44-օրյա պատերազմի հանձնաժողովն անդրադառնալու է նաեւ ապրիլյանի դեպքերին

44-օրյա պատերազմի հանձնաժողովն անդրադառնալու է նաեւ ապրիլյանի դեպքերին

Հարցազրույց «Քաղպայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանի հետ

- Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս կոչ արեց դադարեցնել 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությունը՝ հիմնավորելով, որ  հանձնաժողովի ստեղծումը ոչ միայն չի նպաստում ներքաղաքական իրավիճակի լիցքաթափմանը, այլեւ, ընդհակառակը՝ ավելի է սրում այն, խորացնում անջրպետը, ծառայեցնելով իրավիճակը բացառապես մեր հակառակորդների շահերին։ Ինչպե՞ս կարող է օրվա իշխանությունը, որը պատերազմի թիվ մեկ պատասխանատուն եւ մեղավորն է, քննել ինքն իրեն:

- Հանրային հնչեղություն ունեցող ցանկացած հարցի վերաբերյալ Ազգային ժողովն ունի լիազորություն՝ հանձնաժողով ձեւավորել եւ քննել, հանձնաժողովների կազմում էլ լինում են ե՛ւ իշխանական, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորներ, որոնց շնորհիվ հարցը լուսաբանվում, պարզաբանվում ու ներկայացվում է հանրությանը՝ ինչ է եղել, ինչպես է եղել եւ այլն: Հիմա մեր իրականությունում ամենասարսափելի բանը 44-օրյա պատերազմն էր, եւ չօգտվել այս լիազորությունից, որը տրված է Սահմանադրությամբ, ուղղակի անլուրջ եմ համարում: Ամեն հայի առնչվող այս խնդրով ինչպե՞ս կարող էր ԱԺ-ն չարձագանքել եւ քննիչ հանձնաժողով չձեւավորել: Ես համաձայն չեմ, թե այդ հանձնաժողովի գործունեությունը սրում է իրավիճակը, հակասություններ, պառակտում առաջացնում հանրության մեջ, հակառակը՝ այն շատ ավելի հաշտեցնելու է եւ շատ հարցերի պատասխան է տալու: Ամենամեծ պառակտում առաջացնող խնդիրն անորոշությունն է, իսկ այդ հանձնաժողովում ամեն բան պարզվելու է: 

- Ո՞նց է հաշտեցնելու, եթե մինչեւ այդ հանձնաժողովի ձեւավորվելը դուք՝ իշխանականներդ, պատերազմի ողջ պատասխանատվությունը բարդում էիք նախկինների վրա:

- Դա չի ստեղծվել ո՛չ նախկինների, ո՛չ ներկաների համար, այդ հանձնաժողովի աշխատանքները՝ որպես փաստավավերագրություն, տասնամյակներ մնալու են մեր արխիվներում, որպես մեր ամենամեծ ճակատամարտերից մեկի փաստագրումն է լինելու, եւ դրանից օգտվելու են մեր հաջորդ իշխանությունները, բոլոր ուժերը, եւ բանակի ձեւավորման համար էլ սա լուրջ դասեր է լինելու, որոնք պետք է հաշվի առնել:

- Մոտ երկու տարի էլ ապրիլյանի դեպքերը քննեցիք եւ բացի հարցը շահարկելուց, ի՞նչ տվեցիք հանրությանը:

- Ապրիլյանի եզրակացությունը եղավ այն ժամանակ, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Հանրությանն այլեւս հետաքրքիր չէր ապրիլյանը, քանի որ ներկա ժամանակով արդեն պատերազմ էր ընթանում՝ ավելի սարսափելի մասշտաբների: Բայց ուզում եմ ընդգծել, որ 44-օրյա պատերազմի հանձնաժողովն անդրադառնալու է նաեւ ապրիլյանի դեպքերին, ապրիլյանի ընթացքում հայտնաբերված խնդիրներին, թե արդյոք դրանք վերացվե՞լ էին, թե՞ ոչ: 

