Տնտեսվարողը ինքնակամ հրաժարվել է երկհարկանի սրճարան կառուցելուց

Տնտեսվարողը ինքնակամ հրաժարվել է երկհարկանի սրճարան կառուցելուց

Զաքյան փողոցի բնակիչներից մեկը ահազանգեց «Հրապարակի» խմբագրություն՝ ասելով, որ բնակելի շենքի բակում ցանկանում են երկհարկանի սրճարան կառուցել։ Տարածքը գտնվում է արտգործնախարարության շենքի ետնամասում։ Տարածքում արդեն տեղադրված է համապատասխան վահանակը։ Անհատ ձեռներեց Արմեն Սարգսյանը, որը և պատրաստվում է կառուցել սրճարանը, «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ չի պատրաստվում երկհարկանի սրճարան կառուցել՝ չնայած որ տարածքի նախկին սեփականատերը, որից գնել է տարածքը, ունեցել է այդտեղ երկհարկանի շինություն կառուցելու թույլտվություն, հիմա ինքը դիմել է քաղաքապետարան բացօթյա սրճարան կառուցելու թույլտվություն ստանալու համար․

«Մենք տարածքը ձեռք ենք բերել արդեն իսկ շինթույլտվությամբ, որտեղ շինթույլտվությունը նախատեսված է եղել 2 հարկանի շենքի համար։ Մենք հիմա քաղաքապետարանին դիմել, խնդրել ենք, որ ոչ թե շենք լինի, այլ բացօթյա ինչ-որ բան։ Նախկինում շինթույլտվությունը ոչ թե միհարկանի, այլ երկհարկանի շինության համար է եղել, այդ նախկին փաստաթղթերը բոլորը կան, հիմա մենք դիմել ենք, որ մեկհարկանի բացօթյա անենք, ոչ թե երկհարկանի, որովհետև մենք էլ ենք հասկացել, որ երկհարկանին հարմար չէ այդ տարածքի համար, դրա համար որոշել ենք, որ թեթև մեկհարկանի շինություն անենք, ձեռք ենք բերել հողը, որը երկհարկանի հիմնական շինության շինթույլտվություն ուներ, մենք օգտագործելու ենք թեթև ժամանակավոր կոնստրուկցիաներ»,- ասաց Սարգսյանը։