Վրաստանին վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան․ ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ ՌԴ-ին

Վրաստանին վերադարձնել Հարավային Օսիան և Աբխազիան․ ՄԱԿ-ի ԱԽ-ն՝ ՌԴ-ին

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ալբանիան, Ճապոնիան և Մալթան համատեղ հայտարարություն են տարածել Ռուսաստանի՝ Վրաստան ներխուժման 15-ամյակի կապակցությամբ։

Այս փաստաթղթում նրանք Մոսկվային կոչ են արել «վերադարձնել» Հարավային Օսիան և Աբխազիան Թբիլիսիին, հաղորդում է Fox News-ը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վեց անդամները նշել են, որ 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի ներխուժումը Վրաստան «ցուցաբերեց ավելի ագրեսիվ միտում» Կրեմլի քաղաքականության մեջ հարևան երկրների նկատմամբ, ինչն այժմ նկատվում է Ուկրաինայում։

«Մենք դատապարտում ենք Ռուսաստանի աղաղակող ներխուժումը, շարունակական ռազմական ներկայությունը և արդյունավետ վերահսկողության իրականացումը Աբխազիայի և Ցխինվալի տարածաշրջանի վրա Հարավային Օսիայում, որոնք Վրաստանի անբաժանելի մասն են, ինչպես նաև այդ շրջանները միացնելու Ռուսաստանի քայլերը»,- ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության մեջ ընդգծվում է, որ վեց երկրները «վճռական են»՝ վերահաստատելու Վրաստանի անկախությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը «միջազգայնորեն ճանաչված սահմաններում»։

Բացի այդ, Ռուսաստանին մեղադրանք է առաջադրվել «էթնիկ վրացիների նկատմամբ խտրականության, մայրենի լեզվով կրթության արգելման և վրացական մշակութային ժառանգությանը դիտավորյալ վնասելու համար»։

«Մենք նաև ընդգծում ենք Միջազգային քրեական դատարանի կողմից 2008 թվականին ռուսական ներխուժման ընթացքում և դրանից հետո քաղաքացիական անձանց դեմ իրականացված ռազմական հանցագործությունների համար ձերբակալության օրդերների տրամադրման անհրաժեշտությունը», - ասվում է հայտարարության մեջ: