Երևանում կարգելվի բացօթյա առևտուրը՝ մի քանի բացառություններով

Երևանում կարգելվի բացօթյա առևտուրը՝ մի քանի բացառություններով

Երևանի քաղաքապետարանը բանջարեղենի և մրգի առևտրով զբաղվող անձանց հորդորում ու առաջարկում է մայթերի փոխարեն առևտուրը կազմակերպել քաղաքի շուկաներում: Քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքը հստակեցնում է. բացօթյա առևտուր կարող են իրականացնել միայն օրենսդրությանը համապատասխան թույլտվություն ստացած իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը և այն էլ մի քանի հատուկ ապրանքների դեպքում միայն, օրինակ` ծառատեսակներ, սառը ըմպելիքներ:

Սա նշանակում է, որ ցանկացած ոք ցանկացած պահի չի կարող Երևանի փողոցներում վաճառել ցանկացած ապրանք, առավել ևս՝ սննդամթերք: Բացօթյա ապօրինի առևտուրը վերացնելու համար Երևանի քաղաքապետարանն աշխատանքի է անցել դեռևս նոր տարվա առաջին տոն օրերից և մտադիր են բացօթյա առևտուրը վերացնել հունվարի 15-ից։

Ինչպես նշված է հաղղորդագրության մեջ՝ Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը նշել է․ «Ըստ մեր տվյալների՝ Երևանի մի քանի փողոցներում մոտ 150 քաղաքացի զբաղվում է գյուղատնտեսական մթերքների ապօրինի վաճառքով: Այս առումով բողոքները շատ են նաև մեր քաղաքացիներից: Մինչև ամսի 15-ը կզբաղվենք գյուղմթերքի բացօթյա ապօրինի առևտրի վերացմամբ, այնուհետև կանցնենք մայրաքաղաքի փողոցներում տարատեսակ այլ ապրանքների ապօրինի առևտրին: Ընդամենը մի քանի օրից քաղաքացիները կտեսնեն նոր մոտեցումներն ու որակապես այլ Երևան»։

Նշվում է, որ Երևանի հ. 2 (նախկին ԳՈՒՄ-ի) շուկան ժամանակին մերժում էր այստեղ առևտուր անել ցանկացողներին. տեղեր չկային, այսօր հակառակ պատկերն է․ քանի որ փողոցային առևտուրը շատ է խանգարում, մարդիկ ավելի քիչ են շուկա գալիս և այսօր շուրջ 250 ազատ տաղավար կա։ Առաջին մեկ ամսում տարածքները պատրաստ են անվճար տրամադրել, հետագայում էլ մատչելի գնով՝ մինչև 500 դրամով։ Գարեգին Նժդեհի անվան հրապարակի հարևանությամբ գտնվող շուկայում այս պահին կա 300-350 ազատ տեղ, որից 200-ը տնօրինությունը պատրաստ է առաջիկա վեց ամիսը տրամադրել անվճար: Փողոցային առևտրի առատությունից դժգոհում են նաև խանութների տերերն ու վարձակալները. մարդիկ, որոնք գյուղմթերքի օրինական վաճառքով են զբաղվում, վճարում հարկեր, տուրքեր, սակայն հայտնվում են անհավասար մրցակցային պայմաններում՝ փողոցում առևտուր ծավալած քաղաքացիների համեմատ:

Բացօթյա ապօրինի առևտրի դեմ պայքարը քաղաքապետարանն իրականացնում է ոստիկանության հետ համատեղ: Հունվարի 8-ից ստուգայցերը կանցկացվեն ավելի մեծ ծավալներով, օրինախախտ տնտեսվարողները կենթարկվեն պատասխանատվության: Քաղաքապետարանը սննդամթերքի առևտրով զբաղվող քաղաքացիներին առաջարկում է տեղափոխվել արդեն գործող վաճառակետեր, անհրաժեշտության դեպքում՝ կազմակերպել նոր մինի-շուկաներ: Խնդրի վերջնական կարգավորումը ոլորտի պատասխանատուները տեսնում են օրենսդրական դաշտում, երբ առավել կհստակեցվի բացօթյա առևտրի ենթակա ապրանքների ցանկն ու առավել մեծ լիազորություններ կստանան քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը: Քաղաքապետարանը դիմում է նաև քաղաքացիներին՝ կոչ անելով՝ օրենքներից բացի, բացօթյա ապօրինի առևտրի վերացումը կախված է յուրաքանչյուրիցս. գնե՞լ, թե՞ չգնել փողոցում, հենց գետնին վաճառվող ու առողջության համար վտանգավոր մթերքը: