Պետք է գոնե Իլհամ Ալիեւի կեսի չափ սպառազինվենք  

Պետք է գոնե Իլհամ Ալիեւի կեսի չափ սպառազինվենք   

Զրուցակիցս՝ Վան Համբարձումյանը, ռազմական փորձագետ է, 2013թ․ սեպտեմբերից մինչեւ 2014թ․ մարտը աշխատել է ՀՀ պաշտպանության նախարարության զինված ուժերի գլխավոր շտաբում, Յուրի Խաչատուրովի աշխատակազմում՝ որպես սպառազինության գծով մասնագետ։ Երկուսուկես ժամ տեւած մեր զրույցում նա մանրամասն բացատրում է զենքերի տեսակները, դրանց առավելություններն ու թերությունները, գրառումներ անում թղթին, փորձագիտական դիտարկումներ ներկայացնում։ Ասում է, որ մտահոգ է այսօր սպառազինությունների մրցավազքով, որտեղ մենք ակնհայտորեն զիջում ենք Ադրբեջանին, եւ ուզում է իր փորձն ու գիտելիքները ներկայացնել կառավարությանը։

«Այս պահին Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի միջեւ կա ահռելի տարբերություն։ Հայաստանի զինված ուժերի միջոցները սուղ են, իսկ Ադրբեջանի զինված ուժերը միշտ գերժամանակակից զինտեխնիկա են գնում։ Այս բալանսն առաջին անգամ խախտվեց, երբ 2004թ․ Ադրբեջանն Ուկրաինայից ձեռք բերեց 12 ռեակտիվ համազարկային կայան, երկու տեսակի ռեակտիվ արկեր՝ 70 եւ 90 կմ հեռահարությունների։ Ես կուզենայի նշել, որ Նախիջեւանից Երեւան 12 կմ է։ Ադրբեջանի զինված ուժերը մեզնից առաջ են անցել, քանի որ ունեն կործանիչ ավիացիա, իսկ ՀՀ ԶՈՒ-ն ունի միայն գրոհային ավիացիա։ Նրանք 16 կործանիչ են գնել Ուկրաինայից, իսկ ՀՀ զինուժը չունի կործանիչներ։ Մինչդեռ գրոհային ավիացիան ստեղծված է վերգետնյա թիրախները խոցելու համար։ Ադրբեջանի զինված ուժերն ունեն աշխարհում լավագույն ցամաքային զորքերից մեկը, ունեն զինատեսակներ, որոնք նույնիսկ ՌԴ-ն եւ ԱՄՆ-ն չունեն»,- մեզ հետ զրույցում նշեց Վան Համբարձումյանը։ Նա ասում է, որ ինքն ունի սպառազինությունները մոդեռնիզացնելու ծրագիր։

«Եթե ինձ տան համապատասխան լիազորություն, ես կարող եմ եղած զինտեխնիկան արդիականացնել, Արկադի Տեր-Թադեւոսյանի պահեստներում կա մեծ քանակի սպառազինություն, որն անտերության է մատնված, որովհետեւ հին են համարում»,- հայտարարում է մեր զրուցակիցը։ Խոսքը ԴՕՍԱԱՖ-ի մասին է։ Նա ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ ապրիլյան հեղափոխությունից հետո Հայաստանի կառավարությունը ՌԴ-ից զինտեխնիկա չի ստացել։ Մինչդեռ, ըստ մեր զրուցակցի, Ադրբեջանն Իսրայելից գնել է ռեակտիվ համազարկային կայան՝ Lignx, որը կարող է տարբեր տրամաչափի եւ նշանակության ռեակտիվ արկեր կիրառել։ Ըստ մեր զրուցակցի՝ այն կարող է օգտագործվել 2X4 EXTRA փաթեթով, 150 կմ հեռահարությամբ, նշանակետի հավանական շեղումը 10 մետր է։ Հետո Վան Համբարձումյանը թվարկում է ադրբեջանական  զինատեսակները՝ 2X13 LAR-160 MK, 2X20 GRAG, 9K79-1, T-300, qasirga, T-122/300, 9K58, 9M542, РПМК:  Տարբեր տարիներին Ադրբեջանը գնել եւ իր պաշտպանական համակարգը համալրել է նոր զինատեսակներով։ Հետո նա բացատրում է, թե ինչ նշանակություն ունի վերջերս Բելառուսի կողմից Ադրբեջանին վաճառված «Պոլոնեզ»  զինատեսակը՝ A-200, ինչ հեռահարություն, կայունություն ունի։ Բացատրում է նաեւ, թե մարտագլխիկն անջատվելիս ինչպես է խոցում թիրախին, քանի որ մարտագլխիկն ավելի դժվար է հայտնաբերվում։ Ադրբեջանը, մեր զրուցակցի հավաստմամբ, այն եզակի երկրներից է, որն ունի գերժամանակակից անօդաչու թռչող սարքեր՝ կամիկաձե (IAI Harop), որի հեռավորությունը 1000 կմ է։ Կա նաեւ թուրքական արտադրության թեւավոր հրթիռ՝ SOM-B1, որի հեռահարությունը 250 կմ է, ճշգրտությունը՝ 10 կմ։

Վան Համբարձումյանը նշում է, որ հայկական կողմը չունի մեծ հեռավորության հրետանային հետախուզություն։ «Դու պետք է նախ հայտնաբերես նշանակետը, ճշտես կարեւորությունը, ճշտես մեդեոտվյալները տարածքում, որ հետո խոցես նշանակետը։ Եթե դու ունես զինատեսակ, որը թռչում է 280 կմ, բայց չգիտես, թե ինչ է կատարվում տվյալ տարածքում, ի՞նչ կարող ես անել»,- հարցնում է մեր զրուցակիցը։

Ի՞նչ զինատեսակներ ունենք մենք․ «Իսկանդեր», «Էլբրուս», SCAD-B, 9K72, WM-80, KBO, 9K58:

«Եթե Նիկոլ Փաշինյանը լուրջ ուշադրություն է դարձնում զինված ուժերին, ապա պետք է նայի, թե ինչ է արել Իլհամ Ալիեւը, եւ գոնե նրա կեսի չափ անի։ Ադրբեջանական БКО-ն ուղղակի կախվում է կործանիչի թեւերից եւ նրա շուրջ ստեղծում վեց կեղծ նշանակետ։ Հայկական կողմը եթե դուրս գա դրա դիմաց, ապա ադրբեջանական կողմում կտեսնի վեց կեղծ նշանակետեր, եւ դժվար է ասելը, թե ում ես խոցում։ Հայկական կողմի բաց թողած «Օդ-օդ» կառավարվող հրթիռն ազդում է ռադիոպայթուցիչի վրա  եւ մեծ հեռավորության վրա պայթում՝ չպատճառելով որեւէ վնաս»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը տեղադրել է  արդիականացված Р-195 հրթիռներ, առանց որոնց հայկական կողմը դառնում է նշանակետ։