Նախարարության կողմից բուհը վերահսկողության տակ վերցնելու միտում կա

Նախարարության կողմից բուհը վերահսկողության տակ վերցնելու միտում կա

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի եւ ռեկտորի սպասվելիք ընտրությունների վերաբերյալ զրուցել ենք ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ռեկտորի թեկնածու Վահե Հովհաննիսյանի հետ։

- Հոգաբարձուների խորհրդի առաջին նիստում քննարկվել է ռեկտորի պաշտոնի համար մրցույթ հայտարարելու հարցը։ Դուք տեսնո՞ւմ եք իրավական հիմք՝ նոր մրցույթ հայտարարելու համար, թե՞ պետք է շարունակել սկսվածը։

- Իրավական տեսանկյունից, քանի դեռ նախորդ մրցույթը չեղյալ չի ճանաչվել, ռեկտորի բոլոր թեկնածուները պահպանում են իրենց թեկնածությունը եւ հնարավորություն ունեն մասնակցելու մրցույթին։ Ինչ վերաբերում է լեգիտիմությանը, ապա այդ առումով կա 2 մոտեցում․ առաջին մոտեցման համաձայն՝ գտնում են, որ եթե հոգաբարձուների խորհրդի կազմը փոխվել է, ապա ճիշտ չի լինի, որ նախորդ կազմի ժամանակ հայտարարված մրցույթը փաստացի իրականացնի եւ քվեարկի նոր հոգաբարձուների խորհուրդը՝ նոր կազմով, բայց պետք է հասկանալ, որ խորհուրդը՝ որպես իրավաբանական անձի բարձրագույն կառավարման մշտապես գործող մարմին, պետք է հանդիսանա իրավահաջորդ՝ նախորդ հոգաբարձուների խորհրդի կողմից հայտարարված մրցույթի պայմաններին համապատասխան ռեկտորի ընտրություն կազմակերպելու համար, եւ քանի որ իրավաբանական տեսանկյունից նախորդ մրցույթն իր ուժը չի կորցրել, ապա նոր մրցույթ հայտարարել հնարավոր չէ։

- Դուք միտում տեսնո՞ւմ եք, որ ռեկտորի ընտրությունները ցանկանում են արհեստականորեն երկարաձգել։

- Ես կարող եմ միայն փաստել, որ մրցույթը հնարավոր էր կազմակերպել շատ ավելի շուտ, ընդ որում՝ երբ հոգաբարձուների խորհուրդը կատարեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում, հիմնավորումների մեջ նշվեց, որ ԺՊ-ի խնդիրն ընդամենը օպերատիվ, շատ կարճ ժամանակահատվածում ճգնաժամային կառավարում իրականացնելն է, որից հետո պետք է կազմակերպվեր ռեկտորի ընտրությունը, եւ հայտարարվեր մրցույթ։ Ինչ-ինչ պատճառներով, որոնց մասին ես չեմ կարող հստակ եզրահանգում անել, մրցույթը երկարաձգվեց, մրցույթ չէր հայտարարվում, բայց երբ հայտարարվեց, արդեն իսկ արտակարգ դրության պայմաններում, պարետի որոշմամբ, սահմանափակվեց խորհրդի նիստ անցկացնելը։ Ապրիլի 1-ից, երբ հոգաբարձուների խորհրդի լիազորություննների ժամկետը լրացավ, պարետի որոշմամբ որեւէ կերպ սահմանափակված չէր հոգաբարձուների նոր խորհուրդ ձեւավորելը, հետեւաբար, շատ հանգիստ կարող էին նոր խորհուրդ ձեւավորել եւ մրցույթն անցկացնել, ուղղակի ինչ-ինչ պատճառներով դա տեղի չունեցավ։

- Գեւորգ Մուրադյանը 2-րդ անգամ ընտրվեց հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Ի՞նչ տպավորություն ունեք այդ նիստից եւ ի՞նչ կասեք Մուրադյանի վերընտրման մասին։

- Անձերի հետ կապված խնդիր ես չէի ցանկանա բարձրաձայնել, կցանկանայի ավելի շատ ինստիտուցիոնալ մակարդակով մոտենալ հարցին։ Նախեւառաջ մենք պետք է ունենանք հոգաբարձուների իրապես գործող խորհուրդ, նախորդն այս առումով խնդրահարույց էր, իսկ հոգաբարձուների խորհրդի նախագահի հիմնական պարտականությունը կամ առաքելությունը պետք է հանդիսանա խորհրդի աշխատանքի կազմակերպումը։ Մենք պետք է նայենք, թե հոգաբարձուների նախորդ խորհուրդն ինչ աշխատանք է կատարել, ինչ պայմաններում եւ ինչ արդյունք է ցույց տվել։ Խորհրդի այս նիստը բավականին խնդրահարույց էր, ես գտնում եմ, որ իրավական եւ բարոյաէթիկական առումով նիստը խնդիրներ ուներ։ Այն տեսանկյունից, որ երբ հայտարարվեց, որ Գեւորգ Մուրադյանն ընտրվել է 18 ձայնով, եւ եթե մենք վերլուծում ենք այդ 18 քվեարկողների որակական համամասնությունը, տեսնում ենք, որ 18 հոգուց 16-ը նախարարության եւ կառավարության քվոտայով ընդգրկված անձինք էին, այսինքն՝ քաղաքական իշխանության ներկայացուցիչները։ Համալսարանական թեւից ընդամենը 2 հոգի է կողմ քվեարկել։ Եթե համալսարանական ճնշող մեծամասնության համար հոգաբարձուների խորհրդի նախագահն անընդունելի է, ապա հարց է առաջանում՝ նա ինչպե՞ս պետք է ներկայացնի ԵՊՀ-ն։ Ստացվում է, որ այսօր մենք ունենք ցածր լեգիտիմությամբ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Բացի դրանից, այնտեղ նաեւ հարց բարձրացվեց հոգաբարձուների խորհրդի նախագահի, այդ ժամանակ՝ անդամի, նշանակման իրավաչափության վերաբերյալ եւ ոչ միայն վիճարկվեց նրա նշանակվելու հանգամանքը, այլեւ ֆիդուցիալ պատասխանատվության հարց բարձրացվեց, իսկ ֆիդուցիալ պատասխանատվությունը եւ դրա շրջանակներից դուրս գալն արդեն իսկ հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հիմք է։ Հետեւաբար ե՛ւ իրավական, ե՛ւ բարոյաէթիկական տեսանկյունից այդ ընտրությունը խնդրահարույց էր։

