Լոռիում նախկինների ծանր հակահեղափոխական հրետանին՝ ընդդեմ հեղափոխականների

Լոռիում նախկինների ծանր հակահեղափոխական հրետանին՝ ընդդեմ հեղափոխականների

ԱԺ արտահերթ ընտրություններում Լոռու մարզն ընդգրկող 9-րդ ընտրատարածքում ՀՀԿ-ն պայքարի է հանել իր «ծանր հրետանին»՝ ԱԺ փոխնախագահներ Էդուարդ Շարմազանով, Արփինե Հովհաննիսյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյան, նախկին մարզպետ Արթուր Նալբանդյան եւ այլք, որոնք տեղ են գտել ռեյտինգային ցուցակում։

Նրանք, իհարկե, չեն կարող համեմատվել Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի, ու Կարեն Կարապետյանի հետ, որոնք անցած ընտրություններին ավելի քան 20 եւ 40 հազար ձայն էին բերել այս կուսակցությանը ու հիմա չեն մասնակցում, բայց մարզից հասնող լուրերով՝ այս մարդիկ որոշել են իրենց «դրածոներին» գործուղել խորհրդարան։ Մասնավորապես, ՀՀԿ-ից Լոռվա մարզի ռեյտինգային ցուցակում է ընդգրկվել Սամվել Գաբրիելյանը, որին հումորով անվանում են Սիրուն Սամո։ Նա Դերժավայի հավատարիմ զինվորներից է եւ վերջին տարիներին մշտապես հատուկ առաքելությամբ մտել է Սպիտակի քաղաքապետի ընտրապայքարի մեջ, մրցել ԲՀԿ-ական Վանիկ Ասատրյանի հետ։ Սպիտակի տարածաշրջանից Համբարձումյաններին մտերիմ մի ուսուցչուհի էլ է առաջադրվել՝ անկուսակցական Արմենուհի Հովակիմյանը։

Սրան հակադրվում է «Իմ քայլը» դաշինքի կազմը՝ մարզպետի ԺՊ, ՔՊ-ական Անդրեյ Ղուկասյան, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյան, վարչապետի օգնականներ Արեն Մկրտչյան, Արփի Դավոյան, ինչպես նաեւ նախկին ԲՀԿ-ական Արմեն Ավետիսյան։ Թերեւս այս իրողությամբ է պայմանավորված, որ երեկ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում «լենկթեմուրյան արշավանք» անցկացրեց՝ «ասֆալտով» ու «բանտերով» սպառնալով ՀՀԿ-ականներին ու համայնքապետերին։ «Դուք ո՞վ եք, որ գյուղացուն վախեցնեք։ Բոլորիդ կպառկըցնենք ասֆալտներին։ Ի՞նչ Հանրապետական, ի՞նչ օլիգարխ, ի՞նչ հաստավիզ, ի՞նչ մուսկուլավոր։ Նենց կպառկացնենք ասֆալտին, որ տարիներով վեր չեք կենա էդ ասֆալտների վրայից։ Թող մեկը չփորձվի թփրտալ, բոլորիդ պատերով կտանք, դուք ծակերից չպետք ա դուրս գաք, ձեր տեղը բանտում ա, ու դուք բանտերից դուրս չեք էլ գալու»,- հարթակից հոխորտում էր Փաշինյանը՝ սպառնալով, որ բոլորի հետեւից անձամբ գնալու է, բոլորին հատ-հատ անդրադառնալու է, իսկ իր թիկունքին շարված ռեյտինգային թեկնածուները՝ Արեն Մկրտչյանի «դիրիժորությամբ», ծափ էին տալիս։ Փաշինյանի ամեն հուժկու նախադասությունից հետո Մկրտչյանը թեքվում էր ու Արփի Դավոյանին հուշում ծափահարել։

