Նախկինում անօրինաբար լափած պաշտոնյաներին անընդհատ պետք է փռեն ասֆալտին

Նախկինում անօրինաբար լափած պաշտոնյաներին անընդհատ պետք է փռեն ասֆալտին

Հարցազրույց Նիկոլ Փաշինյանի եղբորորդու՝ Տավուշում ռեյտինգային ցուցակով առաջադրված Սիփան Փաշինյանի հետ

- 2017-ին էլ էիք պատգամավորության թեկնածու, վերաբերմունքը շա՞տ է փոխվել Ձեր նկատմամբ ե՛ւ շարքային քաղաքացիների, ե՛ւ մարզի «ասողների» կողմից։ Դուք, ի վերջո, վարչապետի եղբորորդին եք։

- Իհարկե, այս տարի անհամեմատ դրական է մարդկանց վերաբերմունքը, հավանաբար, պայմանավորված է հեղափոխությամբ, եւ նաեւ անցած տարի մեծ գումարներ են բաժանվել, ու հասարակության մոտ մեծ հիասթափություն կար։ Մարդիկ նախընտրում էին գումարը եւ այդպես էին ընտրություն անում։ Հիմա, իսկապես, իրավիճակ է փոխվել։

- Եվ քանի որ Դուք Նիկոլ Փաշինյանի ազգականն եք, ասում են՝ մարզի ազդեցիկները Ձեզ աջակցելու համար հերթ են կանգնում․ այդպե՞ս է։

- Երեւանի քաղաքապետի ընտրության ժամանակ ես եղել եմ Հայկ Մարությանի շտաբի պետը։ Այն ժամանակ իմ համար սկզբունքային հարց է եղել, որ, այսպես կոչված՝ «հազարապետները» որեւէ միջնորդություն եւ ազդեցություն չունենան ընտրության ընթացքի ու արդյունքների վրա։ Այդպես էլ եղավ, որեւէ տասովշչիկ որեւէ գործողություն չի արել։ Նույնն էլ՝ Տավուշի մարզում, որեւէ հազարապետ գոյություն չունի, թե նախկինում ինչ է արել, դա էական չէ, հիմա գործ չունի։ Գործարարները նույնպես որեւէ բան չեն առաջարկել, ես էլ, անկեղծ ասած, չէի սպասում, որ առաջարկեն, ու համաձայնեի։ Ինձ համար ցանկացած քաղաքացու ձայնն է կարեւոր, ոչ թե  մասնավոր աջակցությունների։

- Բայց կարծես թե մամուլում էլ գրվեց Ձեր բուկլետների առատության, ճոխ պաստառների մասին։ Ընդդիմադիր թեկնածուի կարգավիճակում այդպես չէր, ի՞նչ փոխվեց մեկուկես տարվա ընթացքում։

- Ես մամուլում չեմ հանդիպել նման նյութեր, ուղղակի ստատուս եմ կարդացել եւ հարկ չեմ համարել արձագանքել։ Ուղղակի ծիծաղելի է, դուք կարող եք գալ Տավուշ ու ինքներդ ծանոթանալ՝ իմ պաստառները ողողվա՞ծ են, թե՞ ոչ, համեմատության մեջ շա՞տ են, թե՞ ոչ։ Այդ ամենը միֆ է, իսկ ես խորապես թքած ունեմ, քանի որ իմ ժամանակն ընտրողների հետ հանդիպումների վրա եմ ծախսում։ Եվ չպիտի նստեմ ու բացատրեմ, թե որտեղից ԱԺ պատգամավորության թեկնածուին 5 հազար հատ Ա 3-ի պոստեր։ Դա կարող եք նաեւ տպարանից ճշտել, թե ինչ արժեն։

- Ճի՞շտ են տեղեկությունները, որ որոշ տպագրական ընկերություններ Ձեզ համար անվճար են տպում նախընտրական նյութերը, պաստառները, բուկլետները։

- ՀՀ Ընտրական օրենսգիրքը թույլ չի տալիս թեկնածուին նվերներ անել, տպագրական նյութերի վճարումներն ամբողջովին փոխանցում են հիմնադրամից, չի կարող տպարանը շատ ուզի կամ նվեր անի, դա օրենքի խիստ խախտում կլինի։

- Դուք է՞լ եք Ձեր քարոզարշավը տանում «սեւերի ու սպիտակների» տրամաբանությամբ կամ «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու», թե՞ սիրո եւ հանդուրժողականության մթնոլորտում։

- Ես չգիտեմ ինչ նկատի ունեք «ծեփել», «պատերին փռել» ասելով, բայց նախկինում անօրինաբար լափած, կոռումպացված պաշտոնյաներին անընդհատ պետք է փռեն ասֆալտին։ Ինչ վերաբերում է իմ քարոզարշավին, ասեմ, որ այստեղ քաղաքական առումով գոյություն չունեն նախկինները, Ռուբեն Ռուբինյանը հարցազրույցներից մեկում ասել է, չէ՞, որ ՀՀԿ-ն մահացել է եւ պետք է մի բուռ հողը գցենք… Չեմ կարծում, թե ժողովուրդը ՀՀԿ-ի վրա քար դնելու ցանկություն կունենա։ Չասեմ՝ ՀՀԿ-ն մեր մարզում զրո է, բայց որեւիցե մրցակից չունեմ այդ կուսակցությունից, կարծում եմ՝ մնացած ուժերն էլ։

- Նիկոլ Փաշինյանը շատ հետեւողական պատասխանում է ՀՀԿ-ին, ինչը նշանակում է, որ դեռ ՀՀԿ-ն չի մեռել, զրո չէ, համաձա՞յն չեք։

- Ես, ճիշտն ասած, գիշերներն ու ցերեկներն աշխատում եմ, շատ քիչ եմ քնում, ու քանի որ քարոզարշավի ժամանակահատվածը շատ կարճ է, անկեղծ ասած՝ սոցցանցերից քիչ եմ օգտվում ու շատ կարճ ժամանակով։ Հետեւաբար, ծանոթ չեմ, թե ամբողջ Հայաստանում ինչ է կատարվում, թույլ տվեք չմեկնաբանեմ։

- Լավ, պատրաստվում եք ընտրվելու դեպքում խորհրդարա՞ն գործուղվել, թե՞ գործադիր։

- Այս պահին, իհարկե, շուտ է խոսելը, բայց, այո, որեւէ որոշում չկա չգնալու եւ գնալու եմ։

- Ձեր ընտրողը քվեարկելու է Ձե՞ր, թե՞ Նիկոլ Փաշինյանի համար։

- Ե՛վ-ե՛ւ, ամեն ինչ կախված է քարոզարշավից, ի դեպ, այստեղ մենք 7 թեկնածու ունենք, ու նաեւ մեր միջեւ է մրցակցությունը, թեպետ թիմային պայքար ենք ընդհանուր մղում, բայց կրկնում եմ՝ քարոզարշավից շատ բան է կախված։

- Իսկ ինչո՞ւ Ձեզ գրեցին համամասնական ցուցակի վերջից երկրորդը։

- Թույլ տվեք ասել, որ իմ համար ցուցակում տեղն էական չի եղել, եւ այն որոշել է վարչությունը։

- Գրեցին, որպեսզի կանխե՞ն քննադատությունները՝ ծանոթ-բարեկամ սկզբունքը շարունակում է գործել։

- Այդ քննադատությունը շատ հարաբերական է, ես չգիտեմ ինչ հաշվարկով են ինձ գրել նախավերջին հորիզոնականում, ես ընդունել եմ դա, առաջադրվել եւ հիմա էլ անում եմ իմ քարոզարշավը՝ փորձելով ժողովրդին համոզել, որ ընտրեն ինձ։