ԵՊՀ ռեկտորի հարցը մնաց օդում կախված. հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները դադարեցած են

ԵՊՀ ռեկտորի հարցը մնաց օդում կախված. հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունները դադարեցած են

Մարտի 23-ին ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախատեսված նիստը, որի ընթացքում պետք է ԵՊՀ ռեկտոր ընտրվեր, այդպես էլ տեղի չունեցավ։

Ինչպես երկրում շատ միջոցառումներ, այս մեկը ևս չեղարկվեց պայմանավորված ՀՀ կառավարության՝ հանրապետության տարածքում արտակարգ դրություն հայտարարելու որոշմամբ։ 

Սա, իհարկե, իշխանությունների համար ձեռնտու տարբերակ է, քանի որ եթե անգամ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթը  մարտի 23-ին կայանար,  հավանականությունը մեծ է, որ իշխանական թեևը կդիմիր սաբոտաժի, քվորում չէր ապահովվի և  այդ օրը մայր բուհում այդպես էլ ռեկտոր չէր ընտրվի, քանի որ իշխանությունները  ցայսօր թեկնածու չունեն, ցանկալիները  չեն համապատասխանում ԵՊՀ կանոնադրության պահանջներին։

Հիմա  էլ պարզվում է՝ իրավիճակն ավելի է խճճվել։ Բանն այն է, որ ապրիլի 1-ին կառավարության որոշմամբ ավարտվել  է հոգաբարձուների խորհրդի անդամների  լիազորությունները, այսինքն՝ փաստացի այս պահին հոգաբարձուների խորհրդը չի գործում, ինչի արդյունքում ԵՊՀ ռեկտորի ընտրության հարցը այդպես էլ մնում է անորոշ։

Կրթության, գիտության և մի շարք այլ հարցերի նախարար Արայիկ Հարությունյանն էլ այսօր լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում անդրադառնալով ԵՊՀ-ի շուրջ ստեղծված այս իրավիճակին, նշել է, որ արտակարգ դրության պայմաններում հարցն այս չեն քննարկել, իրավաբանների հետ  խորհրդակցելուց հետո պետք է հասկանան՝ ինչ է լինելու։

Հիշեցնենք, որ ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար 5 անձ էր հայտ  ներկայացրել.
Վահրամ Ժորայի Դումանյան-ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան (ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կողմից),
Վահե Վաղինակի Հովհաննիսյան – իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),
Ռուբեն Հովհաննեսի Մելքոնյան – պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան (ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի կողմից),
Պավել Սամվելի Գևորգյան-ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ (ինքնաառաջադրմամբ),

Աշոտ Սերոբի Սաղյան-քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար (ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի կողմից):