«Ես դեռ պատերին ծեփված չեմ, իմ կաբինետում նստած եմ»,- Փաշինյանի ելույթից հետո իր որպիսության մասին հարցին պատասխանեց Վահրամ Բաղդասարյանը։ ՀՀԿ-ականի տպավորությամբ՝ իշխող ուժն ընտրությունների եւ իր վարկանիշի հարցում մտահոգություններ ունի, ինչով էլ պայմանավորված են այդպիսի ելույթները։ «Իհարկե, բոլորս ունենք մտահոգություն, եւ ընտրությունների ժամանակ կերեւա՝ ով է ուժեղ, ով է ում զիջում, սակայն այսպիսի հայտարարություններից պարզ է դառնում, որ թերահավատություն կա ապագայի հանդեպ, տված խոստումների իրականացման վերաբերյալ»,- ասաց Բաղդասարյանը։ Նրա գնահատմամբ, «ասֆալտին փռելով՝ երկիր չեն կառուցում», հարկավոր է իրականացնել տված խոստումները, իսկ ՀՀԿ-ական քաղաքապետերը, Վահրամ Բաղդասարյանի վստահեցմամբ, որեւէ մեկին չեն վախեցնում․ «Յուրաքանչյուր ոք իր ձայնի տերն է՝ ում կուզի, նրան էլ կտա»։ ՀՀԿ-ն քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ հանդիպելն արդյունավետ ձեւաչափ չի համարում եւ ավելի շատ մամուլի միջոցով է իրականացնելու, սակայն, Բաղդասարյանի խոսքով, դա նրանից չէ, թե իրենք վախենում են ժողովրդի հետ հանդիպումներից․ «Եղանակային անբարենպաստ պայմանները, կարճ ժամանակը հնարավորություն չեն տալիս 2 հարյուրից ավելի համայնքներում հանդիպումներ ունենալ,15 համայնքում հանդիպեմ, մնացածը չհանդիպեմ՝ ճիշտ չի լինի։ Հավանաբար, մարտավարությունը կփոխենք, իսկ ես անձամբ շատ եմ շփումներ ունենում ժողովրդի հետ»: Իսկ Նիկոլ Փաշինյանն ինչպե՞ս է հասցնում՝ նույն եղանակային պայմաններն են ու նույն ծավալը։ «Դա մեր գործը չի»,- ասաց նա։ Կարեն Կարապետյանի եւ Արկադի Համբարձումյանի հնարավոր աջակցության մասին էլ Բաղդասարյանը մեզ ուղղորդեց վերջիններիս կողմը․ «Հարցրեք իրենց»։

Նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը մեզ հայտնեց, թե հանդիպում է ընտրողների հետ եւ այդ պատճառով չի կարող խոսել, սակայն որքան էլ ջանացինք, Նալբանդյանից չկարողացանք կորզել, թե որ համայնքում կամ որ փողոցում է հանդիպումը կայանում․ «Ես ինչի՞ պիտի խուսափեմ ժողովրդից, հանդիպում եմ ու հանդիպելու եմ, հետեւեք հեռուստատեսությանը կամ իմ էջին, կտեսնեք, թե որտեղ եմ հանդիպում»։ Սակայն նախկին մարզպետի ֆեյսբուքյան էջում անցյալի հանդիպումներից ծաղկաքաղ տեսահոլովակներ էին, որտեղ նա դեռեւս ՀՀԿ-ական մարզպետի կարգավիճակում է։

