Քերոբյանը հորդորում է հայ արտադրողներին արտահանման նոր շուկաներ գտնել
«Ցանկացած բիզնեսի տեսանկյունից շատ տրամաբանական է, որ չի կարելի բոլոր ձվերը դնել մի զամբյուղի մեջ, պետք է հավասարաչափ բաշխել վաճառքները, եթե նույնիսկ մի ուղղությամբ վաճառքն ավելի քիչ ջանք և մեծ եկամուտ է պահանջում, որպեսզի դիվերսիֆիկացիա լինի: Եղած իրավիճակը համարում եմ լավ առիթ, որ բոլոր արտադրողները նորից վերանայեն իրենց արտահանման ստրատեգիաները և փորձեն գտնել նոր շուկաներ»: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Իրականում մեր ընկերությունների մեծ մասը դժվարությամբ է կոմֆորտի զոնայից դուրս գալիս։ Իհարկե հասկանալի է, որ պարզ շուկաներից չեն ուզում ընդլայնվել ավելի բարդ, ավելի խորը գիտելիքներ և փորձ, բանակցային հմտություններ ու ստանդարտներ պահանջող շուկաներ։ Մեր քթի տակ կան այնպիսի կիսադատարկ շուկաներ, ինչպիսին Իրաքն է, կամ ծոցի երկրները, որտեղ հանգիստ կարելի է արտահանումը զարգացնել։ Այժմ քննարկում ենք արտահանման օժանդակության որոշակի գործիքներ մտցնել։ Քննարկվում է արտահանման լոգիստիկ ծախսերի որոշակի փոխհատուցման գործիքներ մտցնել, դա շատ արագ պետք է անենք, որ արագ փչացող ապրանքների այլընտրանքային շուկաներում կարողանանք վաճառել, որովհետև շատ դեպքերում համարում ենք, որ այն ապրանքները, որոնք արտադրվում են ՀՀ-ում, կարող են վաճառվել այլ շուկաներում»,- ասել է նա։
Կարծիքներ