Մանդատային արտառոց զարգացումներ

Մանդատային արտառոց զարգացումներ

Պատգամավորական մանդատը, բնականաբար, արժեք ունի, որը տարբեր իրավիճակներում՝ քաղաքական տարբեր «բորսաներում» կարող է փոփոխությունների ենթարկվել՝ արժեւորվել կամ արժեզրկվել, եւ կշիռ, որ կարող է ծանրանալ կամ թեթեւանալ։  

Երբ 2019 թվականի մայիս ամսին՝ պատգամավոր դառնալուց շուրջ կես տարի անց, պատգամավորական մանդատը վայր դրեց Էդգար Առաքելյանը՝ քաղաքական գործունեությունից հեռանալու եւ իր նախընտրած՝ ՏՏ ոլորտ վերադառնալու պատճառաբանությամբ, պատգամավորական մանդատի արժեքը, որ նաեւ իշխանական մանդատ էր, նկատելի բարձրացավ։ Խոսքը, բնականաբար, ոչ թե իշխանական մանդատների մասին է՝ ընդհանրապես, այլ կոնկրետ այս դեպքի։ Սա այս գումարման խորհրդարանի պատգամավորի կողմից մանդատը վայր դնելու թերեւս առաջին դեպքերից էր, որը որոշակի հարգանք ձեւավորեց վայր դնողի անձի, ապա նաեւ՝ վայր դրված մանդատի նկատմամբ․ վերջինիս քաղաքական եւ բարոյական արժեւորումը՝ պայմանավորված վայր դրված լինելու հանգամանքով, ակնհայտ էր։ 

Պատգամավորական մանդատի արժեքային ծանրակշռության առումով նկատելի քայլ էր հետագայում իմքայլական պատգամավորներից Արսեն Ջուլֆալակյանի հրաժարումը մանդատից։ Սակայն երկրում շուտով ստեղծվեց իրավիճակ՝ պայմանավորված տանուլ տրված պատերազմով եւ հատկապես նոյեմբերի 10-ի ամոթալի կապիտուլյացիայով, երբ իշխող քաղաքական ուժի մանդատները ենթարկվեցին աննախադեպ արժեզրկման՝ ամոթալի անկում գրանցելով քաղաքական եւ բարոյական  կշռի առումով։ Իսկ արժեզրկման գլխավոր մեղավորը, բնականաբար, «մանդատատու հայրն» էր, որը, ինչպես ժամանակը պարզեց, մանդատները բաժանել էր հավատարմության ակնկալիքով մանդատավորներին ընդմիշտ հլու-հպատակ դարձնելու նպատակով եւ նրանց այդ հատկանիշներն ի սկզբանե գնահատելով։ 

Արդ, հետպատերազմական ծանրագույն այս մթնոլորտում սկսվել է մի փուլ, երբ իշխանական մանդատներն արժեւորվելու ընդամենը մեկ՝ եզակի հնարավորություն ունեն՝ երբ վայր են դրվում։  

Իմ անձնական ընկալմամբ՝ այս պահին իշխանական խմբակցության մանդատներից ամենածանրակշիռը Գայանե Աբրահամյանի վայր դրված մանդատն է։ Որոշակի կշիռ ունի նաեւ Թագուհի Թովմասյանի՝ իշխող քաղաքական ուժից այլեւս ձերբազատված լինելու որոշումը, խմբակցությունից դուրս գալու մասին։ Իսկ Լուսինե Բադալյանի թեական-ռոմանտիկ սեթեւեթանքները՝ մանդատը վայր դնել-չդնելու շուրջ, ավելին չեն, քան դրա յուրօրինակ արժեզրկումը։ Մանդատների արժեզրկման գործընթացը, սակայն, շարունակվում է՝ ստանալով նաեւ  արտառոց դրսեւորումներ։ 

 Ահավասիկ, պատգամավորական մանդատը վայր է դրել իմքայլական Վարազդատ Կարապետյանը։ Սա շատ ուշագրավ որոշում է։ Նախ՝ որ մանդատը վայր դնողը ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է։ Եվ ինչի՞ հետ է փոխել մանդատը․ «Դեկտեմբերի 4-ից ստանձնում եմ Չինաստանում Հայաստանի առեւտրային ներկայացուցչի պարտականությունները»։ Պատկերացնելն է նույնիսկ դժվար․ ԱԺ բարձրաստիճան պատգամավորը ինչ-որ «առեւտրային ներկայացուցչի» դերակատարում է ստանձնում եւ որքան էլ իր քայլը հիմնավորի   «Այժմ, առավել, քան երբեւէ, Հայաստանին պետք են նոր կապեր, շուկաներ, հնարավորություններ, նոր ներդրումներ» հայրենասիրական մղումներով, ակնհայտ է․ ԱԺ պատգամավորի մանդատը «փոխվել» է շատ անարժեք մի բանի հետ, հետեւաբար, արժեզրկվել է՝ հընթացս երեւան բերելով նաեւ տիրոջ՝ առեւտուր անելու ցածր ունակությունները։  

Սպասենք մանդատային նոր արտառոց զարգացումների։