ԲՀԿ-ական պատգամավոր Վանիկ Ասատրյանն էլ չի սկսել հանդիպումներն ընտրողների հետ, շտաբների հարցերով է զբաղված, այսօրվանից կանցնի համայնքներով, իսկ ինչպե՞ս է հայցելու ընտրողի քվեն Նիկոլ Փաշինյանի՝ Լոռիում արած կոչից հետո, թե ձայն չտաք նախկինում ընտրակաշառք բաժանած ուժերին։ «Մենք հայտարարություններից չենք վախենում, իսկ հրետանիների դեմ մի քանի անգամ պայքար եմ մղել, հաղթանակով դուրս եկել, ժողովուրդը, ինչպես միշտ, այս անգամ էլ ըստ արժանվույն կգնահատի։ Իսկ անձամբ իմ դեպքում եւ իմ կուսակցության՝ ընտրակաշառք չի եղել, եթե լիներ, քրեական գործ կլիներ»,- ասաց ԲՀԿ-ականը։ Նախկին բոլոր ընտրություններին Ասատրյանն ինչ-ինչ խնդիրների, իրեն ճնշելու մասին էր բարձրաձայնում․ հարցրինք՝ այս անգամ Ձեզ չե՞ն նեղում։ «Եթե նեղեին, չափերով փոքրացած կլինեի»,- կատակեց նա՝ ասելով, որ դեռեւս իշխող ուժի կողմից վարչական ռեսուրսի կիրառում չի նկատել։ Թեկնածուն հանդիպումների գրաֆիկը գծել է, բայց մտահոգված է՝ «տեսնեմ կկարողանա՞մ բոլոր տարածքներում հանդիպումներ ունենամ»։ Հեղափոխությունից հետո նույնքան վստահության կարժանանա՞, որքան նախկինում։ «Հեղափոխությունն իշխանությանն է փոխել, հո մարդկանց չի՞ փոխել, ես իմ գործերով եմ վստահության արժանանալու, իմ կատարած աշխատանքները հո չե՞ն կորել, իմ աշխատանքի համար են ինձ ձայն տալու։ Այո, բոլորս ողջունեցինք հեղափոխությունը, ունենք վարչապետ, նախարարներ, կաշխատենք միասին, կընտրվեմ՝ ավելի լավ, չընտրվեմ՝ ոչինչ»։

ՀՅԴ-ն Լոռիում ներկայացնում է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը, որը երեկ հրաժարվեց զրուցել։ «Կներեք, հեռուստաստուդիա եմ մտնում, մի երեք օրից զանգեք»,- ասաց ու անջատեց հեռախոսը՝ չհասցրեցինք էլ պարզել, թե ինչ է անելու երեք օր «հեռուստաստուդիայում»։

Լոռիում ամուր են «Լուսավոր Հայաստան» կուսակցության դիրքերը, առաջադրվել է Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԼՀԿ ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի եղբայր Քրիստ Մարուքյանը: Հիշեցնենք, որ Լոռու մարզում կոնկրետ Էդմոն Մարուքյանի օգտին նախորդ ընտրություններին 6 հազարից ավելի մարդ է քվեարկել, սակայն «Ելք»-ի՝ մարզից ստացած 12 հազար ձայնն ամբողջությամբ ԼՀ-ականները վերագրում էին Մարուքյանին։

«Մենք» դաշինքը մարզում ներկայանում է «7»-ի գործով դատապարտված Մասիս Այվազյանով։

«Սասնա ծռեր» կուսակցությունից Լոռու մարզում ռեյտինգային կարգով առաջադրված են ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող Արմեն Լամբարյանը եւ փաստաբան Արայիկ Պապիկյանը։ Նիկոլ Փաշինյանը, ի դեպ, երեկ Լոռիում կոչ արեց չընտրել նաեւ զենքով հարց լուծող ուժերին․ սա ընդունել եք որպես հակաքարոզչությո՞ւն «Սասնա ծռերի» դեմ՝ հարցրինք Արմեն Լամբարյանին։ «Անհասկանալի է, զավեշտ ուղղակի… ինչի՞ ա ասում նման բաներ, ո՞ւմ համար ա ասում, մենք հասարակության կողմից ընդունված մարդիկ ենք, մեզանից վախ չկա, մենք դեռ բանտում հայտարարեցինք, որ փակված է զենքով հարց լուծելու էջը, որովհետեւ հեղափոխություն է կատարվել»։ Լամբարյանը տեղեկություն չունի այն մասին, որ իրենց մարզում ՀՀԿ-ական համայնքապետերը ճնշում են մարզի բնակիչներին․ «Իմ կարծիքով, էս ամեն ինչն արհեստական է, լարվածության մթնոլորտ է առաջացնում»։ Ինչո՞ւ է որոշել մտնել քաղաքականություն, դառնալ պատգամավոր։ «Ես ամբողջ կյանքս պայքարել եմ, իմ գիտակից կյանքից՝ 17 տարեկանից, պայքարել եմ, պետականաշինության գործին մասնակցել, հիմա էլ եմ ուզում պետականաշինությանը մասնակցել»։ Թեկնածուն խուսանավեց եւ չասաց, թե որ տեղի համար են պայքարելու։ «Պայքարելու ենք պետություն կառուցելու համար»։