Գոնե լող տալ գիտե՞ք

Գոնե լող տալ գիտե՞ք

Կարծում եմ` առանձնապես գյուտ արած չեմ լինի, եթե ասեմ, որ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած որոշ ուժեր, այսպես ասած` նորելուկները, մի նպատակ են միայն հետապնդում` հայտնվել էյֆորիայի ալիքի վրա եւ որպես Նիկոլ Փաշինյանի ջերմ պաշտպան՝ հայտնվել խորհրդարանում: Այլ խոսքով` ձգտում են օգտվել հեղափոխության բարիքներից: Կստացվի՞ հայտնվել խորհրդարանում, լավ, չի՞ ստացվի` տվյալ ուժի եւ նրա առաջնորդի կենսագրության մեջ մի «պտիչկա» կավելանա այն մասին, որ «ակտիվորեն մասնակցել է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին»: Այսքանը: Իսկ ինչ վերաբերում է նման «կենսագրություն» ունեցող կուսակցություններին ու գործիչներին, ապա կարելի է ասել, որ դրանց բազմազանությունից ու առատությունից մեր քաղաքական փարախներն ուղղակի պայթում են:

Նորելուկները, որպես կանոն, խորհրդարան են շտապում Նիկոլ Փաշինյանին հավասարակշռելու համար, իրենց ասելով` որպես այլընտրանք: Նրանց քարոզչության անբաժան տողն է` մենք պաշտպանում ենք «թավշյա հեղափոխությունը»: Թե ինչպես են նրանք «այլընտրանք» լինելու Նիկոլ Փաշինյանի եւ թավշյա հեղափոխության միջեւ, ճիշտն ասած, մի քիչ անհասկանալի է, որովհետեւ, նախ` իրենք թավշյա հեղափոխություն ասվածը հաստատ ավելի լավ չեն հասկանում, քան Նիկոլ Փաշինյանը, եւ ապա` Նիկոլ Փաշինյանի եւ հեղափոխության միջեւ այլընտրանք դառնալու շանս կարող են ունենալ այն ուժերը, որոնք այս կամ այն կերպ աղերսներ են ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ հեղափոխության հետ: Հիմա սրանք` նորելուկները, խորհրդարանում թավշյա հեղափոխության առաջնորդի դայակ դառնալու հայտ են ներկայացնում: Խոստովանենք` այնքան էլ համեստ չեն:

Այո, համեստությամբ աչքի չեն ընկնում, բայց քաղաքական առումով միանգամայն անգրագետ են: Արդյոք քաղաքակա՞ն ուժ է այն ուժը, որն իր մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին մոտիվացնում է իր համար միանգամայն կողմնակի անձի (թեկուզ հեղափոխության առաջնորդի) գոյությամբ: Նիկոլ Փաշինյանն է ու կեսից հեռանում կամ փոշմանում է, չի ուզում այլեւս մասնակցել այս ընտրություններին: Կարո՞ղ եք ասել, թե ինչ պետք է անի, օրինակ, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության առաջնորդ Լեւոն Շիրինյանը, որ հայտարարում է խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին այլընտրանք դառնալու ցանկության մասին: Ես հիշեցի Լեւոն Շիրինյանին, որովհետեւ մյուսներին պարզապես չեմ ճանաչում: Նրանք մեկ-երկու ասուլիս են տվել, մեծ-մեծ խոսել եւ միայն այդքանը: Լեւոն Շիրինյանը՝ որպես քաղաքագետ, կարող էր ավելի լավ ներկայանալ, եթե հատուկ շտապողականություն ցուցաբերեր ոչ թե ընտրություններից մի քանի օր առաջ տված ասուլիսով, այլ թավշյա հեղափոխության թունդ օրերին, երբ նրան ոչ ոք չէր խանգարում դայակություն անել փողոց դուրս եկած պատգամավոր Փաշինյանին:

Առջեւում ԱԺ արտահերթ ընտրությունների քարզարշավն է: Անշուշտ, առիթ կունենանք լսելու նաեւ նորելուկներին, որոնց «համոզմունքներից» մեկն էլ այն է, որ ոչ մի դեպքում չեն համագործակցելու, ասպես կոչված, հին Հայաստանի հետ ասոցացվող ուժերի` ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի հետ: Այս դիրքորոշումը պակաս զարմանալի չէ այն «ուժերի» պարագայում, որոնց միայն մեծ վերապահումով կարելի է խորհրդարան մտնելու հավակնորդ համարել: Եվ ահա, այդ «ուժի» առաջնորդը հայտարարում է, որ խորհրդարան մտնելու դեպքում «հավասարակշռելու» է Փաշինյանին` չհամագործակցելով մյուսների հետ, որոնք իսկապես ռեսուրսներ ունեն Փաշինյանին հակակշռելու` նույնիսկ վերջինիս ամբողջական իշխանություն ունենալու դեպքում: Ավելի պատկերավոր ասեմ` ենթադրենք, Փաշինյանը փորձում է գերանի վրայով գետն անցնել, բայց գետի մեջտեղում կորցնում է հավասարակշռությունն ու սկսում է Նաջարյանի պես շարժումներ անել: Ի՞նչ է անելու խորհրդարանում ոչ մեկի հետ չհամագործակցող «դայակը»: Բնականաբար, պետք է կախվի Փաշինյանի ձեռքից, որ պահի, բայց վտանգն այդ դեպքում մեծ է, որ նրանք երկուսով կհայտնվեն ջրում: Իսկ հետո՞: Հետո արդեն, ինչպես գիտենք, խեղդվողի փրկությունը խեղդվողի սուրբ պարտականությունն է:

Չէի ցանկանա ասելիքս տխուր նոտայով ավարտել: Մանավանդ չէի ցանկանա, որ ինձ մեղադրեին նորելուկներին նեղացնելու մեջ: Ես նրանց իսկապես հաջողություն եմ մաղթում այս դժվարին գործում, որին քաղաքականություն են ասում: Սիրելի նորելուկներ, միշտ հիշեք` քաղաքականությունը, ուզեք, թե չուզեք, մի գեղեցիկ օր թակելու է ձեր դուռը: Իմացեք նաեւ, որ քաղաքականության մեջ իրադարձություններից առաջ ընկնելը միշտ ծիծաղելի է, բայց ուղղակի զավեշտալի է, երբ դուռը չթակած, գալիս, ինքնակոչի պես կանգնում եք քաղաքականության կենտրոնում, թե եկել ենք Փաշինյանին հավասարակշռելու, հեղափոխությունը «չար ուժերից» փրկելու ու եսիմինչեր անելու: Գոնե լող տալ գիտե՞ք: