Պատրաստվում ենք պատերազմի երկրորդ փուլին․ Դավիթ Մկրտչյան 

Պատրաստվում ենք պատերազմի երկրորդ փուլին․ Դավիթ Մկրտչյան 

Մենք կապվեցինք Ուկրաինայում հայերի միության փոխնախագահ Դավիթ Մկրտչյանի հետ եւ հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակ է այնտեղ, ինչ են անում մեր հայրենակիցները։ «Կիևում այսօր համեմատաբար խախանդ է։ Տասը օր է, ինչ կրակոցներ չկան։ Կյանքը վերադառնում է իր հունի մեջ։ Բացվել են փակված խանութները, դեղատները, ռեստորանները, վարսավիրանոցները։ Կիևի քաղաքապետի խոսքով, տրանսպորտի 50 տոկոսն արդեն իսկ աշխատում է։ Բայց, իհարկե, ժամի խնդիր կա։ Մետրոն աշխատում է ժամը մեկ, տրամվայները՝ կես ժամը մեկ, անկանոն են աշխատում ավտոբուսները։ Քաղաքում կա հոսանք, գազ, ջուր։ Չկա սննդամթերքի և դեղորայքի խնդիր»,- մեզ հետ զրույցում ասաց Մկրտչյանը։ 

Նրա խոսքով, Ուկրաինայի հայերի միությունը, շարունակում է հումանիտար օգնություն հատկացնել փախստականներին, կարիքավորներին։ «Բոլոր համայնքներն այսօր աշխատում են, և շարունակում են ընդունել փախստականների՝ թե Մարիուպոլից, թե Դոնբասից, թե Խարկովից։ Շարունակում ենք առաջին ապաստարան և օգնություն տրամադրել վտանգավոր գոտիներից դուրս եկած մարդկանց։ Մի քիչ վերականգնվում են, շարունակում են իրենց երթը ավելի ապահով գոտիներ, մարզեր, դեպի Արևմուտք։ Ուկրաինայից մարդիկ դեռ դուրս են գալիս։ Ճիշտ է՝ նվազել է այդ հոսքը, սակայն դուրս են գալիս։ Քանի որ նույն Կիևում, Չեռնիգովում, Սումիում համեմատաբար խախանդ է, թշնամին դուրս է եկել այս հատվածներից, այնուամենայնիվ, մարդկանց մի մասը դուրս է գալիս դեպի Եվրոպա»,- ասաց Հայերի միության փոխնախագահը։ 

Դավիթ Մկրտչյանի խոսքով, չնայած նրան, որ Կիևի քաղաքապետ Կլիչկոն կոչ էր արել, որ դեռ վտանգավոր է, չվերադառնան Կիև, բայց շատ մարդիկ վերադարձել են։ «Մարդկանց վերադարձը նկատելի է մայրաքաղաքում։ Այսօր Կիևի փողոցներում խցանումներ են առաջանում։ Այդ պատճառով նախկինում տեղադրված անցակետերը հավաքում են, որպեսզի խցանումները քչանան։ Ամեն դեպքում, ես էլ եմ կարծում, որ դեռ վաղ է, որ վերադառնան քաղաք, որովհետև ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի հետագայում՝ քաղաքը կհրթիռակոծեն, կռմբակոծեն։ Ոչ ոք չի կարող ոչինչ հստակ ասել։ Ծանր գոտիներ մնում են՝ Խարկովն ու Մարիուպոլը։ Դոնբասում կուտակված են մեծ ուժեր՝ թե Ուկրաինայի, թե թշնամու կողմից։ Լրատվամիջոցներից տեղեկանում ենք, որ սպասվում է մեծ ճակատամարտ։ Թշնամու մեծ ուժեր են այնտեղ տեղակայված։ Տա Աստված, այդպիսի բան չլինի։ Բայց պետությունը պատրաստված է և պատրաստվում է։ Մենք էլ բոլոր տեղերում պատրաստվում ենք երկրորդ փուլի։ Եվ պատրաստ ենք, երբ պետք լինի օգնել մարդկանց՝ տեղահանվել և տեղավորվել ապաստարաններում»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։