Կառավարությունն արտոնություն տվեց Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը

Կառավարությունն արտոնություն տվեց Խաչատուր Սուքիասյանի ընկերությանը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց արտոնություն տրամադրել «ՍԻԼ-ՄԱԱԶԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը։ Արտոնութունը վերաբերում է ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2019 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգելուն՝ ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված 3 տարի ժամկետով:

Նշենք, որ «ՍԻԼ-ՄԱԱԶԱ»  ընկերությունը, որը զբաղվում է հյութերի, զովացուցիչ ըմպելիքների և ջրերի (նաև գազավորված) արտադրությամբ, պատկանում է գործարար, «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Խաչատուր Սուքիասյանին։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 118,945,000 դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 25.9 մլն դրամ։ 

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 17 նոր աշխատատեղ` 160-170 հազ․ դրամ միջին աշխատավարձով: