Նույնիսկ առաջին Հանրապետության հայրերին են «սրբագրում»

Նույնիսկ առաջին Հանրապետության հայրերին են «սրբագրում»

Հանրակրթական դպրոցի 12-րդ՝ ավարտական, դասարանի հումանիտար հոսքի պատմության դասագրքում կարդում ենք, որ Անդրկովկասյան կառավարությունը 1918թ. գարնանը չէր ցանկանում կազմակերպել երկրամասի պաշտպանությունը, թուրքական արշավանքի դեմ հայերը մնացել էին մենակ, որովհետեւ վրացիները գերմանացիների հետ գաղտնի քննարկում էին իրենց անկախության հարցը, իսկ կովկասյան թաթարները՝ սրտատրոփ սպասում թուրքերի գալուն: Մայիսի 26-ին վրացիների նախաձեռնությամբ կայանում է Սեյմի վերջին նիստը, որով Անդրկովկասի դաշնային հանրապետությունը հայտարարվում է լուծարված: Մի քանի ժամ հետո հռչակվում է Վրաստանի անկախությունը: Կարծես թե ամեն ինչ իրականությանը մոտ է ներկայացվում:

Մի բացառությամբ. դասագրքի հեղինակները նպատակահարմար չեն գտել արդեն 18 տարեկան՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող, հասուն մարդկանց ասել, որ Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը մինչեւ վերջ  դեմ էր Ռուսաստանից Անդրկովկասի անջատմանը եւ երեք անկախ պետությունների՝ Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի, հռչակմանը: Որ դեռեւս 1917թ. տարեվերջին տեղի էին ունեցել բոլշեւիկա-դաշնակցական բանակցություններ, որով ՀՅԴ-ն պարտավորված էր զինական եւ ամեն տեսակի աջակցություն ցուցաբերել Բաքվում խորհրդային կարգեր հռչակած Ստեփան Շահումյանին՝ պայմանով, որ վերջինս թույլ չպիտի տար ռուսական զորքերի հեռացումն Արեւմտյան Հայաստանից: Ու թեեւ բոլշեւիկները դրժել էին պայմանը, ռուսական զորքերը զանգվածաբար հեռանում էին՝ մերկացնելով Տրապիզոնից մինչեւ Վան ձգվող ճակատային գիծը, Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը դեռեւս հույս էր պահում, որ Ռուսաստանը մի օր կփոխի քաղաքական գիծը, պատերազմ կհայտարարի Թուրքիային եւ իրականություն կդառնա ազատ, անկախ, միացեալ Հայաստանի երազանքը: Լավ, դա  կարելի է ոչ միայն ներելի, այլեւ արդարացված համարել:

Ամեն ինչ մինչեւ վերջ պարզ չէ, վիճելի պահերն ավելի շատ են: Մեր շարադրածն ընդամենը վարկածներից մեկն է: Դասագրքի հեղինակները հարկ չեն համարել ծանրաբեռնել աշակերտներին: Նույնիսկ՝ հումանիտար հոսքի, թողել են, որ ապագա պատմաբանին այդ մասին, ընդ որում՝ այլ տեսակետներով հանդերձ, ասեն արդեն համալսարանում: Ինքը՝ որպես ասպիրանտ, մղվի լրացուցիչ հետազոտության: Մի խոսքով, հիմք են ընդունել «կմեծանաս՝ կիմանաս» սկզբունքը: Բայց ի՞նչ ասել դասագրքի այն պնդման մասին, թե Վրաստանի անկախության հռչակումից հետո Հայոց Ազգային խորհուրդն իրեն հայտարարում է Անդրկովկասի հայաբնակ գավառների միակ իշխանություն: Այն դեպքում, երբ հանրահայտ իրողություն է, որ նման բովանդակությամբ հայտարարություն Ազգային խորհուրդն արել է միայն մայիսի 30-ին: Իսկ մայիսի 28-ը Հայաստանի անկախության օր է համարվում, որովհետեւ այդ օրն է Ազգային խորհուրդը լիազորել Քաջազնունուն, Խատիսովին եւ Պապաջանովին թուրքերի հետ բանակցություններ սկսել հանուն Հայաստանի:

Այս պատմական իրողությունը հաստատում են առաջին Հանրապետության երեք վարչապետները՝ Հովհաննես Քաջազնունին, Ալեքսանդր Խատիսովը եւ Սիմոն Վրացյանը: Փաստն արձանագրում են բոլոր հուշագրողները: Եւ այս համապատկերին՝ դասագրքային այդ ակնհայտ խեղաթյուրումը: Ինչու՞: Ինչպես Երեւանում են ասում՝ իմմմմա՞ստը: Չի կարելի պատմական իրողությունը «սրբագրել»: Մանավանդ որ այն արձանագրված է առաջին Հանրապետության «հայրերի» ստույգ վկայաբերումներով: Ա՞յս դասագրքի համար են ճակատ տալիս ԵՊՀ պատմության ֆակուլտետը, ԳԱԱ Պատմության ինստիտուտը: Միայն այս սկզբունքային խեղաթյուրումը/նենգափոխումը բավական է, որպեսզի այն գիտական տեսակետից որակվի «խոտան»: