«Հրապարակ». ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զենք վաճառել Բաքվին եւ կարեւորի ՀՀ-ի անվտանգ գոյատեւումը

«Հրապարակ». ԱՄՆ-ն պետք է դադարեցնի զենք վաճառել Բաքվին եւ կարեւորի ՀՀ-ի անվտանգ գոյատեւումը

Վերջին շրջանում ԱՄՆ-ն զգալիորեն ակտիվացել է Հարավային Կովկասում․ օրերս Հայաստան եւ Ադրբեջան այցելեց կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն։ Ռուսաստանն իր հերթին դժգոհում է, որ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նպատակը ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելն է։ Պատկերն ավելի է խտանում ՀԱՊԿ-ի դեմ ՀՀ իշխանությունների բացահայտ դեմարշի, Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման, ինչպես նաեւ Լաչինի միջանցքի շրջափակման հարցում ռուս խաղաղապահների գործողությունների առնչությամբ ՀՀ իշխանությունների դժգոհությունների ֆոնին։ Այս ու այլ թեմաների շուրջ զրուցել ենք ամերիկյան Գլենդելի հայ քաղաքապետ Արտաշես Արդի Քասախյանի հետ։

- ԱՄՆ-ն աշխուժացել է մեր տարածաշրջանում՝ օգտվելով հայ-ռուսական հարաբերություններում առաջացած որոշ տարաձայնություններից, Կրեմլի՝ ռուս-ուկրաինական պատերազմով զբաղված լինելու հանգամանքից։ Ի՞նչ կարող է տալ Վաշինգտոնը Հայաստանին ու Արցախին՝ հայության համար այս վճռորոշ շրջափուլում։

- Վաշինգտոնից Հայաստանին եւ Արցախին անհրաժեշտ է ավելին, քան ապահովության եւ անվտանգության մասին ԱՄՆ-ի բանավոր հավաստիացումները։ Չափազանց երկար ժամանակ ԱՄՆ-ն միայն մասամբ է աջակցել Հայաստանին՝ միաժամանակ աջակցելով Ադրբեջանին եւ այլ երկրներին, որոնք ցույց են տվել, որ իրենց շահերը չեն համապատասխանում Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։ ԱՄՆ-ն պետք է գործադրի Ազատության աջակցության ակտի 907-րդ բաժինը եւ դադարեցնի Ադրբեջանին տրամադրվող բոլոր ֆինանսական եւ ռազմական օգնությունն ու զենքի վաճառքը: Դա հստակ ուղերձ կհղի Բաքվին, որ Վաշինգտոնի համար կարեւոր է Հայաստանի գոյատեւումը եւ նրա սահմանների ամբողջականությունը։

- Չնայած միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի կողմից Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Ադրբեջանին ուղղված կոչերին, Բաքուն շարունակում է պնդել, թե իբր միջանցքը փակ չէ, ավելին՝ արդարացնում է կեղծ բնապահպանների բողոքի ակցիան։ Ինչպե՞ս լուծել այս դիլեման, ինչպե՞ս ճնշել Ադրբեջանին՝ վերջ տալու Արցախի շրջափակմանն ու հումանիտար աղետին։

- Կրկին խնդիրը հանգում է ճնշում գործադրելուն: Ներկայում Արցախում հայ խաղաղ բնակիչները սարսափելի պայմաններում են ապրում, եւ դեռ պարզ չէ, թե ինչպես կարող է Ադրբեջանի վարչակարգն ասել, որ շրջափակում կամ ճգնաժամ չկա, եթե այնտեղ Կարմիր խաչի աշխատակիցներ կան։ Կարմիր խաչը ռեսուրսներ չի տեղակայում այն տարածքներում, որոնք ճգնաժամային չեն: Այնպես որ, ադրբեջանական պնդումները ծիծաղելի են, ինչպես Բաքվի պնդումների մեծ մասը։ Այն միտքը, որ հանածո վառելիքի եւ բնական գազի աշխարհի առաջատար արտահանողներից մեկն այժմ հանկարծակի անհանգստանում է շրջակա միջավայրի համար, ոչ միայն ծիծաղելի է, այլեւ ցանկացած լուրջ համաշխարհային առաջնորդ կարծում է, որ այս փաստարկը միանշանակ անհեթեթություն է: Հայաստանի եւ Արցախի միջեւ ճանապարհի բացման միակ ելքն Ադրբեջանի վրա ազդեցություն ունեցող գերտերությունների արտաքին ուժն է։ 

- Հայաստանի իշխանությունները մշտապես խոսում են Երեւանի եւ Անկարայի հնարավոր հաշտեցման, սահմանների բացման, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու մասին։ Սփյուռքում ի՞նչ դիրքորոշում կամ կանխատեսում ունեն այս հարցերի հետ կապված։ Հնարավո՞ր է դարավոր թշնամիների հետ ապրել խաղաղ ու անվտանգ։

- Արդյո՞ք մենք կարող ենք խաղաղ ապրել մեր թշնամիների հետ: Դրա պատասխանը կախված է նրանից, թե ում ենք թշնամի համարում եւ ինչու։ Ես ոչ մի ազգի թշնամի չեմ համարում, սակայն Թուրքիային եւ Ադրբեջանին դիտարկում եմ որպես Հայաստանի գոյատեւման հստակ եւ ներկա սպառնալիք՝ հիմնված պատմության եւ վերջին իրադարձությունների վրա: 
Ոչ մի ազգ չի զղջացել Հայաստանի դեմ իրականացված ցեղասպանության եւ էթնիկ զտումների համար եւ զգալի ռեսուրսներ չի ծախսել սեփական պատմությունը սպիտակեցնելու համար: Քանի դեռ թուրք ժողովրդի մտածելակերպը չի փոխվել, որեւէ մեկի համար շատ դժվար կլինի վստահել, որ անցյալի հանցագործությունները չեն կրկնվի։ Այսօր Ադրբեջանում հայերին պատանդ են պահում, մինչդեռ Հայաստանում ադրբեջանցի գերիներ չկան։ Այս գերիներն օգտագործվում են որպես սակարկության առարկա՝ ճնշում գործադրելու Հայաստանի վրա, որպեսզի մեր երկիրն անի այնպիսի բաներ, որոնք ձեռնտու չեն ժողովրդին: 
Ուրիշ ինչպե՞ս կարելի է դա բացատրել, երբ Ադրբեջանում կան պատերազմական հանցագործներ եւ հայերի մարդասպաններ, ովքեր ազատորեն քայլում են եւ հերոսացվում։ Թուրքիան եւ Ադրբեջանը ցույց տվեցին աշխարհին, որ իրենց հարաբերությունները վերին աստիճանի սերտ են եւ բարբարոս բնույթ ունեն․ ապացույցը 2020-ին անմեղ հայերի սպանություններն էին։ Չգիտեմ, թե ինչու եւ ինչպես որեւէ մեկը կարող է հավատալ, որ դա այլեւս չի կրկնվի:

Արա Ալոյան