Ինչո՞ւ են ՏԻՄ ընտրություններին մասնակցելը համարում անիմաստ

Ինչո՞ւ են ՏԻՄ ընտրություններին մասնակցելը համարում անիմաստ

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ հունիսի 9-ին Հայաստանի մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցում են հիմնականում անկուսակցական թեկնածուներ, քչաթիվ ՔՊ-ականներ, մեկ-երկու համայնքներում էլ ինքնաառաջադրվել են նաեւ թեկնածուներ ՀՅԴ-ից եւ «Բարգավաճ Հայաստան»-ից։

Նախկինում ընդդիմադիր, իսկ մեկ տարի  արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրա հեղափոխությանն աջակցած «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանից հետաքրքրվեցինք, թե ինչու ոչ մի համայնքում չեն առաջադրել համայնքի ղեկավարի թեկնածու։
«Լուրջ խնդիրներ կան։ Եթե հիշում եք՝ նախորդ ռեժիմի ժամանակ, վերջին տարիներին, ոչ մի քաղաքական ընդդիմադիր ուժ չէր մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Անիմաստ էր դարձել, որովհետեւ ամեն ինչ կանխորոշված էր վարչական ռեսուրսների եւ փողի միջոցով։ Հիմա էլ հեղափոխական էյֆորիան շատ բարձր է, եւ ժողովուրդը իներցիայով իր քվեն տալիս է Նիկոլ Փաշինյանին։ Եվ այդ դեպքում էլ դարձյալ մասնակցությունը դառնում է անիմաստ»,- ասաց Պետրոս Մակեյանը։

Մակեյանը հիշեցնում է, որ ինքը քանիցս հրապարակային դիմել է Նիկոլ Փաշինյանին, հայտարարել, որ պետք է կայացնել քաղաքական դաշտը, հակառակ դեպքում՝ մենք հայտնվում ենք նույն շրջապտույտում, մնում է նախորդ ռեժիմի օրոք ձեւավորված կեղծ քաղաքական դաշտը։
«Հիմա քաղաքական դաշտը ցինիզմով, զոռբայությամբ նվաճած ՀՀԿ-ն դուրս է մղվել, եկել է ժողովրդի աջակցությունը վայելող Նիկոլ Փաշինյանը»,- նշեց մեր զրուցակիցը։

Ինչ վերաբերում է անկուսակցական թեկնածուների առատությանը, ապա Մակեյանը հիշեցնում է, որ նրանք նախկին ռեժիմի թեկնածուներն են, որոնք չեն կարող ՀՀԿ-ից անցում կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, բարդ է, դրա համար էլ նախընտրում են ներկայանալ որպես անկուսակցական։ Իսկ այդ կերպ էլ նրանք աջակցում են նախկին ռեժիմին։

«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Նորայր Եղիազարյանը, մեր հարցին ի պատասխան, արձագանքեց, որ քաղխորհրդի նիստում ընդհանրապես չեն քննարկել ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հարցը։