Ինչ տիկին Ավանեսյանը սկսել է խոսել, նրան մեկնաբանելը շատ բարդ է դարձել

Ինչ տիկին Ավանեսյանը սկսել է խոսել, նրան մեկնաբանելը շատ բարդ է դարձել

Օրերս փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը, որն ավարտել է Սան Դիեգոյի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, բժշկական խորհուրդներ էր տալիս հայ հանրությանը: Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար ստեղծված հանձնաժողովի նիստին նա ասաց, որ COVID-19-ի դեմ կարելի է պատվաստվել այդ հիվանդությունից ապաքինվելուց արդեն 14 օր անց: Մի ոչ պակաս հանճարեղ միտք էլ մեր առողջապահության իրավաբան նախարարն է արտահայտել` տիկին Ավանեսյանը, թե օմիկրոն շտամի պարագայում հիվանդությունն ավելի թեթեւ ընթացք է ունենում, որովհետեւ մարդիկ պատվաստվում են: 
Այսպես, միջազգայնագետն ու իրավաբանը «զրից» են անում՝ մոռանալով, որ լսարանը կարող է եւ լուրջ ընդունել իրենց: Լսարանի գիտակից հատվածի մոտ, իհարկե, հարցեր կառաջանան: Օրինակ, եթե օմիկրոնի թեթեւ ընթացքը պայմանավորված է պատվաստումներով, ապա ինչո՞ւ են այն թեթեւ տանում նաեւ չպատվաստվածները: Կամ՝ կարելի՞ է արդյոք պատվաստումների քարոզն անել ամեն գնով, առանց մտածելու, որ կգտնվեն մարդիկ, որոնք COVID-19-ից մի կերպ ապաքինվելուց հետո իրավաբանի ու միջազգայնագետի «զրիցը» լսելով, կվազեն պատվաստվելու, կրկնակի հարվածի տակ դնելով իրենց առանց այդ էլ թուլացած օրգանիզմը: 

Այս հարցերի շուրջ զրուցեցինք բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Հովհաննիսյանի հետ: 

- Շատերին է հետաքրքրում, թե արդյոք COVID-19-ից ապաքինվելուց 14 օր անց պատվաստվելը վտանգավոր չէ՞ մարդու առանց այդ էլ թուլացած օրգանիզմի համար:

- Չգիտեմ, թե այդ 14 օրը մեր կառավարությունը որտեղից է հորինել: Դա ոչ մի կերպ չի հիմնավորվում: Իրենք ասում են՝ եթե շատ ես ուզում, պատվաստվիր: Բայց պարզ է, որ օրգանիզմը նոր է ապաքինվել, կարող է ծանր վիճակում լինի, եւ բացարձակապես ուսումնասիրված չէ, թե ինչպես կարող է պատվաստումն անդրադառնալ օրգանիզմի վրա: Այստեղ ավելի կարեւոր է այլ հարց՝ իսկ ի՞նչ իմաստ ունի, երբ որ մարդն ապաքինվելուց՝ դա միանշանակ է եւ ապացուցված գիտությամբ, ունի ավելի հզոր իմունիտետ, քան վակցինացիոն իմունիտետն է: Բնության մեջ չի եղել այնպիսի վակցինա, որն ավելի լավ իմունիտետ առաջացնի, քան բուն հիվանդությունը: Երկրներ կան, որոնք վարակված ու ապաքինված մարդուն կես տարուց մինչեւ մեկ տարի բոլոր սահմանափակումներից ազատում են: 

- Ո՞ր երկրներում է այդպես:  

- Գրեթե բոլոր եվրոպական երկրներում կես տարի է, Ռուսաստանում, եթե չեմ սխալվում, ժամկետը երկարացրել են մինչեւ մեկ տարի: 

- Կարո՞ղ է 14 օրն այն նվազագույն ժամկետն է, երբ հակամարմիններն ուժի մեջ են: 

- Մեկնաբանություններն իրենք պետք է տան: Ըստ իս, վարակված-ապաքինված մարդուն ընդհանրապես պատվաստվել պետք չէ: 

- Իսկ եթե, այնուամենայնիվ, քովիդից ապաքինվելուց 14 օր անց մարդը պատվաստվում է, ի՞նչ հետեւանք կարող է դա ունենալ, ի՞նչ վտանգ կա: 

- Դա անկանխատեսելի է: Նայած թե ինչպես է նա տարել քովիդը, ինչ վակցինայով է պատվաստվում, ինչ քանակի հակամարմիններ ուներ այդ պահին, եւ որքանով է խթանվում իմունիտետը: Այդ պահին իմունային համակարգը ոչ բալանսավորված վիճակում է: Ընկճված է մի կողմից  հիվանդությունից, մյուս կողմից՝ դեղորայքից, եթե մարդը դեղորայք է ընդունել: Նաեւ իմունային համակարգի որոշ բաղադրիչ մասեր գրգռված են, կարծես, պատերազմ է եղել: Ու էդ պահին դու նրան ինչ-որ բանով խթանում ես: Կարող են գնալ գերռեակցիաներ, աուտոիմուն պրոցեսներ: Չեմ ասում, որ պարտադիր լինելու է, բայց դրանց վտանգը կա ցանկացած հիվանդացած-ապաքինված մարդու համար, եթե նա կրկին պատվաստվի: 

- Առողջապահության նախարարն ասել է, որ օմիկրոնը թեթեւ են տանում, որովհետեւ մարդիկ պատվաստվում են, բայց ինչո՞ւ են այդ դեպքում չպատվաստվածները թեթեւ տանում: 

- Ինչ տիկին Ավանեսյանը սկսել է խոսել, տարուց ավելի է՝ նրան մեկնաբանելը շատ բարդ է դարձել: Ամեն դեպքում, օմիկրոնն ինքն իրենով ունի թեթեւ ընթացք, որովհետեւ բազմաթիվ մուտացիաների ենթարկված վիրուս է, որը սկսել է հարմարվել եւ փոփոխվել է: Իսկ ցանկացած փոփոխություն թուլացնում է վիրուսը: Այն փոփոխվում է, որ ավելի հեշտ փոխանցվի մարդուց մարդու, բայց կորցրել է իր ուժը, ծանրությունը ցանկացած մարդու համար: Ու քանի որ փոփոխված է, նա շրջանցում է ե՛ւ պատվաստումային, ե՛ւ ոչ պատվաստումային իմունիտետը: Օմիկրոնը շրջանցում է բոլորին, եւ ընթացքը մարդուց է կախված: Ռիսկի խմբերի մոտ, ասենք, մեծահասակների մոտ, այն կարող է ունենալ ծանր ընթացք: