Իգոր Կորոտչենկոն վերջերս Հայաստանին կամ Փաշինյանին «պառկեցնում էր ԱՄՆ-ի տակ»

Իգոր Կորոտչենկոն վերջերս Հայաստանին կամ Փաշինյանին «պառկեցնում էր ԱՄՆ-ի տակ»

Մինչ երեկ ողջ հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտն ու մեդիա հարթակները կենտրոնացած էին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում արտահայտած մտքերի եւ հատկապես եռագույն փողկապի վրա, ադրբեջանական «OXU.az»-ը հրապարակել էր հարցազրույց ռուսական «Национальная оборона» հանդեսի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոյի հետ, որտեղ ռուս փորձագետը խոսել էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին։ Հիշեցնենք, որ Կորոտչենկոն հայաստանյան լսարանին անծանոթ ֆիգուր չէ։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կովկասյան տուրնեի ընթացքում, երբ Բոլթոնը Երեւանում իր հայտնի հայտարարություններն էր հնչեցնում, Կորոտչենկոն իր թվիթերյան էջում գրել էր, թե Հայաստանը կամ Փաշինյանն «արդեն պատրաստ է պառկելու ԱՄՆ-ի տակ», եւ նկատել էր, որ այն ժամանակ, երբ Ստամբուլում տեղի էր ունենում Սիրիայի հարցով հերթական գագաթնաժողովը՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Թուրքիայի ու Ռուսաստանի մասնակցությամբ, Երեւանը «սիրաբանում էր» Բոլթոնի հետ։ Թե ինչ կապ ուներ մեկը մյուսի հետ, թերեւս միայն իրեն՝ Կորոտչենկոյին է հայտնի, սակայն նույնիսկ նման սկանդալային ու վիրավորական հայտարարությունից հետո ՀՀ ԱԳ նախարարությունից կամ ՌԴ-ում հայկական դեսպանատնից արձագանքներ չհնչեցին։

Ներկա իշխանությունները գուցե չեն նկատել կամ որոշել են չնկատելու տալ մի փորձագետի հայտարարությունները։ Բայց եթե անգամ մենք չենք նկատում, ուրիշները նկատում են եւ օգտագործում, մանավանդ Իգոր Կորոտչենկոն ավելի առաջ է գնում՝ առաջարկելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անվտանգային բաղադրիչում՝ Մադրիդյան սկզբունքների կենսագործման պրոցեսում, ներգրավել ՀԱՊԿ-ին։ Նա խոսում է ղարաբաղյան հակամարտության փուլային լուծման մասին, որտեղ դիտարկում է տարածքների վերադարձ, անցումային շրջան, խաղաղապահների տեղակայում, փախստականների վերադարձ եւ այլն։ Իսկ, ահա, արդեն տնտեսական ներդրումներ, բլոկադայի վերացում, սահմանների բացում եւ այլ դետալներ պարզ են ինքնին։ Նմանություններն ակնառու են, այնպես չէ՞։ Անցնենք առաջ։ Նույնիսկ եթե ընդունենք, որ Իլհամ Ալիեւի քարոզչամեքենան միլիոններ է ծախսել, որպեսզի Կորոտչենկոն նման հայտարարություններ անի, կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ հայտարարությունները բխում են Մոսկվայի շահերից։ Գաղտնիք բացած չենք լինի, եթե ասենք, որ Մոսկվան ամեն գնով ցանկանում է իր խաղաղապահներին տեսնել ղարաբաղյան հակամարտության գոտում, այլ կերպ՝ միջազգայնորեն Ադրբեջանի սահմաններից ներս ունենալ զորակազմ, թեկուզեւ՝ խաղաղապահների կարգավիճակով։ Հասկանալի է, չէ՞, թե ներկայիս աշխարհաքաղաքական փոփոխությունների ու հանուն նավթի ու գազի կենաց-մահու պայքարի շրջանում սա ինչ վճռական նշանակություն կարող է ունենալ Մոսկվայի համար։ Դե, իսկ հիմա վերադառնանք «ծեր ու չարչրկված» ՀԱՊԿ-ին։

Աստանայի գագաթնաժողովին Հայաստանն ըստ էության կիրառեց իր «վետոյի» իրավունքը եւ Ադրբեջանի ներկայությունը գագաթնաժողովին վիժեցրեց։ Սա ազդակ էր, որ Երեւանը բավականին վճռական է տրամադրված նաեւ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ ստեղծված թնջուկի հանգուցալուծման հարցում։ Ի պատասխան՝ Մինսկը դեմարշ քայլով ՀԱՊԿ գագաթնաժողովի մանրամասները ներկայացրեց Բաքվին՝ Լուկաշենկո-Քանդիլով հանդիպման ժամանակ, որին Երեւանն արձագանքեց պետության ղեկավարի մակարդակով, որ դեկտեմբերի 6-ին սպասվող հանդիպմանը Հայաստանը բացատրություն է պահանջելու Մինսկից (Ղազախստանի պահը դեռ մի կողմ ենք թողնում)։ Իսկ Իլհամ Ալիեւի Մինսկ կատարած պաշտոնական այցի ժամանակ ադրբեջանա-բելառուսական ռազմական մատակարարումների նոր պայմանավորվածությունների մասին պաշտոնական հայտարարությունները, ըստ ամենայնի, Փաշինյանի հայտարարության արձագանքն էին՝ կապված բացատրություն պահանջելու հետ։ Ու այս ամենից հետո՝ ռուսական քարոզչական ապարատի ներկայացուցչի կողմից նման հայտարարություններ։

Հարց՝ իսկ ունե՞նք երաշխիք, որ այս նույն հայտարարությունների տառն ու ոգին չեն տիրապետելու դեկտեմբերի 6-ի գագաթնաժողովի ժամանակ, եւ չեն փորձելու ղարաբաղյան հակամարտության խաղաքարտը շահարկելով կամ, եթե կուզեք՝ նաեւ շանտաժով ինչ-որ զիջումներ կորզել Հայաստանից։ Ունե՞նք երաշխիք, որ Մինսկ-Բաքու «կրքոտ սիրավեպը»՝ Մոսկվայի «քավորությամբ», բուռն կերպով չի զարգանա, հատկապես, որ Մոսկվան ինքն էլ բավականին «կրքոտ սիրավեպի» մեջ է Բաքվի հետ։ Ի դեպ՝ այս «սիրավեպի» մասին։ Փաշինյանի եռագույն փողկապի երանգներով տարված՝ Հայաստանում աննկատ մնաց երկու փոքրիկ լուր․ ա) Կրեմլի խոսնակը հայտարարել էր, որ «թուրքական հոսքը», անխոս, եկամտաբեր է, եւ եթե, օրինակ, տնտեսական հաշվարկներն ապացուցեն եկամտաբերությունը, ապա հնարավոր է, որ ռուսական գազը մղվի նաեւ Ադրբեջանի համար այնքան մեծ կարեւորություն ունեցող ՏԱՊ եւ ՏԱՆԱՊ գազամուղներ։ Եվ բ). ադրբեջանական ԳԱԱ ենթակայության տակ գործող գիտահետազոտական կենտրոններից մեկը հանդես էր եկել հայտարարությամբ, ըստ որի` այս տարվա ընթացքում, Կասպիական կոնվենցիայի ընդունումից հետո, բանակցություններ են ընթացել պետական մակարդակով առ այն, որ կասպիական հյուսիսային սեկտորի գազաբեր հողերը շահագործվեն Մոսկվայի եւ Բաքվի կողմից համատեղ, քանի որ Բաքվի գազային արդյունահանման տերմինալները գտնվում են հարավային սեկտորում, իսկ հյուսիսային սեկտորում կան գազի լուրջ պաշարներ։ Մոսկվայի իշխող վարչակարգի մոտ Հայաստանի նոր ղեկավարության, մեղմ ասած՝ ունեցած վստահության դեֆիցիտի պայմաններում հասկանալի է, թե այս հայտարարությունների տողատակն ինչ է նշանակում եւ ինչի կարող է հանգեցնել։ Ու այստեղ երեւի թե արդեն հաստատ ժամանակն է մոռանալու Փաշինյանի փողկապի երանգներն ու հասկանալու, որ Ղարաբաղի մասով ինչ-որ շատ վատ բան են ուզում արած լինել Բաքուն եւ մեր «ոխերիմ» դաշնակիցն ու բարեկամը։