Հայաստանը մեծ նշանակություն չունի Ֆրանսիայի համար․ դեսպանն էլ շուտով հրաժարական կտա. ֆրանսահայ լրագրող

Հայաստանը մեծ նշանակություն չունի Ֆրանսիայի համար․ դեսպանն էլ շուտով հրաժարական կտա. ֆրանսահայ լրագրող

Ֆրանսիայում դարձյալ բողոքի զանգվածային ցույցեր են․ Մակրոնի կառավարությունն ամիսներ առաջ անտեսելով հանրային դժգոհության ալիքը, ստորագրեց «Կենսաթոշակային բարեփոխումների» մասին աղմկահարույց օրինագիծը։ Հիմա էլ ֆերմերներն են քննադատում իշխանություններին՝ Փարիզում և մի շարք քաղաքներում անցկացնելով բողոքի ցույցեր։ Զուգահեռաբար, Էմանուել Մակրոնը կադրային արմատական փոփոխություններ է կատարում կառավարությունում։ Զրուցել ենք ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի հետ։

- Ֆրանսիայում էլի անհանգիստ է․ «կենսաթոշակային բարեփոխումների» օրենքն ամբողջապես չմարսած՝ այս անգամ էլ ֆերմերներն են բողոքում գյուղատնտեսության հարցում իշխանությունների վարած քաղաքականության, մասնավորապես՝ գյուղմթերքի գների շեշտակի նվազման դեմ։ Որքանո՞վ է լուրջ է իրավիճակը, ի՞նչ նոր զարգացումներ սպասել այս առումով։

 - Այս անգամ վիճակը շատ լուրջ է՝ համեմատած մի քանի տարի առաջվա «դեղին բաճկոնների» հեղափոխության փորձի հետ։ Էմանուել Մակրոնն ու իր գլխավորած կառավարությունը լուրջ մտավախություն ունի, որ ժողովուրդն այս անգամ կարող է միանալ ֆերմերներին՝ իրականացնելով հեղաշրջում։ Դրա համար փորձում են գյուղացիների շատ բան խոստանալ։ Ցուցարարների մասը հեռացել է, սակայն մի զգալի հատված մնացել է փողոցներում, տրակտորներով արգելափակել են մայրուղիները և հասել են մինչև Փարիզ։ Սպասենք՝ տեսնենք, որքանով ժողովուրդը կմիանա բողոքող ֆերմերներին։ Փաստ է, որ ֆերմաների աշխատողների ընդվզումը շատ լուրջ են ընդունել Ֆրանսիայի կառավարությունում։ Դրա համար էլ վարչապետ Գաբրիել Ատալը գնաց նրանց հետ բանակցելու, շատ բաներ խոստացավ, բայց ինձ թվում է, որ այս լարված իրավիճակը երկար կտևի։ Ապագան ցույց կտա՝ որքան հեռու կգնան Ֆրանսիայում բողոքի ակցիաներ իրականացնող ֆերմեներն ու այդ ոլորտի ներկայացուցիչները։

- Ինչպիսի՞ն է Ֆրանսիայի հայ համայնքի վերաբերմունքն այս վերջին զարգացումներին։ Կարո՞ղ ենք խոսել համահավաք դիրքորոշման մասին, թե՞ խոսքը հայերի՝ որպես Ֆրանսիայի առանձին քաղաքացիների մասնակցության մասին է։

- Ցավոք սրտի, հիմա չենք կարող խոսել Ֆրանսիայի հայ համայնքի մասին, քանի որ, եթե մի քանի տարի առաջ՝ ապրիլի 24-ի կապակցությամբ Փարիզում հավաքվում էր մինչև 30, 40, 50 հազար ցուցարար, ապա վերջերս նրանց թիվը չի անցել մի քանի հարյուրից։ Էլ չենք կարող խոսել ֆրանսահայ մեծ գաղութի մասին։ Կան մի քանի անձինք, որոնց հետաքրքրում է, թե ինչ է կատարվում Ֆրանսիայում կամ Հայաստանում։ Ինչպես շարքային ֆրանսիացիների դեպքում, այնպես էլ հայ համայնքի ներկայացուցիչների դեպքում դժգոհությունները կապված են տնտեսական վատ վիճակի հետ, ամեն ինչ թանկանում է՝ հոսանքից սկսած մինչև ծխախոտ ու նավթ, հաց, ջուր և այլն։ Բայց գաղութում միասնական, հավաքական ոչինչ չկա։ Այնպես որ, հայկական համայնքի կազմակերպություններից մնացել է ընդամենը մի քանի անդամ։

