Ով կմնա կառավարությունում եւ ով կգնա խորհրդարան

Ով կմնա կառավարությունում եւ ով կգնա խորհրդարան

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը թեեւ «Իմ քայլը» ցուցակի 11-րդ համարն էր եւ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր Երեւանի Կենտրոն, Էրեբունի, Նուրաբաշեն, Նորք համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում եւ 5597 ձայն էր ստացել, սակայն խորհրդարան չի գնալու։ Նա շարունակելու է աշխատել կառավարությունում՝ որպես աշխատակազմի ղեկավար, թեեւ կարծիքներ կան, որ չի համապատասխանում իր պաշտոնին եւ դա առավել հստակ գծագրվեց Արփինե Հովհաննիսյանի հետ հեռուստաբանավեճի ժամանակ՝ երբ պարզվեց, որ նա տարրական գիտելիքներ չունի կառավարության ռազմավարության եւ որդեգրած քաղաքականության մասին։

Թեեւ իշխանությունը, նախկինների օրինակով, մեծ զգուշությամբ փակ է պահում տեղեկատվությունը եւ առայժմ չեն հայտարարում, թե կառավարությունում, գործադիրում աշխատող եւ «Իմ քայլի» ցուցակով խորհրդարան անցած անձանցից ովքեր են տեղափոխվելու օրենսդիր, սակայն մի քանի անուն արդեն իսկ հայտնի է։ 

Կառավարությունում կշարունակի աշխատել, մասնավորապես, Սուրեն Պապիկյանը՝ տարածքային կառավարման նախարարը, ում աշխատանքից վարչապետը գոհ է։ Կշարունակի պաշտոնավարել նաեւ Մհեր Գրիգորյանը, թեեւ մեզ հայտնի չէ՝ փոխվարչապետի, թե այլ կարգավիճակում։ Կշարունակեն պաշտոնավարել մարզպետների մեծ մասը։ Թեեւ Կոտայքի մարզպետի դեպքում, մեզ հասած տեղեկություններով, ռեյտինգային ռեկորդսմեն՝ 30 հազար ձայն «խփած» Սասուն Միքայելյանը՝ Հրազդանի տիրակալը, դեմ է Ռոմանոս Պետրոսյանի պաշտոնավարելուն եւ ամեն ինչ անում է, որ նա տեղափոխվի պառլամենտ։