Նիկոլն ու իր Հադին, Հյուդին, Չատին, Մատին․․․

Նիկոլն ու իր Հադին, Հյուդին, Չատին, Մատին․․․

Հինգ տարի է՝ իշխանությունը թալանածը հետ է բերում։ Էլ ԱԱԾ, էլ ոստիկանություն,  «բոլորը խոդի է դրել»՝ բերում, հա՜ բերում են , բայց ոչ բերածն ենք տեսնում, ոչ  թալանողին։ Թումանյանի «Սուտլիկ որսկանը»  իսկը սրանց համար է։ Հադին, Հյուդին, Չատին, Մատին  թրով- թվանքով որսի դուրս եկան, որ թալանը բերեն։ 
- Հադի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
Թե՝ թվանք չունեմ։
- Հյուդի՛, տո՛ւր հա, տո՛ւր։
- Ես էլ չունեմ։
- Չատի․․․ Մատի․․․
- Մենք էլ չունենք։
- Բա ի՞նչ անենք․․․

Վերջը մի բադ որսացին, որ բերեն սոված ժողովուրդը ուտի։ Նիկոլն է հեքիաթը պատմում․ 

«Մորթեցի, վեր գցեցի, բադ մի ասիլ, մի գոմեշ ասա։ Հադին շալակեց, չկարաց, Հյուդին շալակեց, չկարաց, Չատին չկարաց, Մատին չկարաց, հերս էլ չկարաց, ես շալակեցի։ Շալակեցի, գնացինք։
Գնացինք, գնացինք, հասանք մի տեղ, մին էլ տեսնենք երեք գեղ, երկուսի տեղն իսկի չի երևում, մնումն էլ իսկի շենլիկ չկա։ Էս անշեն գեղում դես ման եկանք, դեն ման եկանք, մի տուն գտանք, մեջը՝ երեք պառավ, երկուսը՝ մեռած, մնի բերնումն էլ շունչ չկա։
-Տղերք,- ասինք,- եկեք բադով փլավ անենք։

Էս անշունչ պառավը գնաց դես ման եկավ, դեն ման եկավ, կես բրինձ գտավ, երեք պղինձ, երկուսը՝ ծակ, մինն էլ իսկի տակ չունի։
Զուրը լցրինք էս անտակ պղինձը, մեջը ածինք բադն ու բրինձը, անկրակ եփեցինք։ Եփեց, եփեց, միսն ու բրինձը գնացին, մնաց ջուրը։

Սոված մարդի՜կ, վրա եկան, կերա՜ն, կերա՜ն․ ոչ աչքերը բան տեսավ, ոչ բերանները բան մտավ »  ։
Հիմա Նիկոլն է։ Իր Հադի, Հյուդի, Չատի, Մատի- ով հինգ տարի է «թալանչի, գող է  բռնում, որ սոված ժողովրդի փորը կշտացնի, սիրտը հովացնի։ Թե բռնածին «ոնց է քերթում» մենակ ինքը գիտի։ « Քերթում» ու քերթածը իզ ու թոզով իր անհատակ կաթսան է լցնում։  Լցնում, լցնում ու ոչ կաթսան է լցվում, ոչ էլ ժողովրդի աչքն է մի բան տեսնում։
Ժամանակին ԱԺ պատգամավոր Սեյրան Սարոյանին հարցնում են․  
-Սեյրան, ԱԱԾ-ից քեզ ստուգելու չեն եկե՞լ։
-Ի՜,- դժգոհում է գեներալը,- ինչքան ստուգում են, - բայց էլի նույննա, ոտերս բեսամթ կցավան․․․