- Վերջին օրերին Ֆրանսիայի կառավարությունում կադրային արմատական փոփոխություններ եղան․ նոր վարչապետ, արտաքին գործերի և մշակույթի նոր նախարարներ նշանակվեցին։ Ո՞րն է Մակրոնի այս որոշումների իրական շարժառիթը։

 - Ֆրանսիայի կառավարության կազմը փոխվել է, քանի որ հանրապետությունում կա 49/3 կոչվող օրենք, որով կառավարությունը կարող է որոշումներ կայացնել՝ առանց խորհրդարանի վավերացման ու համաձայնության։ Այդ օրենքը շատ են օգտագործել, և նախկին վարչապետ Էլիզաբեթ Բորնին պետք է հանեին, որ իբր նոր կառավարություն ձևավորեին, բայց նույն իշխանությունը մնում է Մակրոնի տրամադրության տակ։ Նա վարչապետ է նշանակել իր ամենանախընտրելի գործչին՝ Գաբրիել Ատալին։ Բայց ինչ էլ անեն, ինչ նախարարներ էլ փոխեն, ժողովուրդը շարունակում է բացասական վերաբերմունք տածել Մակրոնի դեմ։

- Ի դեպ, Ֆրանսահայ համայնքի որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ մշակույթի նորանշանակ նախարար Ռաշիդա Դաթին պրոադրբեջանական դիրքորոշումներ ունի և Ալիևի ընտանիքի հետ սերտ կապեր: Կոնկրետ ի՞նչ է հայտնի այդ պաշտոնյայի մասին և որքանո՞վ է նրա կերպարը վտանգավոր հայ-ֆրանսիական հարաբերությունների տեսակետից։

- Դաթիի նշանակմամբ, Մակրոնը փորձում է դեպի աջ ուղղություն տանել իր կառավարությունը։ Ճիշտ են նաև այն պնդումները, որ Դաթին մեծ թշնամի է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոին, ով, իր հերթին, Մակրոնի կառավարության ամենամեծ մրցակիցն է։ Այո, մշակույթի նորանշանակ դեսպանը կապեր ունեցել է ադրբեջանցիների` Ալիևների ընտանիքի հետ, այնպես, ինչպես՝ Կատարի և այլ պետությունների հետ, բայց Բաքվի հետ կապը եղել է հիմնականում Անն Իդալգոյի դեմ վարվող քաղաքականության համար։ Նրա նշանակումը չի կարող ազդել հայ-ֆրանսիական հարաբերությունների վրա, իսկ նրա շուրջ ծավալվող խոսակցությունները գալիս են հայկական որոշ կազմակերպություններից և Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից՝ գլխավորությամբ Իդալգոյի։

- Անցյալ տարի աղմակահարույց հայտարարություն արեցիք, թե ՀՀ -ում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյին «Բաքվի լրտեսն է և ԼՂ-ից բռնագաղթած արցախցիների հաշվին միլիոնավոր գումարներ է վաստակել՝ նպաստելով նրանց տարանցմանը դեպի Ֆրանսիա»։ Մեր հարցին ի պատասխան՝ դեսպանը նշեց, որ ձեր ասածը զրպարտություն է։ Ի՞նչ փաստարկներ ունեք նման պնդումների համար և արդյո՞ք դատական հայց ներկայացվել է ձեր դեմ։

- Ցավոք սրտի, Հայաստանը մեծ նշանակություն չունի Ֆրանսիայի համար։ Մակրոնի ամենամեծ խորհրդատուն հիմա Անկարայում Ֆրանսիայի դեսպան Իզաբել Դյումոնն է։ Ֆրանսիան, ըստ էության, տնտեսական, ռազմավարական մեծ շահեր չունի Հայաստանում։ Դրա համար էլ Հայաստան են ուղարկում այնպիսի դեսպաններ, որոնք լավ չեն աշխատում, սխալ են աշխատում կամ կոռումպացված են։ Նույն Անն Լույոն, Օլիվյե Դըկոտինյին։ Վերջինիս հետ կապված մեծ խնդիրներ կան․ նրան արդեն կանչել են Փարիզ, նա եկել է և մտադիր է լքել Հայաստանը, բայց նրան ասել են, որ ևս մի քանի ամիս՝ մինչև ամառ պետք է պաշտոնավարի, քանի դեռ սկանդալային պատմությունների մեջ է։ Այնպես որ, որոշ ժամանակ էլ երևի աշխատի, մինչև ՀՀ-ում Ֆրանսիայի նոր դեսպան նշանակեն։