Սալվադորը կունենա ծագումով պաղեստինցի նախագահ

Սալվադորը կունենա ծագումով պաղեստինցի նախագահ

Սալվադոր պետության մայրաքաղաք Սան Սալվադորի նախկին քաղաքապետ, ծագումով պաղեստինցի Նայիբ Բուքելեն ընտրվել է այդ երկրի նախագահ, հաղթելով տեղի ունեցած նախագահական ընտրություններում իր երկու մրցակիցներին։

Այս մասին հայտնում է Associated Press լրատվական գործակալությունը, մանրամասնելով, որ քվեների 80 տոկոսի հաշվարկի արդյունքներով նա հավաքել է 53,51 տոկոս։ Նրա մրցակիցներից Կարլոս Կալյեհան՝ Ազգայնական-Հանրապետական դաշինքից, ստացել է 32 տոկոս, իսկ Ուգո Էրնանդեսը, որը արդեն նախկին իշխանություն դարձած Ազգային ազատագրության ճակատն էր ներկայացնում, 13,77 տոկոս։ Մյուս թեկնածու Խոսե Ալվարադոն չի հաղթահարել նույնիսկ 1 տոկոսի շեմը։

Լատինա-Ամերիկյան այդ երկրի օրենքների համաձայն, առաջին փուլում 50 տոկոսից ավել ձայն հավաքած թեկնածուն հաղթող է ճանաչվում» Նայիբ Բուքելեն 37 տարեկան է։ Ծագումով քրիստոնյա պաղեստինցի է, ում նախնիները 20-րդ դարի սկզբին գաղթել են Սալվադոր։

Այժմ այս երկրում ապրում է 100 հազար էթնիկ պաղեստինցի քրիստոնյա։