Տղամարդկությունը «դուխով» գլխարկ դնելով չէ
Հարցազրույց պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ ցուցակով պատգամավորության թեկնածու Արտակ Դավթյանի հետ.
- Նիկոլ Փաշինյանի՝ բանակի վերաբերյալ այսօրվա հայտարարություններին ծանո՞թ եք…
- Վաղուց դադարել եմ հետեւել նրա հայտարարություններին․ միայն մեծախոսություն ու պոռոտախոսություն։ Ու էդ ոճը, որ ոնց որ մեծը փոքրի վրա մատ թափ կտար։
- Այսօր Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդին ասելու է՝ ՀՀԿ-ին ձայն մի տվեք, եւ այսպիսով թալանչիների բրիգադը կուղարկենք պատմության աղբանոց։
- Համաձայն եմ՝ ով թալանել է, թող նրան ուղարկի պատմության աղբանոց, բայց մինչեւ պատմության աղբանոց ուղարկելը թող բարի լինի՝ էդ թալանածը հետ բերի։ Եթե թալանածը հետ չես բերում, ուրեմն դուրդ եկել է այդ թալանը։
- Նաեւ խոսեց բանակում սննդի մատակարարման մասին՝ ասելով, որ դեռ պետք է պարզել, թե ովքեր են մատակարարել բանակի սնունդը եւ ինչ գներով։ Ա՛յն սնունդը, որը Մանվել Գրիգորյանի արջերն էլ էին ուտում ու «ժոգ ընկնում»։
- Ինքն էլ Մանվել Գրիգորյանի արջերին «Մեզի՞մ» էր տալիս։ Նիկո՞լն է եղել էդ արջերին բուժողը։ Չգիտեմ՝ էդ մասին գովազդային տեսահոլովակ կա՞, թե՞ չէ։
- Ո՞ր ընկերություններն էին Ձեր ժամանակ բանակին սնունդ մատակարարում։
- Չգիտեմ, որովհետեւ դա իմ ոլորտը չէ։ Բանակն այն կառույցն է, ամենակայացած կառույցը, որի շնորհիվ այսքան ժամանակ Ադրբեջանի նկրտումները հետ են մղվել։ Ու այսքան ժամանակ, որքան էլ հոխորտա, միեւնույն է՝ ռիսկ չեն անում հոխորտանքից անցնելու։ Մեկ-երկու դեպք, իհարկե, եղավ։ Ու այն, որ Ալիեւի մարտավարական, ռազմավարական պլանները ձախողվեցին, էդ ո՞վ էր դրա ատամները փշրում՝ հայկական բանակը։ Հիմա բանուգործ թողել՝ ընկել է… էս տղան, ինչ կայացած բան կա, ամբողջն ուզում է քանդել։ Ինքը կառուցել չի կարող։ Այսքան ժամանակ, երբ խոսել է բանակի մասին, խոսել է բանակի «մայկա-տռուսիկների» մասին, բայց ոնց որ թե էդ հարցն էլ չի կարողանում լուծել։ Իսկ խոսում է «մայկա-տռուսիկի» մասին, քանի որ իր կառավարության ինչ-որ անդամներ գիշերամիզությամբ տառապելու համար, այդ հիվանդության պատճառով բանակ չեն գնացել։ Քաջ ծանոթ են էդ հարցին ու ներկայացրել են իրենց վարչապետին, որ բանակի թիվ 1-ն այդ հարցն է, բայց անգամ ունակ չեն այն լուծելու։ Առավել եւս՝ մեր ժամանակ, երբ մենք էինք պաշտպանությունում (նախարարությունում), պայմաններ ստեղծեցինք գիշերամեզների համար, ու նրանք էլ, սահմանված կարգով, զորակոչի ենթակա են… Երեւի ժառանգական խնդիրներ կան, մտածում են իրենց զավակներին բանակից ազատելու մասին։ Հիմա ի՞նչ ասեմ՝ էս մարդը չի փոխվել, ու նա եկել է քանդելու․ տասը տարի առաջ այդ կազմաքանդումն էր, հիմա նորից նույնն է։ Ես չգիտեմ՝ մեր պետությունն այս քանդելուն ինչքա՞ն կդիմանա։ Բայց, որ ժողովրդի համբերությունն անսահման չէ եւ այս վիճակից հետ է գալու, նա այս մասին շատ լավ գիտի։ Դրա համար ի՞նչ է անում… էսօր նրա աչքին Հանրապետականն է երեւում, Հանրապետականը չմասնակցեր ընտրություններին, ինքը մի բան պետք է ստեղծեր… Սեւ ու սպիտակի էդ բաժանում… Ճշմարտությունը սեւով գրվում է սպիտակի վրա։ Ու այդպես էլ լինելու է, ուղղակի ժամանակի հարց է։
- Լավ, բայց բանակում չկա՞ր կոռուպցիա, չխոսի՞ դրա մասին։
- Հասկանում եք՝ հերիք է խոսի, թող գործ անի։ Կա՞ կոռուպցիա, չկա՞, եղե՞լ է թալան, չի՞ եղել, ինչ եղել է՝ եղել է, քրեական հոդվածներ են՝ խնդրեմ, թող հետամուտ լինի, թող էդ ամեն ինչը բացվի, ով կերել է, թող պատասխան տա։ Բայց թող գործ անի։
- Կոտայքի մարզում ռեյտինգային թեկնածու եք, նորմալ հանդիպումներ անցկացնո՞ւմ եք, եւ արդյոք միջադեպեր չե՞ն լինում։ Նաեւ ձերոնք ասել էին, որ լինելու է դռնեդուռ ծրագիր, արե՞լ եք։
- 12 օրվա ժամանակահատվածում էդ հսկա մարզի 67 համայնքներում ես ո՞ր մեկի դուռը պետք է թակեմ։ Բայց, այո, գնում եմ, հանդիպումներ անցկացնում։
- Իսկ հիշո՞ւմ եք, որ Վահան Հովհաննիսյանը հանրապետականներին զգուշացնում էր, որ ձեզ դալաններում կծեծեն եւ այլն…
- Իմ երջանկահիշատակ ընկեր, անկախ Հայաստանի Հանրապետության ամենավառ պետական ու քաղաքական գործիչներից էր Վահանը Հովհաննիսյան, ում հետ ուղղակի պատիվ ու բախտ եմ ունեցել աշխատելու։ Ինչի՞ մասին է խոսքը․ ինքը կոնկրետ իմ երկու գործընկերներին էր ասել, որ, այ, չլինի Հովիկ Արգամիչը, ձեզ դալաններում էնքան կծեծեին, որ կարտագաղթեիք։
- Բայց ուղերձը հավաքական երեւույթի մասին էր։ Ինչեւէ, այս ընթացքում նկատեցի՞ք ատելություն, թշնամանք։
- 11 տարուց ավելի քաղաքականության մեջ եմ, իմ տան աղբը ես եմ թափում, իմ տան առեւտուրը ես եմ անում, ամեն երեկո աշխատում եմ գոնե 1-1,5 ժամ քայլել Երեւանի փողոցներով եւ կարող եմ ասել, որ այդ ֆեյսբուքահայություն կոչեցյալը, այն լկտիությունը, որ անում են, տղամարդկությունից զուրկ մարդկանց կողմից է արվում։ Սրանք, ոնց որ շներն են հաչում լուսնի վրա, հաչում են։ Ու տղամարդկությունը ստից, «դուխով» գլխարկ դնելով չէ, տղամարդ լինելը միայն Նիկոլի հետեւից քայլելով չի, էլի։
- Իրենք կարող են հակադարձել, որ իրենց հաջողվեց անել այն, ինչ ոչ մի ընդդիմության չհաջողվեց՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից՝ անել հեղափոխություն։
- Իրենք նույնիսկ «հեղափոխություն» բառի իմաստը չեն հասկանում։ Եթե սկսեն հասկանալ, այլեւս երբեք էդ բաները չեն ասի։ Էս ամենում ամենամեծ բանն այն էր, որ քաղաքացին հասկացավ իր ձայնի ու ցասման ուժգնությունը։ Եվ քաղաքական ուժերից ամենալավն այդ բանը հասկացել է Հանրապետական կուսակցությունը։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Կարծիքներ