«Հրապարակ». Home TV․ նախնադարյան «սերվիս»՝ ուրախ դեմքով

«Հրապարակ». Home TV․ նախնադարյան «սերվիս»՝ ուրախ դեմքով

Հեռուստաալիքների թվային ծրագրերի վերահաղորդող ընկերություններ Երեւանի գրեթե բոլոր թաղերում կան։ Դրանք նաեւ հայտնի օպերատորներից էժան գներով ինտերնետ կապ են ապահովում։ Դրանց միակ առավելությունը թերեւս էժան կապն է, ահա ինչու շատերն աչք են փակում կապի վատ որակի, հաճախակի խափանումների, նախնադարյան սերվիսի վրա: Մի մասն էլ, ինչպես ես, շատ դժգոհ լինելով այդ կապի որակից, ականջի հետեւ է գցում ու ձգձգում օպերատորին փոխելու հարցը։ Այդպիսի մի «պրովայդեր» է Շենգավիթը սպասարկող Home TV ընկերությունը։ Ընկերությունը ֆեյսբուքյան էջ ունի, անգամ՝ կայքէջ, պոպկորն ուտող երջանիկ ջահելների դեմքով։ Բայց դեմքերը չեն համապատասխանում տրամադրվող ծառայության որակին։ Այս դեպքում «նախնադարյան սերվիսը» դեռ մեղմ է ասված։ Ուժգին քամու ժամանակ ինտերնետ չկա։ Ժամը 22-23։30-ը կապը «մեռած» է, իսկ խափանումների ժամանակ կարող եք զանգել օրերով, ձեզ ծտային ձայներով կպատասխանեն, թե հայտն ընթացքի մեջ է, բայց ոչ ոք ձեր հասցեով չի գա, խափանումը չի վերացնի։ 

Ամենազավեշտալին այն է, որ Home TV ընկերությունում մինչեւ հիմա «ինտերնետի մարդ» հասկացությունը կա։ Այդ մարդն ամսվա սկզբի օրերին անցնում է բաժանորդների տներով ու վերցնում ամսավճարը։ Home TV ընկերությունը հաշվեհամար տրամադրելու քո խնդրանքներն «իգնոր» է անում, իսկ «ինտերնետի մարդը» քեզ բացատրում է, որ ընկերությունը հաշվեհամար չունի, չի կարող տրամադրել, ու վերջ, պետք է կանխիկ անես վճարումներդ։ Մենք հետաքրքրվեցինք ՊԵԿ-ից, թե ինչպես կարող է ժամանակակից հարկային դաշտում, «Սփյուռում» գրանցված ընկերությունը չկարողանա փոխանցումով վճարումներ ընդունել։

Մեզ պատասխանեցին. «Տվյալ ընկերությունը գրանցված է, ՀՎՀՀ էլ ունի, հաշվեհամար էլ ունի»։ Փաստորեն, Home TV-ն հաշվեհամար ունի, բայց բաժանորդներին չի տրամադրում։ Հավանաբար, չցանկանալով եկամուտն ամբողջությամբ ցույց տալ հարկայինում, մարդիկ խուսափում են անկանխիկ վճարումներից։ Փորձեցինք զանգահարել Home TV ընկերության տնօրեն Դավիթ Իսպիրյանին, հարցնել, թե ինչու իր աշխատակիցները չեն արձագանքում բաժանորդների զանգերին, ինչու չեն տրամադրում հաշվեհամար` անկանխիկ վճարումների համար, եւ, առհասարակ, ինչու են վատ աշխատում։ Նրա աշխատողները խոստացան, որ տնօրենը մեզ կզանգահարի, բայց անցել են օրեր...