Սանթրոսյանը մի կողմ է քաշվել․ Դիլիջանի համար կպայքարեն նորերն ու ավելի նորերը

Սանթրոսյանը մի կողմ է քաշվել․ Դիլիջանի համար կպայքարեն նորերն ու ավելի նորերը

Հոկտեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության մի շարք համայնքներում, այդ թվում՝ Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։

Դիլիջանը, հիշեցնենք, 2005 թվականից ղեկավարում էր Արմեն Սանթրոսյանը, որի ազատումից հետո՝ 2021 թվականի փետրվարի 26-ին, Դիլիջան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց այդ համայնքի ավագանու անդամ Դավիթ Սարգսյանը։ Նրա վերաբերյալ մամուլում գրվեց, որ նա տեղեկանքում իր անձնական տվյալները լրացնելիս «սեռ»-ի դիմաց նշել էր «արու»։

Հոկտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցության հայտերն ավարտված են, եւ ԿԸՀ կայքում արդեն նշված է, թե որ ուժերն են մասնակցության հայտ ներկայացրել։ Ըստ այդմ՝ Դիլիջանի ավագանու ընտրություններին կմասնակցի երեք քաղաքական ուժ՝ իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետի ԺՊ Դավիթ Սարգսյանը, Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» եւ նոր ձեւավորված «Ապրելու երկիր» կուսակցությունները․ վերջինի հիմնադիրները նախկին սոցապնախարարներ Մանե Թանդիլյանն ու Մեսրոպ Առաքելյանն են:

Վերջինս սերտորեն առնչվում է գործարար Ռուբեն Վարդանյանի հետ, ով հովանավորում է այս կուսակցությանը, տարիներ առաջ Դիլիջանում հիմնադրել է միջազգային դպրոց, եւ քաղաքում նրան հարգում են։ Իսկ նախկին քաղաքապետ, ՀՀԿ անդամ Արմեն Սանթրոսյանը, ինչպես տեսնում ենք, չի առաջադրվել։

Մենք կապ հաստատեցինք նրա հետ՝ հետաքրքրվելու, թե ինչու չի առաջադրվել այս ընտրություններում, քանզի տեղեկություն կար, որ ուներ նման մտադրություն։
«Չէ, չեմ ունեցել նման մտադրություն ընդհանրապես»,- ասաց Սանթրոսյանը։

- Իսկ ո՞րն է պատճառը, որ չցանկացաք առաջադրվել։

- Ուղղակի, որեւիցե պատճառ չկա, արդեն հոգնել էի։

- Ասում են՝ ճնշումներ են եղել, մի քիչ կոպիտ է հնչում, բայց հասկացրել են՝ «հանգիստ նստիր տեղդ ու մի խառնվիր որեւէ բանի»։

- Չէ, չկա էդպիսի բան ընդհանրապես, ասեկոսեներ են դրանք լրիվ։

- Բայց Դուք դատական պրոցեսի մեջ էիք, կարծեմ, քանզի Ձեզ ապօրինի էին ազատել պաշտոնից, եւ դիմել էիք Սահմանադրական դատարան։

- Տեղյակ չեմ՝ ինչ ընթացքի մեջ է։

- Իսկ որեւէ ուժի կաջակցե՞ք այս ընտրություններում։

- Չէ։

- Դիլիջանը թողնում եք նորերին, փաստորեն։

- Դե հիմա, թողնելը ո՞րն ա, ժողովուրդն ում կընտրի, կընտրվեն, բնականաբար։

- Պարզապես այսօր Դիլիջանը կառավարում է մեկը, որը որեւէ կենսագրություն չունի, իր սեռը նշել էր որպես «արու», դրանից զատ՝ այսօր ընտրություններին մասնակցում են այնպիսի ուժեր, որոնք երբեւէ ընտրության չեն մասնակցել, օրինակ՝ նոր ստեղծված «Ապրելու երկիր» կուսակցությունը, իսկ Դուք, որ փորձառու քաղաքապետ եք, Դիլիջանում կարող էիք հաղթել, որոշել եք չմասնակցել։

- Դե հիմա, ամեն մեկն իր ցանկությամբ է, նայած՝ ով ոնց է մասնակցում, համենայնդեպս, ես ցանկություն չեմ ունեցել մասնակցելու։

- Ընդամենը անձնակա՞ն պատճառներով։

- Հա, դե արդեն 15 տարի ղեկավարել եմ, ինձ թվում է՝ բավական է, արդեն անձնական գործերով եմ զբաղվելու։

- Իսկ այսօր քաղաքապետի ԺՊ նշանակված անձը կարողանո՞ւմ է կառավարել քաղաքը, գո՞հ են դիլիջանցիները։

- Դե, հարցրեք ժողովրդին, ինձ թվում է՝ նորմալ է, չեմ տեսնում այլ բան։

- Սահմանադրական դատարան ձեր՝ մի քանի համայնքապետերով դիմումին ի՞նչ ընթացք է տրվել, տեղեկություն չունե՞ք։

- Չգիտեմ, անկեղծ ասած՝ չգիտեմ։ Մյուս համայնքների ղեկավարներից մի հատ ճշտեք։ Հիմա առողջական մի քիչ խնդիրներ ունեմ, դրանով եմ զբաղված։