Ի վերջո, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ստոլտենբերգի այցը Երեւան

Ի վերջո, ի՞նչ նպատակ էր հետապնդում Ստոլտենբերգի այցը Երեւան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հարավկովկասյան վերջին տուրնեն դեռ շարունակում է մնալ վերլուծաբանների եւ փորձագետների ուշադրության կենտրոնում։ Հատկապես ինտրիգային էր Հայաստան կատարած այցը։ Այն, որ Ռուսաստանի հակառակորդ կամ նույնիսկ թշնամի ռազմաքաղաքական ճամբարի գլխավոր քարտուղարն այցելում է Հայաստան, որը ֆորմալ առումով դեռ շարունակում է մնալ Ռուսաստանի դաշնակիցը, արդեն իսկ խնդրահարույց է եւ հարցեր է առաջացնում Մոսկվայում։ Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ ռուսաստանցի փորձագետների հայացքից չի վրիպել, որ Ստոլտենբերգի այցից առաջ խոսակցություններ սկսվեցին ռուս սահմանապահներին «Զվարթնոց» օդանավակայանից հանելու մասին, ինչպես նաեւ՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր համարեց այն, որ Հայաստանը կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից։

Մոսկվայում պարզորոշ հասկանում են, որ Երեւանը փորձում է գործակցության նոր ձեւաչափ ստեղծել թե՛ ՆԱՏՕ-ի եւ թե՛ վերջինիս առանձին անդամների հետ, ինչպես, ասենք, Ֆրանսիայի կամ Միացյալ Նահանգների, անգամ՝ Թուրքիայի։ Կստացվի՞ դա արդյոք՝ դժվար է ասել, սակայն նաեւ ակնհայտ է, որ պաշտոնական Երեւանը, ձեռնամուխ լինելով Հայաստանի անվտանգային միջավայրի դիվերսիֆիկացմանը, փորձում է նոր խաղացող-երաշխավորներ ներգրավել Հայաստանի անվտանգային միջավայրի համար՝ հնարավորության դեպքում նաեւ դրանով նվազագույնի հասցնելով Ռուսաստանի մասնակցությունը՝ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Հանրագումարի բերելով հատկապես Հայաստան Ստոլտենբերգի կատարած այցի առնչությամբ հնչած մեկնաբանությունները՝ կարելի է արձանագրել մի քանի հանգամանք։

• Հաշվի առնելով հայ-ռուսական քաղաքական հարաբերությունների ներկայիս լարված վիճակը, ինչպես նաեւ Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների այսօրվա վիճակը՝ ակնհայտ է, որ ՆԱՏՕ-ն առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանդեպ՝ որպես ռազմավարական առումով Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացելու իր ծրագրի «գործակատար» հանդիսացող երկրներից մեկի։

• Նկատի ունենանք, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի այցը Հարավային Կովկաս, առաջին հերթին ուղղված էր Ռուսաստանի դեմ։ Եթե հիշենք, որ Ստոլտենբերգը հակառուսական օրակարգով էր ներկայացել նաեւ Բաքվում՝ առաջարկելով ընդլայնել Ադրբեջանի կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը, ըստ էության նկատի ունենալով ռազմական բաղադրիչը, ինչի համար արժանացել էր Ալիեւի մերժմանն այն տեսքով, որ Ադրբեջանն ավելին անել չի կարող, որովհետեւ չի ուզում հարաբերություններ փչացնել Ռուսաստանի հետ, կարող ենք ասել, որ Հայաստան այցն էլ առաջին հերթին ոչ այնքան բուն Հայաստանին, օրինակ, թուրք-ադրբեջանական տանդեմից պաշտպանելն էր, որքան Հայաստանն ընդդեմ Ռուսաստանի օգտագործելու հնարավորությունները ստուգելը։

• Իր գեոպոլիտիկ ռազմավարական, կարելի է ասել՝ գերնպատակին հասնելու համար ՆԱՏՕ-ն, իհարկե, որոշ քայլեր կանի, որպեսզի լցնի այն դատարկությունը, որն այժմ առկա է Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՀԱՊԿ հարաբերությունների վատացման պատճառով։ Սակայն ՆԱՏՕ-ում նաեւ հասկանում են, որ Մոսկվայում էլ «ուղտի ականջում քնած չեն», ու իրենց այս քայլը, որը բավականին շատ արկածախնդրություն կարող է լինել, կարող է այլ «ճակատում» լուրջ հակազդեցության արժանանալ, դրա համար էլ պահպանում են որոշակի խորհրդապահություն եւ զսպվածություն։