Մեսրոպ Առաքելյանի կիսատ-պռատ թռիչքները

Մեսրոպ Առաքելյանի կիսատ-պռատ թռիչքները

5 ամիս առաջ՝ նոյեմբերի 20-ին, երբ ՄՈԳՈ վարկային կազմակերպության ղեկավար Մեսրոպ Առաքելյանին պետական բարձր պաշտոն վստահվեց՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը, նա սիրալիր պատասխանում էր լրագրողների զանգերին, հաճույքով պատմում, թե ինչ է պատրաստվում անել, խոստանում, որ ոչ մեկին գործից չի ազատելու՝ կադրային ջարդ չի լինելու։ Երեկ՝ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից հեռանալուց հետո, նա լուռ էր ու անհաղորդ։ Հասկանում էր, որ չպետք է զանգերին պատասխանի, որ մի անհարմար բան չստացվի։

Ասենք, մի լրագրող չզանգի իրեն ու ասի՝ բա խոստացել էիք, որ մարդկանց գործից չե՞ք հանելու, բա խոստացել էիք, որ ավելի լավ համակա՞րգ կստեղծեք, ո՞ւր է։ 
Նախարարը թողեց պետական ծառայությունը, որովհետեւ Փաշինյանի հենարան կուսակցություններից մեկը՝ «Առաքելություն» կուսակցությունը, որին անդամակցում է Առաքելյանը, Փաշինյանից հանձնարարություն ունի՝ մասնակցել ընտրություններին, որ ձայներ խլի ընդդիմությունից՝ հօգուտ Նիկոլի։ «Առաքելությունն» իսկական սոցապկուսակցություն է։

Առաջին համարը նախկին սոցապնախարար Մանե Թանդիլյանն է, իսկ երկրորդը՝ Մեսրոպ Առաքելյանը։ Երկուսն էլ խոստումներ էին տվել ու ոչինչ չարեցին։ Այսպես դասավորվեց Մովսես Առաքելյանի կյանքը՝ վարկ տվողից նախարարի աթոռին ցատկեց, այնտեղից էլ՝ կուսակցության օֆիս։  

«Բոլոր այն անձինք, որոնք պատրաստ են միասին աշխատել եւ արագ հասնել այդ նպատակներին, շարունակելու են աշխատել»,- հայտարարել էր Առաքելյանը՝ նախարար դառնալու օրը, իսկ նշանակումից մեկ ամիս անց ասաց․ «Այն մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել, կմնան, առավել եւս՝ ստորին օղակներում, չեմ կարծում, որ էական փոփոխություններ կարվեն՝ նկատի ունենալով, որ նախարարության զգալի հատվածն արդեն երկար ժամանակ աշխատում է եւ զբաղված է մինչ այժմ տեղի ունեցող բարեփոխումներով»։ 

Բայց անցած կես տարում Առաքելյանը հիմնահատակ քանդեց սոցապհամակարգը, հարյուրավոր մարդիկ մնացին անգործ կամ մոտալուտ պաշտոնանկության հեռանկարի առաջ։ Համաշխարհային բանկի միջոցներով իրականացվող «քանդման» ծրագրով սոցիալական պաշտպանության առանձին մարմինները՝ սոցիալական ապահովության ծառայությունը, բժշկասոցիալական փորձաքննությունը, զբաղվածության ծառայությունը, մարզային սոցիալական աջակցության 38 գործակալություններն ու համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինները, միացան։ Ստեղծվեց մեկ կառույց՝ միասնական սոցիալական ծառայություն, որը, սակայն, դեռ թղթի վրա է։ Նորաստեղծ հիմնարկները մարզերում չունեն գրասենյակներ, հաճախ այլ հիմնարկների հետ են տեղավորվում, տարրական կոմունալ ու աշխատանքային հարմարություններից զուրկ են։ Աշխատակազմն անորոշության մեջ է։ Մեծ մասին ազատել են աշխատանքից, մյուսները չգիտեն՝ մնո՞ւմ են, թե՞ գնում։ 

Ապրիլի 1-ից միասնական ծառայությունը պետք է աշխատեր, բայց մեր աղբյուրները վկայում են, որ իրականում այն չի գործում։ «Առայժմ հին ձեւով են աշխատում։ Չի ստացվում դա։ Իրենք չեն կարողանում մարդ հավաքել, կադրեր չունեն, աշխատավարձերը ցածր են»,- ասաց նախկին աշխատակիցներից մեկը։ Ի՞նչ եղավ միասնական ծառայության հետ, ինչո՞ւ չի կարողանում լիարժեք աշխատել։ Հարցն ուզում էինք ուղղել այս ծառայության ձեւավորման աշխատանքները համակարգող փոխնախարար Աննա Ժամկոչյանին, սակայն նախարարությունից պատասխանեցին, որ նա հիվանդանոցում է։ Նրա ենթականերից մեկը պարզաբանեց․ «Միասնական սոցիալական ծառայությունն այս պահի դրությամբ աշխատում է, սակայն կան հաստիքներ, որոնք համալրման գործընթացի մեջ են»։ Այսքանը։ 

Նախարարը խոստանում էր, որ հին ու փորձառու կադրերի հետ խնդիր չունի եւ աշխատելու է։ Բայց կարճ ժամանակում կադրային մկրատի տակ հայտնվեցին ամենափորձառուները՝ նախարարի խորհրդական Աստղիկ Մինասյանը, փոխնախարար Սմբատ Սաիյանը, կենսաթոշակների վարչության պետ Անահիտ Գալստյանը։ Նրանց փոխարեն համակարգ մտան ՄՈԳՈ-ի կադրերը։