Կարեւորը մասնակցության թիվն է

Կարեւորը մասնակցության թիվն է

Այս տողերը գրելու պահին դեռ հայտնի չէին Երեւանի ընտրությունների արդյունքները, թեեւ` կանխատեսումների պակաս այս օրերին չի եղել: Ինչպես եւ սպասվում էր` քվեարկությանը խիստ ցածր մասնակցություն, որը խոսում է երեւանցիների` մեր երկրի ամենաակտիվ զանգվածի հիասթափության, հուսահատության, ապագայի հանդեպ հավատի բացակայության մասին: Այն մասին, որ Երեւանի ընտրությունները մարդիկ չեն ընկալում որպես քաղաքական ընտրություն եւ չեն կարեւորում, ուստի եւ չեն մասնակցում դրան: 

Մյուս կողմից` հավանաբար թեկնածուների կազմում չեն տեսնում այն անձին, ում կարող են անվերապահորեն ձայն տալ եւ ում հետ հույս են կապում, սա էլ է պասիվության լրացուցիչ պատճառ: Բայց ամենակարեւոր պատճառն, իհարկե, այս իշխանության հանդեպ նեգատիվ վերաբերմունքն է եւ իշխող կուսակցությանը ընտրել չցանկանալու գործոնը: Եթե վաղը պարզվի, որ սեպտեմբերի 17-ի ընտրությանը մասնակցել է Երեւանի ընտրողների 30 տոկոսը (անգամ եթե դրանց 90 տոկոսը ՔՊ ընտրի), որի մեջ ներառված են նաեւ Երեւանում հաշվառված օտարազգիներն ու մարզերից եկած ժամանակավոր բնակիչները, դա կլինի Քաղպայմանագրի ֆիասկոն` Նիկոլ Փաշինյանի պարտությունը, որը քարոզարշավի ողջ ընթացքում` ծածուկ, իսկ վերջում արդեն բացահայտորեն մասնակցեց ընտրարշավին եւ կոչ արեց ընտրել ՔՊ-ին ու Տիգրան Ավինյանին: Կարող ենք ասել, որ ՔՊ առաջնորդի եւ իր ղեկավարած քաղաքական ուժի ռեյտինգը խիստ ընկել է, նրանք չեն վայելում ընտրողների վստահությունը, գոնե` մտածող եւ առաջադեմ Երեւանի վստահությունը: 

Կարող ենք ասել նաեւ, որ նրանց ջանքերի շնորհիվ խիստ նվազել են ՀՀ ակտիվ քաղաքացիները, այն անձինք, որոնք պարտադիր մասնակցում էին ընտրություններին` անգամ նախկին ժամանակներում, երբ ընտրակեղծարարությունը ծաղկում էր: Ինչը նշանակում է, որ ՔՊ-ի կողքին մնացել է միայն ադմինիստրատիվ ռեսուրսը եւ դրանից կախում ունեցող զանգվածը, որը սովորաբար ստիպված է լինում գնալ քվեարկության եւ միշտ ընտրում է իշխանություններին: 

Իսկ հասարակության էլիտար մասը` գրագետ, մտածող, ակտիվ, առաջադեմ մարդիկ, մերժում են ՔՊ-ին եւ նրա առաջնորդին: