Ոչ, լրագրողների մեջ ես այսօր գոնե մեկ ահաբեկիչ չեմ տեսնում․ Անդրեասյան

Ոչ, լրագրողների մեջ ես այսօր գոնե մեկ ահաբեկիչ չեմ տեսնում․ Անդրեասյան

«Երբ ժամանակին ասել եմ կոռումպացված դատավորների մասին, դա չի նշանակում, որ բոլոր դատավորները կոռումպացված են։ Երբ խոսել եմ, որ նույնիսկ լրագրողի դիմակի անվան տակ կարող է ներթափանցել ահաբեկիչ, չի նշանակում, որ ես ասել եմ, որ ահաբեկիչներ կան լրագրողների մեջ։ Նույնիսկ մեկ ահաբեկիչ ես այսօր չեմ տեսնում լրագրողների մեջ»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով իր աղմկահարույց հայտարարությանը՝ կապված լրագրողների հետ։ Անդրեասյանը, հիշեցնենք, օրերս խոսելով լրագրողների տեղաշարժի սահմանափակումների մասին, լրագրողներին համեմատել էր Նաիրի Հունանյանի հետ։ Նա նշել էր, որ լրագրությունը և խոսքի ազատությունը բացարձակ արժեք չեն, և եթե անվտանգության մարմինները գտել են, որ առկա են որոշակի ռիսկեր, պետք է հարգել։ 

«Ես ուղղակի փորձել եմ բացատրել, որ անվտանգության սպառնալիքի կամ նման տեղեկատվության դեպքում ցանկացածի տեղաշարժը՝ նախարարից մինչև լրագրող, բժշկից մինչև հավաքարար, կարող է սահմանափակվել։ Այսօր ես՝ որպես նախարար, մտնում եմ հատուկ պահպանվող տարածքներ այնպիսի զննությամբ, որ ժամանակին որևէ նախարար չի անցել, և դա անվտանգության այն կանոններն են, որ մենք հարգում ենք։ Մեր տեղաշարժը ևս սահմանափակված է որոշակիորեն»,- ասաց նախարարը։