Հայոց պատմության մութ կետերը․ «20» ստացողների թիվն աննախադեպ է

Հայոց պատմության մութ կետերը․ «20» ստացողների թիվն աննախադեպ է

Այս տարվա ընդունելության քննություններին «Հայոց պատմություն» առարկայի հետ ինչ-որ բան այն չէր։ Ընդունելության միասնական քննությունից մոտ 60 հոգի ամենաբարձր՝ 20 միավոր է ստացել։ Սա հեքիաթային արդյունք է, որի հետ կապված՝ շատ զարմացած են մասնագիտական շրջանակները։

Գաղտնիք չէ, որ պատմությունն ամենաբարդ քննական առարկաներից է, եւ այդ քննությունից անգամ 16 միավոր ստանալը մեծ հաջողություն էր համարվում, իսկ «20» ստացողներին բուհում սովորելու հետագա բոլոր տարիներին մատով էին ցույց տալիս։ 2019-ին հայոց պատմությունից 20 միավոր ստացել է 21 դիմորդ, եւ սա շատ բարձր ցուցանիշ է համարվել։ 

Իսկ պատմական հանճարի այս տարվա փայլատակումն անհավանական է։ Չի բացառվում, որ մութ սխեմա է գործել, կամ էլ դիմորդներին ու նրանց ծնողներին հաջողվել է «համաձայնության գալ» համակարգչի հետ, քանի որ հենց համակարգիչն է ստուգել մասնակիցների գիտելիքները։ Փակ աղբյուրից հայտնի դարձավ, որ 19 միավոր ստացողների թիվն էլ է այս տարի աննախադեպ բարձր եղել՝ նախորդ տարիներից անգամներով առավել։ 
«160 հոգի պատմության միասնական քննությունից 19 բալ է ստացել։ Պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի համար ստիպված են եղել եւս 30 տեղ ավելացնել, քանի որ «19» ստացած 30 դիմողներ դուրս էին մնալու։ Ստիպված՝ տեղերն ավելացրել են»,- ասաց տեղյակ անձը։ Նա նաեւ հայտնեց, որ շրջանավարտները, կարելի է ասել, վերջին պահին են իմացել, որ միակ միասնական քննությունը լինելու է հենց հայոց պատմությունից։ Հիշեցնենք՝ այս տարի մեկ քննությունով են ընդունվել։ «Նախարարն է որոշել, թե որ բուհն ինչ քննություն է տալու։ Հայերենի վերաբերյալ հրամանը գրված է եղել, բոլորին ասել են, որ հայերենն է գնալու, ու կարճ ժամանակ առաջ որոշվեց, որ պատմություն են հանձնելու»։ 

Կրթության նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանին հարցրինք, թե ինչու է հայոց լեզուն վերջին պահին փոխարինվել «Հայոց պատմություն» առարկայով։ Նա ասաց, որ ոչ թե ԿԳՄՍ նախարարը, այլ բուհերն են որոշել, թե երեք առարկաներից որին առաջնահերթություն տան եւ դարձնեն քննական։ «Բուհերն իրենք են որոշել, թե որ առարկան լինի իրենց համար քննական։ Դա ո՛չ մենք ենք որոշել, ո՛չ էլ նախարարությունը»,- ասաց Խաչանուշ Գրիգորյանը։  

Մենք նրանից չկարողացանք պաշտոնական թվի վերաբերյալ պատասխան ստանալ, թե «Հայոց պատմություն» առարկայից քանի «20» ստացող ունենք։ Կենտրոնն առայժմ չի ամփոփել ընդունելության քննությունների արդյունքները։ Միայն 6 օտար լեզուների վերաբերյալ են ընդհանուր թվեր հրապարակվել, ներառյալ ռուսերենը։ Ո՞րն է պատճառը, որ ընդունելության քննությունների պաշտոնական պատկերը մինչեւ հիմա չունենք։ ԳԹԿ մամուլի հետ կապերի պատասխանատուն մեր հարցը լսելով՝ վստահեցրեց, որ կենտրոնի համակարգչային բաժինը, որը զբաղվում է այդ գործով, աշխատել է գերծանրաբեռնված գրաֆիկով։ «Օրական 16-18 ժամ են աշխատել, աշխատակիցները կենտրոնում են քնել, ու հիմա իրենք արձակուրդում են»։ 
Իրականում, սակայն, արդյունքները վաղուց ամփոփվել են։ Այս մասին մեզ հայտնեց ԳԹԿ մասնագետներից մեկը։ Սակայն լավ հասկանալով, որ ներկա թվերը հարցեր են առաջացնելու, չեն հայտարարում։ Մեկ այլ խորամանկ հնարք էլ են այս տարի կիրառել։ Անցյալում քննությունների արդյունքներով ցուցակները փակցնում էին տեսանելի տեղում, եւ բոլորի համար պարզ էր, թե ով ինչքան միավոր է ստացել, քանի գերազանց, քանի անբավարար ստացող կա։ Այս տարի յուրաքանչյուր շրջանավարտ-դիմորդ քննության իր գնահատականը ստացել է անհատական նամակով։ Արդյունքում ողջ ցուցակը նրա համար տեսանելի չէ, եւ տեղեկություն այլոց գնահատականների վերաբերյալ նա չունի։ 

Պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու Արտակ Մովսիսյանին շատ զարմացրինք, երբ ասացինք, որ ԳԹԿ-ն դեռ չունի պաշտոնական տվյալ հայոց պատմության քննության արդյունքների վերաբերյալ։ «Հրամանագրումից հետո ո՞նց կարող է  չունենան, եթե մարդիկ սեպտեմբերին դասի են գնալու»,- ասաց նա։ Եղե՞լ են արդյոք տարիներ, երբ հայոց պատմությունից 60, 100, 160 մարդ «19» կամ «20» ստացած լինի։ Մեր հարցին նա պատասխանեց․ «Ճիշտն ասած, այս տարի ես ընդհանրապես չեմ հետաքրքրվել, համակարգում ես չկամ։ Անցյալ տարիներին, երբ որ թեստով դարձավ քննությունը, «20» ստանալ հայոց պատմությունից արդեն բարդ չէր։ Իսկ այն ժամանակ, երբ որ ամբողջը շարադրում էին, հաճախ «18»-ից բարձր ստացողներ չէին լինում։ «18»-ը մեր «20»-ն էր դարձել, որն աբսուրդ էր, իհարկե»։