց թշնամուն։ Մանրամասների մեջ չեմ մտնում։ Նորմալ բանական մարդիկ այն գիտեն։

3. Հայաստանից ցած, հարավ-արևմուտքում Թուրքիան է, որն ԱՄՆ-ից հետո աշխարհի այն եզակի երկիրն է, որ թքած ունի բոլորի` նույն այդ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, եվրոպաների, իսրայելների ու ողջ աշխարհի վրա, և անում է այն, ինչ ինքն է ցանկանում։ Այդ երկրի վերաբերմունքը հայերիս, Հայաստանի հանդեպ յուրաքանչյուր նորմալ մարդու համար պարզ է` ցանկացած ձևով վերացնել, որովհետև սեպի պես «ոտատակ ընկած», խանգարում ենք մեծ Թուրանի կերտմանը։

4. Հյուսիսում Վրաստանն է` իր հակառուսականությամբ ու արդեն աստիճանաբար Թուրքիայի առաջ դռները բացելու ճանապարհին է։ Նրա նախկին Աջարիա հատվածն արդեն փաստորեն թուրքացել է։ Հայերիս, Արցախի հանդեպ այս երկրի դիրքորոշումը հայտնի է։ Այն պարզ երևաց նաև 44-օրյա պատերազմի ժամանակ։

5. Հարավում մեր ոչ անմիջական հարևանը Իրանն է։ Դեռևս նախկին ԼՂՀ ընդարձակ սահմանների ժամանակ անգամ Իրանը զգուշավոր վերաբերմունք ուներ Արցախի հանդեպ, քանի որ Ադրբեջանն իր ախոյան Թուրքիայի ջերմ դաշնակիցն է, բացի դրանից, Իրանի հյուսիսը բնակեցված է, այսպես ասած, հարավային ադրբեջանցիներով։ Այդ տարիներին ու հատկապես վերջերս էլ Իրանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Իրանն այլ վերաբերմունք ունի Սյունիքի հարցում, որովհետև Սյունիքի միջոցով է հյուսիսից կապվում եվրոպական երկրների հետ։ Նաև Իրանը հասկանում է, որ Սյունիքի կորուստը կանաչ լույս է դեպի Թուրանի ստեղծում։

6. Մնաց շատ թե քիչ մեզ մոտ, բայց Հայաստանի ու Արցախի հետ ոչ սահմանակից հյուսիսային հարևանը` Ռուսաստանը։ Չեմ ուզում երկարացնել` 1813 թ. Արցախի խանության միացում Ռուսաստանին, հետո խորհրդային տարիներ, Արցախի նվիրում նորաստեղծ Ադրբեջան պետությանը և այլն։ Ռուսաստանը մեր տարածաշրջանում է այսօր իր շահերից ելնելով, ոչ թե հատուկ մեզ պաշտպանելու համար։ Այլ հարց է, որ նրա շահերն այս հարցում համընկնում են մերի հետ։ Մեզ համար հատկապես այսօր այդ երկիրը միակն է, որ շատ թե քիչ ապահովում է արցախցիների ֆիզիկական գոյությունը։ Որպես խաղաղապահներ, կիսատ-պռատ են կատարում իրենց պարտականությունները, բայց անում են այն, ինչ և որքան կարող են, որովհետև Ուկրաինայում կռվում են Ամերիկայի ու գրեթե ողջ Եվրոպայի դեմ։ Եվ այստեղ, մեր տարածաշրջանում ամեն կերպ ձգտում են խուսափել նոր ճակատ բացվելուց։ Իսկ ՀՀ-ում Նիկոլի, նրա կողակցի, նրա իշխանական շրջապատի վերջին դեմարշները Ռուսաստանի հանդեպ պարզ ցույց տվեցին, որ վերջինս շատ հանգիստ կարող է դուռը շրխկացնել ու ասել` դե, բարեկամություն արեք ձեր թշնամու հետ, մենք գնացինք... Թե դրանից հետո ինչ է լինելու Արցախում, միայն ապուշը կարող է չպատկերացնել...

7. Ամերիկաներ, ֆրանսիա, Եվրոպա, ՄԱԿ-ի խաղաղապահներ և այլն։ Նորմալ, բանական մարդիկ պատմությունից ու մերօրյա տասնյակ ու նաև թարմ իրադարձություններից հրաշալի գիտեն, որ մենք սրանց պետք ենք այնքանով, որ ռուսներին քշենք այստեղից։ Բոլորս գիտենք նաև, որ մեր ողբերգությունների դեպքում սրանք ջերմ ու հրաշալի կարողանում են ցավակցել մեզ, մեզ բարոյական աջակցություն են ցույց տալիս, մեր հակառակորդին` նյութական ու ռազմական և այլն։ Ու ահա այս իրավիճակում մենք ունենք շրջափակված, պաշարված Արցախ ու, ակնհայտ երևում է` բացարձակապես ոչ մի դաշնակից։ Եվ մեզ համար հարցերի հարցն է` ի՞նչ է մեզ սպասվում ու ի՞նչ կարող ենք անել, որ գոնե կարողանանք պաշտպանել ու փրկել արցախցիներին։ 

Վարդգես Օվյան