Արցախում խնդիրներ չկա՞ն

Արցախում խնդիրներ չկա՞ն

Մայիսի 30-ին Արցախի ԱԺ լիագումար նիստի ավարտին հայտարարությամբ հանդես են եկել «Դաշնակցություն» եւ «Ժողովրդավարության» խմբակցությունները: Երկու դեպքում էլ գործ ունենք վերամբարձ, առարկայորեն ոչինչ չասող տեքստերի հետ, որոնք  «ազգային միասնության» կոչ են հղում չգիտես ում:

Արցախում ներքաղաքական խմորումների շրջան է, ոչ պաշտոնապես տրված է նախագահական ընտրապայքարի մեկնարկը: Որոշակի խնդիրներ են ի հայտ գալիս Հայաստան-Արցախ հարաբերություններում: Այս իրավիճակում ի՞նչ միասնության մասին է խոսքը` «Դաշնակցության» եւ «Ժողովրդավարության» հայտարարություններից չի հասկացվում: Անցյալ դեկտեմբերին Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը քվեարկեց բարեփոխումների, նորացման ուղեգծի օգտին: Արդյոք հենց դրա՞ շուրջ չպետք է կայանա ազգային միասնությունը: Այդ մասին Արցախի ԱԺ երկու խմբակցությունները ոչինչ չեն ասում: Ավելին, նրանց տարածած հայտարարությունների տողատակերում հասկացվում է հայաստանյան քաղաքական իրողություններից վատ թաքցված դժգոհություն: Նրանք շրջանցում են Արցախի քաղաքական անցուդարձը, չնկատելու տալիս ակնհայտ երեւույթներ, որոնք չափազանց անհանգստացնում են այն իմաստով, որ հակադրվում են Հայաստանի որդեգրած ուղեգծին:

Հայաստանում իշխանափոխությունից անցել է մեկ տարի: Այդ ընթացքում արցախյան հիշյալ քաղաքական ուժերն այդպես էլ հստակ տեսակետ չեն արտահայտել` կիսո՞ւմ են նոր արժեքները,  պատրա՞ստ են բարեփոխումներ նախաձեռնել նաեւ Արցախում: Ավելին, վերջերս Երեւանում ՀՅԴ կազմակերպած «դեղին քարտերի» հանրահավաքին իրենց մասնակցությունն էին տարել նաեւ մեծ թվով արցախցի դաշնակցականներ` ԱԺ փոխնախագահի գլխավորությամբ; «Ժողովրդավարություն» խմբակցության հայտարարության մեջ անվերապահ աջակցություն է հայտնվում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Ըստ էության` «դեղին քարտերի» հանրահավաքին: Ա”յս միասնության կոչ են անում «Դաշանակցությունը» եւ «Ժողովրդավարությունը»:

Բայց արցախյան քաղաքական ուժերի ի՞նչ խնդիրն է` ներգրավվելու Հայաստանում իշխանություն-ընդդիմություն հակադրությանը: Արցախում խնդիրներ չկա՞ն: