Մենք մնում ենք արձանագրողի դերում, ամենաթույլ կողմը մեր դիվանագիտությունն է

Մենք մնում ենք արձանագրողի դերում, ամենաթույլ կողմը մեր դիվանագիտությունն է

Հարցազրույց մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ

- Տիկին Ալավերդյան, խաղաղ պայմաններում, երբ բանակում զինծառայող էր սպանվում, քրեական գործ էր հարուցվում։ Այս պատերազմից հետո ե՞ւս յուրաքանչյուր զոհվածի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվելու։

- Ես այդպես նախադեպ չեմ հիշում, ավելի հստակեցնեմ՝ անուն առ անուն հիշատակվում  է, բայց, օրինակ, եթե դեպք է տեղի ունեցել մեկ վայրում, ապա այս հարցով մեկ գործ է՝ մի քանի զոհերի անվանումներ է տալիս։ Քանի որ դա դրվագ առ դրվագ է, անունները նշվում են դրվագի մեջ։

- Զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկություններ այսօր հավաքվո՞ւմ են։ Ինչպե՞ս է այդ աշխատանքը տարվում։

- Իհարկե, փաստահավաք խումբն աշխատում է երկու ուղղությամբ, մեկը՝ զուտ զինվորների եւ սպայական կազմի վերաբերյալ․ դա անում է Պաշտպանության բանակը, իսկ խաղաղ բնակիչներինն անում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը։ Զեկույցի հիմնական մասն արդեն պատրաստ է։

- Խաղաղ բնակիչների թվից տուժածների հարցերն իրավական առումով ե՞ւս պետք է բարձրացվեն եւ ինչպե՞ս։

- Այսօր արդեն այդ փաստը, որպես տեղեկատվություն, արձանագրված է եւ ամբողջովին արժանահավատ է։ Դա կասկած չի հարուցում։ Կեցցեն այն լրագրողները՝ տասնյակ երկրներից, որ արձանագրեցին․ դա արժանահավատությունը բարձրացնում է։ Այն, ինչ դուք եք ասում, այն, ինչ անում է ՄԻՊ-ը, դա զեկույց է, որը հետագայում ներկայացվում է պատկան մարմիններին։ Ես միշտ հորդորել եմ, որ ընդգրկենք նաեւ այլ կառույցների՝ երեխաների, կանանց իրավունքների պաշտպանության, անգամ կան փաստաթղթեր ՄԱԿ-ի կողմից, կան նորմեր, որը վերաբերում է տարեց մարդկանց՝ զինված բախումների ժամանակ։

- Ո՞ր ռազմական կառույցներին են դիմում՝ պատերազմական հանցագործությունները ֆիքսելու համար։

- Պատերազմական հանցագործությունները համարվում են միջազգային իրավունքի դեմ լրջագույն խախտումներ, միջազգային հանցագործություն է, դրա համար տարբեր ձեւեր կան։ Իհարկե, ՄԱԿ-ն ունի իր միջազգային քրեական դատարանը, բայց մենք ունենք այն դեպքերը, երբ հատուկ տրիբունաներ են ստեղծվում, օրինակի համար՝ Ուգանդայի դեպքը, Սերբիայի եւ Կոսովոյի միջեւ դեպքերը։ Առնվազն երկու ուղղություններ կան։ Մենք դեռ չունենք այդպիսի դեպքեր, որ դիմենք հենց պատերազմական կամ ռազմական հանցագործությունների համար։ Այս օրերին տեղի են ունենում մի քանի տեսակի հանցագործություններ՝ միջազգային իրավունքի դեմ։ Դրանք որո՞նք են․ մարդասիրության դեմ, ի վերջո, ցեղասպանությունը՝ որպես հանցագործություն։ Առայժմ այդպիսի տիպերի շուրջ մենք չենք կազմել փաստաթղթերի փաթեթ եւ չենք դիմել դեռ։

- Պատերազմում զոհվածի դեպքում ի՞նչ հոդվածով է քրեական  գործ հարուցվում։

- Մենք ունենք Քրեական օրենսգրքի մեջ հատուկ մաս։ Մենք չպետք է նոր բան հնարենք։

- Մենք հակառակորդ երկրում նաեւ գերիներ ունենք, մտավախություն չկա՞, որ պատերազմի ֆոնին նրանք շատ ավելի մեծ վտանգի տակ են, քան ռազմաճակատում կռվողները։ Նրանց հետ կապված տեղեկություններ ունե՞ք։

- Մենք չունենք այդպիսի տվյալներ։ Մենք՝ որպես կազմակերպություն, ունենք արձանագրված մեկ դեպք, մյուսն ուսումնասիրում ենք դեռ, չեն հաստատել՝ երբ հայտնվել է ազգանունը զոհվածների ցուցակում, բայց մորգում չեն գտել, ստացվում է այսօրվա օրով, որ անհայտ կորած է։

- Ի՞նչ կարգավորումների եւ բանակցությունների պետք է գնալ պատերազմից հետո։

- Ես կարծում եմ, որ խոսքը գնում է 2 ուղղությամբ․ մեկը, որը ես ամբողջությամբ վստահում եմ մեր ռազմական վերնախավին, որովհետեւ, անշուշտ, յուրաքանչյուր պատերազմ իր հետ բերում է այնպիսի բացահայտումներ, ոչ թե թերացումներ, այլ այնպիսի մարտահրավերների առջեւ է կանգնում ռազմական գործողությունների ժամանակ, որ այստեղ լինելու է աշխատանք, պետք է նոր մեթոդներ կիրառվեն։ Մյուս մասն այն է, որ պետք չէ սպասել պատերազմի ավարտին։ Ամենաթույլ կողմը մեր դիվանագիտությունն է, դա մեր տեղեկատվական զարգացած հիբրիդային պատերազմի մեր հատուկ մեթոդներն են, որոնք բավարար չեն, եւ մենք մնում ենք արձանագրողի դերում, այսինքն՝ նախաձեռնողականություն լինի տեղեկատվական, դիվանագիտական դաշտում։

- Ի՞նչ կարծիք ունեք առաջնագծում խաղաղապահ զորքեր տեղակայելու մասին։

- Ուրեմն, այն ամենը, ինչ Ադրբեջանն ասում է, որ դա իր տարածքներն են եւ օկուպացված են, կա երկու մոտեցում։ Առաջինը՝ եթե դա զբաղեցված է, ապա տեղի է ունեցել Ադրբեջանի պատճառով, որովհետեւ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումները վերաբերում են հենց Ադրբեջանին, որ պետք է ամբողջությամբ զինադադարը հաստատվի։ Ես էլի գտնում եմ, որ չնայած նրան, որ 91 թվականին 12 եվրոպական պետություն, աչք փակելով բոլոր ցեղասպանական գործողությունների վրա, որն արել է Ադրբեջանը, ցանկություն է հայտնել, որ կճանաչի այդ սահմանները։
Արցախի սահմաններն այն տարածքներն են նշմարում, որոնք միջազգային իրավունքի կոռեկտ իմաստով չեն պատկանում Ադրբեջանին։