«Չայկաները» հանձնեցին պետգույքին

«Չայկաները» հանձնեցին պետգույքին

Խորհրդարանական մեր աղբյուրը տեղեկացրեց, որ մինչեւ դեկտեմբերի 24-ը՝ նոր պառլամենտի առաջին նիստը, խորհրդարանի հիմնարար վերանորոգումը  կավարտեն` գորգերը կլինեն կրկին կարմիր, ամեն ինչ նորացված։ Իսկ հնարավո՞ր է վերանորոգումն ու կահավորումը հենց նոր կառավարության եւ պառլամենտի համար էիք սկսում, կարո՞ղ է բան-ման գիտեիք։ «Ոչ, ոչ, ուղղակի համընկավ»։ Հին գորգերն ի՞նչ եք անելու։ «Հանձնելու ենք պետգույքի կառավարման վարչությանը»։ Որ ի՞նչ անեն։ «Օգտագործման համար»։ Ձեր չուլուփալասն ո՞վ պիտի օգտագործի, ով ասես էդ գորգերի վրայով չի քայլել էս տարիներին։ «Ոչ պիտանիները դուրս կգրվեն»։ Ուրիշ էլ ի՞նչ եք տալու պետգույքին։ «Վա՜յ, էնքա՜ն բան՝ բավականին շատ հին մեքենաներ․ մի 15 հատ տվել ենք արդեն»։ Իսկ էդ ջարդոնն ո՞ւմ է պետք, նոր պառլամենտ՝ նոր մեքենաներո՞վ։ «Ի՞նչ կապ ունի այդ ամենը նոր պառլամենտի հետ, պրոցեսներ են, որ անընդհատ ընթանում են»։

 

Ի՞նչ մակնիշի մեքենաներ եք հանձնել պետգույքին։ «Էն հին, է, «Չայկա» մեքենաներ կային՝ դրանք»։ Բա ափսոս չէի՞ն այդ «Չայկա»-ները՝ ռետրոն հիմա արժեք ունի։ «Ափսոս էին, երբ որ գարաժում կանգնած՝ փտում էին»։ Ոչ ոք չէ՞ր ուզում դրանցով սլանալ։ «Բայց դրանք շահագործման համար չէին, բացի «Չայկա»-ներից, «Տոյոտա» էլ ենք տվել, մինչեւ տարվա վերջ եւս 4 մեքենա  կտանք պետգույքին։ Մենք աշխատակազմն ընդունել ենք 81 մեքենայով, հանձնելու ենք մոտավորապես 54-55 մեքենայով»։ Նախանձում եք, հա՞, թե՞ նորերը կստանաք։ «Չենք անում․ ընդամենը 4  նոր մեքենա ենք ստացել, ծախսերն ենք օպտիմալացնում»։