- Ի՞նչն եք քննելու, եթե, կրկնում եմ, ձեզ՝ իշխանություններիդ, ամեն ինչ պարզ է, հանձնաժողովի ղեկավարը քանիցս հայտարարել է, թե նախկիններն էին մեղավոր, որ թալանել են, զենք չեն գնել եւ այլն:

- ՀՀ բանակի կազմավորման օրվանից այդ կազմավորման գործընթացին մասնակցել են հարյուրավոր, հազարավոր պաշտոնյաներ, զինվորականներ: Նախկին ասելով՝ մենք կարող ենք հղում անել միայն նախկին ժամանակահատվածին, ներկայում բանակը չի ստեղծվում: Մենք բոլորի գործունեությանը պիտի անդրադառնանք:

- Ինչ բանակ ուզում է ունենանք, նախկինում պատերազմ չի եղել, դուք եկաք իշխանության` եղավ:

- Կապ չունի, թե պատերազմը երբ է եղել… պետք է այդ հարցին էլ անդրադառնանք՝ ինչու եղավ պատերազմ, այսինքն՝ ե՛ւ քաղաքական, ե՛ւ ռազմական պատճառներին պետք է անդրադառնալ, ինչու ոչ՝ նաեւ տնտեսական, վարչարարական հիմքերին պետք է անդրադառնալ: Մենք իրավունք չունենք բանակի հետ կապված պրոբլեմները մանրամասն չվերլուծելու:

- Ընդդիմությունն առաջարկում էր պարիտետային հանձնաժողով ձեւավորել, որտեղ ընդդիմադիրները կստանձնեին ղեկավարում, ինչո՞ւ չհամաձայնեցիք, եթե, իսկապես, ցանկանում եք բացահայտել պատերազմի հանգամանքները:

- Ընդդիմությունը ի սկզբանե քննիչ հանձնաժողով էր պահանջում, հետո սկսեց ուրիշ բան… ՀՀ Սահմանադրությամբ այլ բան չի նախատեսվում պաշտպանական համակարգի վերաբերյալ, քան քննիչ հանձնաժողովի ձեւավորումն է: Հիմա նոր հեծանիվ են հորինում՝ պարիտետային, ոչ պարիտետային, անկախ մասնագետներ… Հայաստանում չկա գեթ մեկ մարդ, որը կապ չունենա այս ահասարսուռ պատերազմին եւ կարողանա չեզոք դիրք գրավել, դրա համար չեզոքություն ապահովելու նպատակով նշվում է, որ հանձնաժողովում պետք է ընդգրկված լինեն ե՛ւ ընդդիմությունը, ե՛ւ իշխանությունը: Եթե մտահոգված են օբյեկտիվությամբ, թող գան մասնակցեն, ապահովեն դա:

- Այսինքն հիմա, երբ չեն մասնակցում, կարո՞ղ ենք կասկածել ոչ օբյեկտիվության առումով:

- Ոչ, չեք կարող, այդ ամենը փաստավավերագրվելու է: Բոլոր նիստերը տեսագրվելու են, հանձնաժողովի նիստերին մասնակցելու են ե՛ւ արտախորհրդարանական ուժեր, ե՛ւ զոհվածների ծնողներ, այսինքն՝ ամեն բան տեսագրվելու է:

- Որպես պաշտպանության հանձնաժողովի ներկայացուցիչ, ինչպե՞ս կգնահատեք ռուս-ուկրաինական հակամարտությունը, ինչպե՞ս այն կանդրադառնա Հայաստանի եւ Արցախի խնդրի վրա:

- Ես չեմ ուզում առայժմ այդ հարցին անդրադառնալ, կպատասխանեմ մեկ տողով՝ ակնկալիքս մեկն է, որ ժամ առաջ ավարտվի այս պատերազմը:

- ՊԲ բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մեզ հետ հարցազրույցում համոզմունք հայտնեց, որ ՌԴ-ն հաղթած է դուրս գալու, եւ դրանից հետո Հայաստանից է կախված լինելու՝ կստեղծվի՞ միութենական պետություն, թե՞ ոչ: ՀՀ իշխանությունները, ըստ Ձեզ, ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրեն:

- Ես այդ կարծիքին չեմ ծանոթացել, հետեւաբար, կարծիք հայտնել չեմ կարող: