Ելույթ կունենա՞ Ռոբերտ Քոչարյանը «Լազարևյան ակումբում»

Ելույթ կունենա՞ Ռոբերտ Քոչարյանը «Լազարևյան ակումբում»

Նոյեմբերի 30-ից մինչեւ դեկտեմբերի 1-ը Մարզահամերգային համալիրում կայանալու է Կոնստանտին Զատուլինի նախաձեռնած «Լազարեւյան ակումբի» անդրանիկ նիստը՝ «Հայաստան եւ Ռուսաստան՝ երկու հայրենիք․ պաշտպանություն եւ անվտանգություն» խորագրով։ Լսվելու են զեկույցներ ԼՂ հակամարտության, տարածաշրջանի անվտանգության հարցերով։ Հրավիրված են ՀՀ բոլոր 4 նախագահները։ Սակայն բացի Ռոբերտ Քոչարյանից, մյուսները համաժողովին չեն լինի։ Փաշինյանի խոսնակն ասաց․ «Ոչ, չի մասնակցելու»՝ առանց պատճառ նշելու։ Ակնհայտ է, որ սերն ու համերաշխությունը մեզ դժվար են տրվում։ Արցախի խնդիրը քննարկվելու է առանց Արցախի նախագահի։ Դավիթ Բաբայանը հայտնեց, որ Բակո Սահակյանը չի ներկայանալու, պատճառը զբաղվածությունն է։

Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը տեղեկացրեց․ «Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստացել է հրավեր՝ մասնակցելու «Լազարեւյան ակումբի» հիմնադիր համաժողովին, բայց չի մասնակցելու»։ ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից իրազեկեցին, որ նա եւս չի մասնակցելու։ Իսկ Արմեն Սարգսյանը Գերմանիայում է՝ պաշտոնական այցով, ուրբաթ գիշեր նոր վերադառնալու է։ Այնպես որ, նախագահներից ներկա է լինելու միայն Ռոբերտ Քոչարյանը, ինչն ակամայից հաստատում է, որ այս նոր ակումբի գործունեությունը նրա անվան հետ է կապվում։ Սպասվում է Ռոբերտ Քոչարյանի ելույթը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ։ Չի բացառվում, որ նա ուղղակիորեն կամ տողատակում անդրադառնա իր մեղադրանքին, ներկայիս ներքաղաքական իրավիճակին։

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ասում է․ «Եթե կարողանա, եթե գլխավոր դատախազը Քոչարյանին թույլ տա։ Կամ էլ նա «լայվով» բանտից կմտնի՝ ընդօրինակելով Նիկոլ Փաշինյանին»։ Նա հիշեցրեց, որ ակումբի հիմնադիրների մեջ են Արտաշես Գեղամյանը, Զորի Բալայանը։ «Գեղամյանն առաջարկում է, որ Խորհրդային Միությունը վերականգնվի, Հայաստանն էլ ԽՍՀՄ կազմում լինի, իսկ Զորի Բալայանն էլ առաջարկում է, որ Ղարաբաղը մտնի Ռուսաստանի կազմ»,- բացահայտում է քաղաքագետը։ Նա կանխատեսում է․ «Պատկերացրեք, գլխավոր դատախազը տրիբունալ է ստեղծել եւ տրիբունալով որոշել է դատել Քոչարյանին, գնալ նրա հետեւից։ Վիշինսկու ժամանակ «տրոյկայով» էին դատում, հիմա՝ վեցնյակով։ Վեցնյակը գնացել է Քոչարյանի հետեւից, ուրեմն պետք է հասկանալ, որ նպատակ է դրված մինչեւ «Լազարեւյան ակումբի» նիստը ձերբակալել, որ նա չգնա այնտեղ ելույթ ունենա եւ ալիքները խառնի։

Այդ ժամանակ Փաշինյանը կգնա, որպես օրիգինալ քայլերի վարպետ, ելույթ կունենա ու կբացատրի, որ եթե ուզում են բարելավել հայ-ռուսական հարաբերությունները, պետք է գործ ունենան ոչ թե Քոչարյանի, այլ իր հետ։ Իսկ եթե նա ելույթ ունեցավ, իսկ Քոչարյանը եղավ բանտում, ապա դուրս կգա, որ Զատուլինի ձեռնարկն աշխատել է ոչ թե Քոչարյանի օգտին, այլ Նիկոլ Փաշինյանի, եւ մաս է կազմել նրա նախընտրական քարոզարշավին։ Համենայնդեպս, Փաշինյանը 2 օր առաջ հռետորական ու զգացմունքային իր ելույթներում սպառնալիքներն ընդմիջում էր խորհրդավոր հայտարարություններով, որ մտադիր է բարելավել հայ-ռուսական հարաբերությունները։ Մեզ մոտ բարելավումները պայմանավորում են վերբալ վարպետությամբ»։

Քաղաքական ակումբի ձեւաչափը Ռուսաստանում լայնորեն ընդունված է։ Հավաքին մասնակցելու հրավեր են ստացել նաեւ ԱԺ նախագահը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, Գագիկ Ծառուկյանը։ Ռուսական կողմից՝ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՌԴ Դաշնային ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն, ՀՀ-ում նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն եւ այլք։ Կազմկոմիտեն գլխավորում է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Հրավիրված են նաեւ հեռուստամեկնաբաններ Վլադիմիր Սոլովյովն ու Ռոման Բաբայանը, Վալերի Տրետյակովը, Ռուսաստանի ժուռնալիստների միության քարտուղար Աշոտ Ջազոյանը, քաղաքագետ Կարինե Գեւորգյանը, Վազգեն Մանուկյանը, այլք։ Մանուկյանին հարցրինք՝ գնալո՞ւ է ակումբի նիստին, դա ի՞նչ կառույց է։ «Դա կերեւա հետո։ Իմ ընկերոջ՝ Կոստյա Զատուլինի նախաձեռնությունն է, որին շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում։ Նա օգտակար մարդ է, միշտ դրական վերաբերմունք է ունեցել Հայաստանի նկատմամբ։ Բոլոր դեպքերում նպատակները, որոնք հռչակվում են, մեզ համար ընդունելի են։ Մեր Հանրային խորհուրդն էլ իրենց «общественная палата»-ի հետ է համագործակցում տարբեր հարցերով»։