- Ի՞նչ հարաբերություններ ունեք Արայիկ Հարությունյանի հետ։ Խոսվում է, որ նրա նախընտրելի ռեկտորի թեկնածուն Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանն է։ Կա՞ հովանավորչություն։

- Ես Արայիկ Հարությունյանի հետ որեւէ հարաբերություն չունեմ, ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, տեղյակ չեմ իրենց հարաբերություններից։ Բայց թեկնածուների հետ կապված՝ կարող եմ ասել, որ բոլորն էլ գործընկերներ են, բոլորն էլ համալսարանում որոշակի հետագիծ եւ վաստակ ունեցող անձինք են։

- Որո՞նք են այն առանցքային փոփոխությունները, որոնք, ռեկտոր ընտրվելու պարագայում, պատրաստվում եք իրականացնել համալսարանում։

- Ամենաառաջինը՝ մենք պետք է գնահատենք համալսարանի ուժեղ եւ թույլ կողմերն ու հնարավորությունները։ «Ես համալսարանական եմ» նախաձեռնությունը ներկայացրել է համընդգրկուն ծրագիր, որը հիմնված է բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վրա։ Այդ չափանիշները կյանքի կոչելու համար առաջադրվել է 40 խնդիր, որոնք իրագործելու համար ներկայացվել է 202 գործողություն։ Ամենակարեւոր հանգամանքը, որ պետք է բոլոր թեկնածուների ծրագրերը պարունակեն, այն է, որ մենք պետք է ունենանք չափելի, հստակ, շոշափելի արդյունքներ ապահովող գործողությունների պլան։ Օրինակ՝ առանձին պահանջներ ենք սահմանել, թե ինչպիսի վարչական կառուցվածք պետք է ունենա համալսարանը, ինչպիսի ենթակառուցվածքներ, ինչ պահանջներ ենք մենք առաջադրում ուսանողների, պրոֆեսորադասախոսական կազմի համար, կրթական ծրագրերն ինչ արդյունք պիտի ապահովեն։ Այդ ամենը հանգամանալից վերլուծված եւ ներկայացված է։ Մենք պետք է նաեւ շատ լուրջ գիտական արդյունք ապահովող բուհ լինենք։

- Դուք ասացինք, որ հոգաբարձուների խորհրդի՝ կառավարության եւ լիազոր մարմնի ներկայացուցիչները միանձնյա քվեարկում են իրենց թեկնածուի օգտին, այդ դեպքում ինչպե՞ս պիտի ընտրվեք։ Իշխանական թեւից Ձեզ ձայներ կտա՞ն։

- Ընտրությունների մասին դեռ վաղ է խոսելը, որովհետեւ մենք առաջինը պիտի պարզենք, թե ինչ իրավական ընթացակարգ է լինելու, ինչպես է ապահովվելու ծրագրային ընտրությունը։ Եթե մենք դիտարկում ենք զուգահեռ տարվող պրոցեսները, թե այն, ինչ տեղի է ունենում կրթական ոլորտում, ապա նկատում ենք քաղաքական իշխանության, ավելի կոնկրետ՝ ԿԳՄՍ նախարարության կողմից բուհը խիստ վերահսկողության տակ վերցնելու միտում։ Զուտ այն հանգամանքը, որ քաղաքական իշխանության քվոտայով նշանակված հոգաբարձուների խորհրդի անդամները միասնական քվեարկում են նախապես որոշված սցենարով, ընդ որում՝ ԿԳՄՍՆ որոշ պաշտոնյաներ դա չեն էլ թաքցնում, հետեւաբար, հարց է առաջանում՝ մեր Սահմանադրությամբ հռչակված բուհերի ինքնակառավարման իրավունքը, հետազոտությունների եւ ակադեմիական ազատությունների իրավունքը, որի վրա անընդհատ հղում էր արվում ե՛ւ քաղաքական իշխանության կողմից, ե՛ւ նախարարության, ինչպե՞ս են կյանքի կոչվելու։ Մենք այս հարթության մեջ ունենք հայտարարություններ, բայց ռեալ կյանքում կատարված գործողություններին լրիվ հակառակ այլ տրամաբանություն։