Գնդակը հիմա իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի դաշտում է

Գնդակը հիմա իրենց ընդդիմադիր հռչակած ուժերի դաշտում է

Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքում անցողիկ շեմը հաղթահարեց հինգ ուժ` ՔՊ (32.57%) ձայն, «Ազգային առաջընթաց» կուսակցություն (18.89%) ձայն, «Մայր Հայաստան» դաշինք (15.43%) ձայն, «Հանրապետություն» (11.32%): Վարդան Ղուկասյանի` Դոգի կուսակցությունը հավաքել է ավելի քան 9.68%, ինչն, անխոս, անսպասելի էր ու տարակուսելի: Որքան էլ զարմանալի թվա՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը չհաղթահարեց անցողիկ շեմը և չի անցել ավագանու կազմ: Մանե Թանդիլյանը հավաքել է 3.64% ձայն: Գաղտնիք չէ, որ ՔՊ-ն և Արտակ Զեյնալյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը կոալիցիա են կազմելու, քանի որ իշխող թիմը ստացել է սպասվածից ցածր քվեներ, իսկ ահա երեք ընդդիմադիր ուժերը` Մարությանը, Թևանյանը և Դոգի թիմը կարող են կոալիցիա կազմել ու հաղթել ՔՊ-ին: Վարդան Ղուկասյանն այսօր ուղիղ եթերում առաջարկությամբ հանդես եկավ, նշելով, որ կոալիցիա կկազմի Մարությանի և Թևանյանի հետ՝ քաղաքապետի պաշտոնը զիջելով նրանց, բայց մի պայմանով` ինքը պետք է վերահսկի Երևանի քաղաքապետարանի գործառույթները: Այս և այլ հարցերի շուրջ «Հրապարակը» զրուցել է «Հանրային ձայն» կուսակցության ընտրացուցակի երկրորդ համար Տիգրան Ուրիխանյանի հետ: 

- Պարոն Ուրիխանյան, ձեր թիմի արձանագրած արդյունքներից գո՞հ եք:

- Գոհ կլինեինք, եթե ՔՊ-ն 0,0 տոկոս լիներ, հետևաբար ակնհայտ է իմ պատասխանը:

- Կարծում եք՝ ՔՊ-ն վատագո՞ւյնն է այս բոլոր ուժերի մեջ, իսկ ինչպե՞ս ստացավ 32 տոկոս ձայն:

- ՔՊ-ն, օգտագործելով ողջ հնարավոր և անհնարին վարչական ռեսուրսները, մեծ փողեր, ապօրինություններ, անգամ անտրամաբանական ճնշումներ, փողոցային հավաքի ժամանակ հավաքեց 3000-ից ավելի մարդ` ընդամենը: Անգամ «բերման ենթարկված» հնդիկները չկարողացան փրկել իրավիճակը: Այդտեղից արդեն ամեն ինչ պարզ դարձավ: Նիկոլը կնքեց իր մահկանացուն այս ընտրություններով: Փաստը սա է: Մեր առաջնային ծրագրերից մեկն այն է, որ տեղի ունենա իշխանափոխություն, այն կարող է սկսվել Երևանից: Գնդակը հիմա իրենց ընդդիմադիր հռչակած մյուս ուժերի դաշտում է: ՔՊ-ն կարող է զրկվել Երևանի կառավարումից: Սա քաղաքական նշանակության տեսանկյունից կարևոր է: Իրենց ընդդիմադիր հռչակած ուժերն արդեն իսկ մեր առաջարկը ստացել են և եթե չհամաձայնեն, ժողովրդին լկտի ձևով կխաբեն:

- Գուցե ընդդիմադիր են, բայց ձեր թիմի հետ չեն ցանկանում ճանապարհ անցնել:

- ՔՊ-ն հետևաբար կանցնի:

- Այսինքն` ՔՊ-ին հեռացնելն ինքնանպատա՞կ է:

- Ինձ համար անձամբ գերնպատակ է:

- Իսկ եթե ՔՊ-ին հեռացնելով գալիս է ՔՊ-ից ավելի վատը՝ այնպես, ինչպես եղավ 2018 թվականին.․․

- Սերժին պետք է հարցնել, թե ինչու իրենից վատին բերեց: ՔՊ- ն պետք է կառավարման դաշտից հեռացվի: Նրանք պետք է պատասխան տան իրենց կատարած ծանր հանցագործությունների համար, իսկ թե հաջորդիվ ով կգա, կարևոր չէ: Էլի հանցագործություն կանի, նույն ձևով կդատապարտվի: Այդքան բան: Հիմա Հայկ Մարությանն ու Թևանյանն իրենց ընդդիմադիր են համարում, թող միավորվեն: Ո՞րն է ընդդիմության նպատակը` իշխանափոխությունը:

- Տեղյա՞կ եք` Վարդան Ղուկասյանն անձամբ խոսե՞լ է Մարությանի և Թևանյանի հետ:

- Ոչ: Հրապարակավ առաջարկել է:

- Մի շրջան կար, որ Ձեր դեմ գործ էին հարուցել, հետո այդ գործը կարճվեց…. Այժմ Դուք Հայաստանում չեք: Պատրաստվո՞ւմ եք Հայաստան վերադառնալ` մասնակցել ավագանու նիստներին, մանդատը վերցնել, քաղաքապետի ընտրությանը մասնակցել։

- Այո, ինչի չէ, Նիկոլ Փաշինյանը կարող է ելումուտ անել, ես՝ ո՞չ: Երկրում չեմ, բայց գալիս ու գնում եմ: Նիկոլ Փաշինյանն էլ այն օրը Գերմանիայում էր: Դուք ինքներդ էլ գրել եք, որ իմ դեմ հարուցված գործերը կարճվել են, այնպես որ ես կարող եմ՝ երբ ուզեմ գամ Հայաստան: Երբեք իմ Հայաստան գալը խնդիր չի եղել: Երբ ցանկացել, եկել եմ: