Էջմիածնի և Մեծամորի հիվանդանոցները պատրա՞ստ են վիրավոր ընդունել

Էջմիածնի և Մեծամորի հիվանդանոցները պատրա՞ստ են վիրավոր ընդունել

Առաջիկա չորս տարիներին կնորոգվեն ու կարդիականացվեն ՀՀ 10 մարզային հիվանդանոցներ՝ նշված է կառավարության 2018թ. սեպտեմբերի 8-ի 1030 որոշման մեջ: Արմավիրի մարզի որեւէ հիվանդանոց այդ ցանկում ներառված չէ:

Եթե հաշվի առնենք, որ մարզկենտրոն Արմավիրի բուժկենտրոնը տարիներ առաջ նորոգվել է, այդ իսկ պատճառով դուրս մնացել հիմնանորոգման պետական ծրագրից, ապա նույնն ասել Էջմիածնի եւ Մեծամորի հիվանդանոցների մասին, անթույլատրելի է:

Թե՛ հոգեւոր կենտրոնի, թե՛ էներգետիկների քաղաքի հիվանդանոցներն անհիշելի ժամանակներից խղճուկ ու անմխիթար վիճակում են: Շենքային վանող պայմաններն ու հին սերնդի բուժտեխնիկան արդեն իսկ լավ տպավորություն չեն փոխանցում: 

Որքան էլ բուժանձնակազմը պրոֆեսիոնալ ու հոգատար է, քիչ թե շատ հնարավորություն ունեցողները նախապատվությունը տալիս են մայրաքաղաքի բուժհաստատություններին:
«Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ եւ Մայր Աթոռի բժիշկ Հայկ Տեր-Խաչատրյանն անհասկանալի է որակում պետության վերաբերմունքն Էջմիածնի եւ Մեծամորի հիվանդանոցների նկատմամբ: Ասում է՝ երկուսն էլ ռազմավարական նշանակություն ունեն, հետեւապես, ավելի քան օրակարգային են դրանց հիմնանորոգումն ու արդիականացումը: 

«Պատերազմող երկիր ենք: Աստված չանի, բա որ Ադրբեջանն իր հարվածի ուղղությունը փոխի եւ ընտրի Նախիջեւանի ուղղությունը, մեր հիվանդանոցները պատրա՞ստ են վիրավորներ ընդունել. վիրավորների հոսքը ո՞ւր է գնալու՝ Երեւա՞ն: Միայն կոմունիկացիոն խնդիրները բավարար չեն լինելու դրա համար»։

Նույն խնդրին ամեն պահի կարող են առերեսվել նաեւ ՀԱԷԿ-ի աշխատողները, եթե ատոմակայանում հանկարծ արտակարգ իրավիճակ լինի: «Բուժհաստատություններն արդիականացնելու ծրագրերում ռազմավարական նպատակահարմարությունը պետք է գերակա լինի: Վերջերս Նիկոլ Փաշինյանն էլ ասաց՝ առողջապահական համակարգն ամեն րոպե պետք է պատրաստ լինի արտակարգ դրության»:

Հիշեցնենք, որ Էջմիածնի հիվանդանոցի ամենամեծ մասնաշենքերից մեկը, որտեղ տեղակայված էին մանկական բաժանմունքը, լաբորատորիան ու շտապօգնության ծառայությունը, 1999 թ. չնչին գնով գնեց Մանվել Գրիգորյանն ու վերածեց համալսարանի:

Հիվանդանոցի մյուս մասնաշենքն էլ, կառավարության 2017 թ. որոշումներից մեկով, հավատարմագրային կառավարման էր հանձնվել 3-րդ անձի, հեղափոխությունից հետո կառավարության այդ որոշումը չեղարկվել է: