Որպեսզի երեխան չհանդիպի վիրուսներին

Որպեսզի երեխան չհանդիպի վիրուսներին

«Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքի վարիչ, մանկաբույժ Մարի Դարակչյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում տեղեկացրեց, որ հանրապետությունում նկատելի է շնչառական հիվանդությունների ակտիվացում։ Նա հորդորեց ծնողներին հիվանդ երեխաներին չուղարկել դպրոց կամ մանկապարտեզ, որպեսզի նրանք չհանդիպեն երկրորդ վիրուսին կամ բակտերիային։

Մարի Դարակչյանը խորհուրդ տվեց երեխաներին տալ բուսական թեյեր, կալորիաներով հարուստ սնունդ, կաթ, նրանց սովորեցնել անձնական հիգիենայի կանոնները, նշեց նաև, որ ժամանակին պետք է կատարվեն գրիպի դեմ պատվաստումներ։ Մարի Դարակչյանը մի կարեւոր հանգամանք էլ նշեց՝ չզբաղվել ինքնաբուժմամբ, երեխային պետք է ուղարկել ստացիոնար բուժման, որովհետեւ մահացու ելքերը լինում են բարդությունների պատճառով։ Հատկապես 2-3 ամսական երեխաներին, ըստ մանկաբույժի, հակացուցված է ինքնաբուժումը։ Իսկ շնչառական հիվանդություններով հատկապես տառապում են ժամանակից շուտ ծնված նորածինները։