Ադրբեջանական ծագման ապրանքների մուտքը բացառում եմ․ Մետաքսե Հակոբյան

Ադրբեջանական ծագման ապրանքների մուտքը բացառում եմ․ Մետաքսե Հակոբյան

Արցախի իշխանությունները որոշել են ընդունել Կարմիր Խաչի և ռուս խաղաղապահների համատեղ առաջարկը, այն է` Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի և Բերձորի միջանցքի համաժամանակյա օգտագործման առաջարկը։

Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ Արցախի նորընտիր նախագահն ու իշխանությունները տևական ժամանակ աշխատանք են տանում՝ հացի խնդիրը լուծելու համար։ Երկու օր է, ինչ Արցախում հացի արտադրամասերը չեն աշխատում և իրավիճակը բավականին լուրջ է։ Ադրբեջանական կողմի նպատակը՝ Բերձորի միջանցքը Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին հավասարեցնելն էր, իսկ Արցախի իշխանությունների նպատակը հենց այդ միտումը չեզոքացնելն էր։

«Նախնական պայմանավորվածությամբ ռուսական բեռնատարի մտնելուց 12 ժամ հետո Քաշաթաղի միջանցքը գոնե մինչև հունիսի 15-ի ձևաչափով պիտի բացվեր, սակայն նախնական պայմանավորվածությունը հակառակ կողմը չպահեց և մենք իրականում շարունակեցինք մնալ քաոսային վիճակում։ Հետևաբար իշխանությունները պիտի կարողանային միջանկյալ ինչ-որ լուծում գտնել այդ իրավիճակից, գոնե ժողովրդին մինիմալ սնունդը, չոր հացը կարողանալ ապահովել՝ դա իշխանությունների պարտավորությունն է, ինչի շուրջ նրանք օրեր շարունակ ռուս խաղաղապահների հետ աշխատանքներ էին տանում»,-ասաց Հակոբյանը։

Հարցին, արդյոք Արցախի նախագահը խորհրդակցե՞լ է Ազգային Ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ օրեր առաջ հանդիպում են ունեցել, իրենց կարծիքն են արտահայտել, սակայն որոշում կայացնողը եղել է Արցախի նախագահը։

«Որոշում ընդունելու լիազորությունը միանշանակ նախագահինն է՝ իշխանություններին է։ Իրենք փաստացի լսելով տարբեր կարծիքներ, մոտեցումներ, ի վերջո, սեփական որոշումն են կայացրել։ Դա որպես երևույթ, բնականաբար, դրական եմ գնահատում։ Նաև իրավիճակը, որում մենք հայտնվել ենք, պիտի որոշում գտնվեր, բայց դա պիտի առիթ լինի, որպեսզի հնարավորություն ստեղծվի կողմերին, ներկայացուցիչներին` թե ադրբեջանական, թե արցախյան, ի վերջո, միջնորդավորված հանդիպում տեղի ունենա, որտեղ նախնական կարողանան գոնե իրար լսել ու փաստաթղթեր փոխանցել` առաջարկների ու պահանջների վերաբերյալ»,-ասաց Հակոբյանը։

Արցախցի պատգամավորը նշեց, որ իրենց քաղաքական թիմը մնում է իրենց կարծիքին, թե ինչպիսին պիտի լինի այդ ձևաչափը և իրենց մոտեցումներում բան չի փոխվել և որպեսզի գործընթացն արդյունավետ լինի, որպեսզի հետագայում կարողանանք փաստաթուղթ ընդունել կամ հիմքեր ունենան՝ դա պիտի լինի միջազգային մեխանիզմ և իրենք միջազգային մեխանիզմի իրենց ձևաչափն են ներկայացրել, այն է` աշխատանքային խմբեր ստեղծվեն Ռուսաստանի, Հայաստանի, Արդբեջանի ներկայացուցիչներից՝ նոյեմբերի 9-ի հայտարարության ձևաչափով։

«Այն պետությունները, մասնավորապես` Ռուսաստանը, Հայաստանը, որոնք երաշխավորություն ունեն և իրավունք ունեն նաև որևէ գործընթաց իրականացնել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված և նաև ստեղծվի մեկ աշխատանքային խումբ` Արցախի ներկայացուցիչներից և այդպես 3+1 ներկայացուցչական խմբերով հանդիպում տեղի ունենա։ Թե դա կլինի հանդիպում, բանակցություն՝ դա արդեն էական չէ, բայց դա արդեն կլինի միջազգային մեխանիզմով երաշխավորված հանդիպում, որը և հնարավորություն  կընձեռնի միջանկյալ մեխանիզմների ներդրում իրականացնել այս իրավիճակում»,-ասաց Հակոբյանը։

Հանդիպման նախնական առաջարկը, որն այսօր արվել է Արցախի իշխանությունների կողմից, դա իրենց առաջարկածը չէր, սակայն սա իշխանությունների որոշումն է և գուցե`այս պարագայում ավելին անել հնարավոր չէր։ Հարցին, թե ինչպես են բացառելու ադրբեջանական բեռների մուտքը Ակնայով, Հակոբյանն ասաց, որ դրանց մուտքը բացառում է` եթե ադրբեջանական կողմը խախտի պայմանավորվածությունը, ապա իրենք հնարավորություն ունեն փակել ճանապարհը և դա թույլ չտալ։

«Պետք է լինեն բացառապես արտերկրյա ապրանքներ, հայկական չեն լինելու, ադրբեջանականը բացառվում է: Ինչու ոչ` հայկական, ես կարող իմ սուբյեկտիվ կարծիքն ասել, որ ինձ համար ընդունելի չի լինի, որ դրանով հայկական ապրանքներ անցնեն։ Եթե Կարմիր Խաչի միջոցով պիտի դրանք մուտք գործեն Արցախ, ապա բացառապես արտերկրյա ծագում ունեցող բեռներ պիտի լինեն, կարծում եմ այդպիսով  չեզոքություն կապահովենք։  Եթե մենք ադրբեջանական բեռների ընդունման հակում ունենայինք կամ այս նեղ վիճակում դա մեզ համար ընկալելի լիներ, ապա դա վաղուց տեղի կունենար և մենք չէինք հասնի այս ծայրահեղ վիճակին։ Նման բան ուղղակի չի կարող տեղի ունենալ, ու ես վստահ եմ, որ իշխանությունները չեն էլ քննարկում այդ տարբերակը՝ առավել քան վստահ եմ»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը։