Իրանին ընդունելի և ոչ ընդունելի մեթոդներով փորձում են պատերազմի մեջ ներքաշել

Իրանին ընդունելի և ոչ ընդունելի մեթոդներով փորձում են պատերազմի մեջ ներքաշել

Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի վրա հարձակողական դրոնների պայթյունից զոհվեց երեք ամերիկացի զինվոր, ևս 26-ը տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան։ Ամերիկյան կողմը շտապեց հայտարարել, որ դրանք իրանական հրթիռներ էին ու գրեթե բոլորը համոզված էին՝ Իրանի վրա հարձակումը ժամերի հարց է։ 

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանին հարցրեցինք` Իրան-ԱՄՆ պատերազմը մոտենո՞ւմ է, ո՞վ է իրականում փորձում պատերազմ հրահրել։ 

- Իրականում ԱՄՆ-ն է, որ առիթ է ստեղծում Իրանին պատերազմի մեջ ներքաշելու համար։ Որովհետև տեսնում է, որ Իրանն իր պրոքսի ուժերով՝ Հեզբոլլահով և այլ ուժերով, պայքարում է Իսրայելի դեմ և իրենց պետք է, որ Իրանն անմիջական ռազմական գործողությունների մասնակից լինի և ներքաշելով ուղիղ պատերազմի մեջ` հարված հասցնի։

- Որքանո՞վ է հավանական Իրանին հարվածելը եւ երբ կլինի:

- Որպես այդպիսին` օր, ժամ ասելն անլուրջ է, որովհետև ԱՄՆ պետդեպը չակերտներ չի բացում, բայց այն, որ Միացյալ Նահանգներն ուզում է Իրանին ուղիղ ներքաշել պատերազմական գործողությունների մեջ, ակնհայտ փաստ է։ Ու քանի որ Միացյալ Նահագներում գիտեն, որ Իրանը, ի դեմս Հեզբոլլահի և այլ ուժերի, ոչ ուղիղ պատերազմական գործողությունների մասնակից է, այս շարժառիթը կարող էր պատրվակ լինել՝ Իրանին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու համար։ Բայց, հաջորդիվ, Իրանը ապացուցողական` փաստաթղթավորված հիմնավորումներով, ասաց, որ որևիցե առնչություն չունի այդ պայթյունի հետ, ու եթե չեմ սխալվում, դրանից հետո Միացյալ Նահանգները ևս ընդունեց, որ Իրանի անմիջական մասնակցությունը չի եղել։ Իրանի կողմից ֆինանսավորվող, օժանդակվող ուժերի կողմից է եղել։ 

- Երեկ Իրանն առաջին հրթիռն արձակեց տիեզերք՝ երեք արբանյակներով։ Սա ազդանշա՞ն էր ԱՄՆ-ին, որ հարձակման պարագայում արժանի հակահարված կստանաք եւ ինչո՞ւ ԱՄՆ-ն հետքայլ արեց, եթե Իրանին ուզում էր հարվածել։ 

-Եթե փորձենք ընդհանուր համատեքստում դիտարկել, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը ցույց է տալիս, որ բացի այն, որ ինքն ի վիճակի է և ունի միջուկային գերտերության հնարավորություններ, այսօր նաև կարող է դուրս գալ տիեզերք և հետևաբար նրա հետախուզական հնարավորությունները կարող են նաև ավելին լինել։ Ունենալ արբանյակ տիեզերքում, որը հասկանալի պատճառներով նաև հետախուզական ֆունկցիաներ է կատարելու, միանշանակ Միացյալ Նահանգների համար լուրջ մեսիջ էր, որ դա կարող է նաև ԱՄՆ-ի դեմ օգտագործվել։ Այն, որ դրանով տոպոգրաֆիկ քարտեզագրություն և վիզուալիզացիա կարող են անել Իրանի Իսլամական Հանարպետության համապատասխան մասնագետները արբանյակի միջոցով՝ դա փաստ է։ Իհարկե, ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի հակընդդեմ քայլ են ձեռնարկելու Միացյալ Նահանգները, տվյալ դեպքում արբանյակի գործարկման հետ կապված։ Բայց այն, որ Իրանին ընդունելի և ոչ ընդունելի մեթոդներով փորձում են պատերազմի մեջ ներքաշել՝ դա փաստ է։ 

- Ենթադրենք հարվածեցին Իրանին։ Մեր տարածաշրջանում ի՞նչ պատկեր կստեղծվի, ո՞ր երկրներն առավելապես կտուժեն ու ինչպես դա կազդի մեր վրա։

- Պատերազմի հավանականությունը Իրանի մասնակցությամբ տեկտոնական տեղաշարժեր կառաջացնեն ամբողջ տարածաշրջանում, Միջին Ասիայում և ինչու չէ` Հարավային Կովկասյան հատվածում։ Որովհետև Իրանի մասնակցությունն իր հետ կներգրավի նաև Սիրիայի, Հորդանանի, ընդհուպ մինչև Սաուդիան Արաբիայի, տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները՝ Լիբանան, Եմեն։ Այս պարագայում դա արդեն կլինի ոչ թե լոկալ, այլ ամբողջ Միջին Արևելքի և Հեռավոր Արևելքի տարածաշրջանի գլոբալ հակադրություն` ռազմական տեսքով։ Այս պարագայում, այո, շատ լուրջ պրոբլեմատիկ իրավիճակներ կլինեն նաև Հայաստանի Հանրապետության համար, որովհետև մեր թշնամին` գիտենք ինչ ծավալապաշտական նկրտումներով, սպասում է լավ շարժառիթի, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը շեղվի այլ կոնֆլիկտների վրա և օգտագործի այդ հնարավորությունը՝ իր առավելապաշտական նկրտումներն իրականացնելու համար։ Այս պարագայում ռիսկային է... 

 -Հնարավո՞ր է, որ այնուամենայնիվ Իրանին հարվածելու պարագայում դա կհանգեցնի համաշխարհային պատերազմի։ 

-Եթե ընդունենք, որ ուկրաինական ճգնաժամը կարող է Մերձավոր Արևելքն էլ ներգրավել, որովհետև ՆԱՏՕ-ն այս պահին կարծես պրոուկրաինական դիրքորոշմամբ փորձում է օժանդակել և ավելի լայնամասշտաբ պատերազմ դարձնել, հետևաբար, եթե Մերձավոր Արևելքում էլ բռնկվի պատերազմ, կարելի է ենթադրել, որ ուժերի վերադասավորության արդյունքում կլինի համաշխարհային պատերազմ, ինչու` ոչ։ Համաշխարհային պատերազմը հենց նման լոկալ պատերազմների արդյունքում է եղել՝ ներգրավելով տասից ավելի պետություններ։ Տվյալ դեպքում տասից ավելի պետություն հաստատ կներգրավվի պատերազմական գորոծղություններում, իսկ դա արդեն համաշխարհային պատերազմ կարելի է կոչել։ 

-ԱՄՆ-ում պատրաստվում են նախագահական ընտրություններին, ԱՄՆ-ի կողմից «բզբզալու» այս փորձերը նախընտրական քարոզչության հետ կապ ունե՞ն։ 

-Տեսեք, իրականում ինչ է տեղի ունենում։ Բնականաբար քարոզչամեքենա է օգտագործվում: Դրա համար էլ Թրամփը պաթոսային և դեմագոգիկ հայտարարություն արեց, ասելով, որ այն օրը, երբ Միացյալ Նահանգների նախագահը կլինեմ ես, այնպես կանեմ, որ ուկրաինական պատերազմը կդադարի և այնպես կանեմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները լրիվ կկարգավորվեն ու այն փաստը, որ մենք միլիոնավոր դոլարներ ենք ծախսում Մերձավոր Արևելքում, ապա այդ բոլոր ծախսերն անհիմն են, ոչ պիտանի և Միացյալ Նահանգներին փաստացի մեղադրեց պատերազմական գործողությունների սկզբնաղբյուր լինելու մեջ։ Եթե նա դառնա նախագահ, ապա նա կփորձի փոխել այդ քաղաքականությունը։