«Հրապարակ». Դատավորը պարզապես չի ստորագրել այդ ապօրինության տակ

«Հրապարակ». Դատավորը պարզապես չի ստորագրել այդ ապօրինության տակ

Երեկ հայտնի դարձավ, որ վարչական դատարանը՝ դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել է դաշնակցականներ Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի հայցերը։ Հիշեցնենք, որ մոտ 2 տարի առաջ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, ժամանելով Հայաստան, «Զվարթնոց» օդանավակայանում պարզել էր, որ ինքն արդեն Հայաստանի իշխանությունների համար անցանկալի անձ է՝ «պերսոնա նոն գրատա», եւ Փափազյանին ստիպել էին հենց օդանավակայանից հետ վերադառնալ Ֆրանսիա։ Ավելի ուշ նույն բանը տեղի էր ունեցել այլ սփյուռքահայ դաշնակցականների` Մասիս Աբրահամյանի եւ նրա դստեր՝ Սյունե Աբրահամյանի պարագայում, հետագայում այս ցանկում հայտնվեցին նաեւ այլ դաշնակցականներ, ռուսաստանցի քաղաքագետներ եւ անգամ Պետդումայի անդամ։ Մուրադ Փափազյանին ԱԱԾ-ն սկզբնական շրջանում հրաժարվում էր որեւէ պարզաբանում տալ, թե ինչու են իրեն արգելել Հայաստան մտնել, սակայն հետագայում պարզվեց, որ պատճառն այն է, որ Փափազյանին կասկածում են, որ Փաշինյանի՝ Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ տեղի ունեցած ակցիան, երբ նրա ավտոշարասյան վրա ձվեր էին նետել եւ «դավաճան» բղավել, կազմակերպել է հենց Փափազյանը, ով հետագայում հերքում էր իր մասնակցությունն այդ միջադեպին։

Փափազյանի ու Մասիս Աբրահամյանի ներկայացրած հայցերը Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը նախօրեին բավարարել է: Նա վարչական դատարանի դատավոր է նշանակվել 2016 թվականին, 43 տարեկան է եւ փաստաբանների շրջանում դրական վարկանիշ ունի։ Դատարանում տարած հաղթանակի վերաբերյալ Մուրադ Փափազյանի եւ Մասիս Աբրահամյանի շահերը ներկայացնող փաստաբաններ Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը, ինչպես նաեւ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, վաղը՝ հինգշաբթի օրը, մամուլի ասուլիսով հանդես կգան: Մեզ հետ զրույցում Սիրանուշ Սահակյանն ասաց, որ գործի վերաբերյալ մանրամասները կներկայացնեն ասուլիսում։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր՝ դաշնակցական Քրիստինե Վարդանյանին խնդրեցինք մեկնաբանել դատարանի կողմից հայցը բավարարելու փաստը՝ հարցրինք, թե, իր կարծիքով, ինչ շահեց իշխանությունն այս ամենի արդյունքում՝ 2 տարի Մուրադ Փափազյանին արգելելով գալ Հայաստան, հնարավո՞ր է, որ իշխանության այս քայլից հետո սփյուռքի դաշնակցականներն ավելի զգուշավոր են դարձել` այլեւս Փաշինյանի դեմ ակցիաներ չեն անում, եւ դրանով Փաշինյանը հասել է իր նպատակին։

«Փաստորեն, գործող իշխանությունները շուրջ 2 տարի ապօրինի արգելափակել են Մուրադ Փափազյանի եւ մի շարք անձանց մուտքը հայրենիք։ Ակնհայտ է, որ այս քայլով նրանք ցանկանում էին ուղերձ հղել սփյուռքին, որ ձեռնպահ մնան դիրքորոշումներ արտահայտելուց։ Այս առումով շատ կարեւոր էր դատարանի որոշումը, որպեսզի մեր հայրենակիցներին կարողանանք ասել, որ մենք պաշտպանելու ենք ձեր իրավունքները եւ ձեզ ապօրինություններից։ Սակայն կարող եմ փաստել, որ այստեղ էլ Նիկոլ Փաշինյանն իր նպատակին չի հասել, քանի որ այս ողջ ընթացքում սփյուռքում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել։ Հոկտեմբերին բազմաթիվ երկրներում եւ քաղաքներում տեղի ունեցան բողոքի ակցիաներ, հունվարի 28-29-ին շուրջ 50 եվրոպական քաղաքներում նախատեսվում են բողոքի ակցիաներ։ Այնպես որ, կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանը չի հասել իր նպատակին»,- պատասխանեց Վարդանյանը։ Սակայն նկատենք, որ այդ ակցիաների մի մասը ՀՀ իշխանությունների դեմ չի ուղղված, այլ տարբեր նպատակների` Արցախի հարցին, գերիների թեմային եւ այլն: Պատգամավորին հարցրինք՝ դատարանի այս որոշումն իրավական գործընթացի արդյո՞ւնք էր, թե՞ քաղաքական որոշում կամ ճնշումներ կային Փափազյանի հետ կապված հարցում։ Հաշվի առնելով Փափազյանի մտերիմ հարաբերությունները Ֆրանսիայի նախագահի հետ, հնարավո՞ր է, որ Էմանուել Մակրոնը ճնշում բանեցրած լինի Փաշինյանի դեմ, որպեսզի վերացնեն այս արգելքը։

«Սա իսկապես ակնհայտ ապօրինի որոշում էր։ Կարծում եմ՝ դատավորը բախվել է այս ակնհայտ փաստին եւ կայացրել է իրավական որոշում, որը շատ կարեւոր է եւ կարող է նախադեպային լինել մյուս դեպքերի համար։ Իհարկե, չեմ կարող կանխատեսել, թե իրավական ինչ գործընթաց կունենան այս գործերը։ Ես պարզապես ցանկանում եմ հիշեցնել, որ նույնանման որոշումներ են կայացվել ոչ միայն Մուրադ Փափազյանի, այլեւ Մասիս Աբրահամյանի գործով։ Հետեւապես կարծում եմ՝ դերակատարն այստեղ եղել է ակնհայտ ապօրինությունը եւ դրա տակ չստորագրելու դատավորի որոշումը»,- պատասխանեց Վարդանյանը։