Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուղղված է անցյալին ու ապագային

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքն ուղղված է անցյալին ու ապագային

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն անցումային արդարադատության մաս, գործիք չի հանդիսանում, այս օրենքը ընդունվում է, որպեսզի գործի մշտապես։ Այս մասին նախագծի վերաբերյալ կլոր սեղան քննարկման ժամանակ հայտարարեց Արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը՝ ընդգծելով, որ սա բխում է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից և այս գործըթնացի սկիզբը դրվել է Թավշյա հեղափոխությունից շատ ավելի վաղ։

«Օրենքը ուղղված է ապագային, և հիմնականում պետք է լուծի ապագայում ի հայտ գալու հավանականություն ունեցող խնդիրներ։ Սա չի նշանակում, որ չի անդրադառնալու նաև անցյալին, բայց կոնկրետ հաշվարկ, թե այս օրենքի գործողության արդյունքում քանի և ինչ արժողությամբ գույք է հետ գալու Հայաստանի Հանրապետություն, չունենք, և հնարավոր էլ չէ ունենալ, մինչև վարույթներ չնախաձեռնվեն և չլինեն դատարանի վճիռներ»,-ասաց արդարադատության փոխնախարարը՝ պատասխանելով ներկա դատախազներից մեկի հարցին։

Սա չի նշանակում, որ նա բացառում է նախկինում ստեղծված ապօրինի գույքի վերադարձ։ Եվս մեկ հարց՝ արդյունքները որո՞նք են լինելու։ Արդարադատության փոխնախարարն ասում է, որ արդյունքները սերտորեն կապված են օրենքի նպատակի հետ՝ տնտեսական շրջանառութունից հանել ապօրինի գույքն ու վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը կամ օրինական սեփականատերերին։

Ռոկֆելերի հայտնի խոսքն էր՝ մի հարցրեք՝ ինչպես եմ վաստակել իմ առաջին միլիոնը, հարցրեք մնացածից։ Ներկաներից մեկը հետաքրքրվեց, թե ինչ է լինում առաջին անօրինական միլիոնի ու հետագա օրինականների պարագայում։ Ավագ դատախազներից մեկը նմանատիպ  հարց ուղղեց։ Այն է՝ նախագծով ՝ որպես ուսումնասիրության շեմ ամրգարգված է 50 միլիոն դրամը, սակայն հստակ նշված չէ, թե ինչպես է իրականացվելու ուսումնասիրությունը, եթե հետագայում ապօրինի ճանաչված գույքի նկատմամբ բարելավումներ են իրականացվել, ինչպե՞ս է որոշվելու գույքի չափը։ Նաև լրացնող  հարց՝ եթե 50 միլիոնի մի կեսը պաշտոնատար անձը կարողանում է հիմնավորել, իսկ մյուս 25 միլիոնը չի կարողանում, ի՞նչ է լինելու այդ դեպքում։ Ներկաներից շատերն ի նշան համաձայնության տմբտմբացնում էին գլուխները։

Արդարադատության ներկայացուցիչը նշեց, որ ցանկացած դեպքում բռնագանձումը կատարվում է այն դեպքում, եթե անհամապատասխանությունը 50+1 է։ «Այսինքն՝ եթե դատախազությունը հայտնաբերել է, ենթադրենք, 51 միլիոնի անհամապատասխանություն, և եթե անձը կարողանում է հիմնավորել դրա 20,10 կամ 30 տոկոսը, էս դեպքում վարույթն արդեն շարունակություն չի կարող ունենալ, քանի որ դատարանում հայց հարուցելու շեմը չի հաղթահարվում»։

Իրավապաշտպաններից շատերը մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանում առանց այդ էլ պակաս է դատավորների թիվը։