Դրսում կատու, ներսում... 

Դրսում կատու, ներսում... 

Բնությունը (կամ Աստված) երկիր մոլորակին պարգևել է կաթնասունների կարգի կատվազգիների ընտանիքին պատկանող բազմաթիվ տեսակներ: Սկսած քնքուշ կատուներից մինչև ահասարսուռ վագրերն ու հզոր առյուծները: Նա, ում մասին խոսք է գնալու տվյալ հոդվածում, դրսում իսկական կատու է, սակայն խիստ կասկածում եմ, որ վագր կամ առյուծ է մեր երկրի ներսում: Որովհետև վագրը կամ առյուծը հզոր են ինքնին և ոչ թե տասնյակ, հարյուրավոր թիկնապահներով շրջապատված լինելու շնորհիվ: Մեկի վագր, մյուսի առյուծ լինելը պայմանավորված է գենետիկ համակարգով, նրանց անձնական հատկանիշներով: Այն անձը, ով այսօր Հայաստան է ներկայացնում արտերկրում, չունի նշված կենդանիներից ո՛չ առաջինի և ո՛չ էլ երկրորդի հատկանիշը: Նա մի ժամանակ «դուխով» կեպի էր դնում գլխին, որպեսզի արիություն ստանա դրանից ու միաժամանակ միամիտ ժողովրդին համոզի, որ ինքը հենց այդպիսին է, որ կա: Բայց դա անցավ, ու «դուխով» գրությամբ գլխարկն էլ նետվեց աղբարկղ՝ կենցաղային թե պատմական: 

Երկու տարի առաջ, եթե չեմ սխալվում, ոմն քաղաքագետ, ով նաև գիտելիք է մատուցում ուսանողությանը, ասել էր, թե ավելի լավ է լինել թուրքի շուն, քան թե ռուսի գործակալ: Անունը չեմ տալիս, քանի որ նա նաև կուսակցական գործիչ է, իսկ դրանց համար, ըստ Ուինսթոն Չերչիլի, միակ բացասական քարոզչությունը մահվան մասին լուրն է, որովհետև նույնիսկ ամենալուրջ բացասական լուրն անգամ ծառայում է նրանց ճանաչելիությունը բարձրացնելուն: Վերադառնանք թուրքի շուն լինելը գերադասելու գաղափարին:

Բնականաբար, դա անընդունելի է բացարձականապես, սակայն գործող իշխանության էությունը բացահայտող ճշմարտություն է: Ժամանակին ՀՀ վարչապետի պաշտոնից կառչած անձը նախկիններին մեղադրում էր ռուսի կոշիկը լիզելու մեջ՝ առանց գիտակցելու, որ շատ շուտով այդ երևույթը ցեմենտվելու է իր անվանը: Ճիշտ է, այդ դեպքում որպես լիզելու օբյեկտ են ծառայելու ոչ թե ռուսական կոշիկները, այլ արևմտյան արտադրության թուրքական «մաշիկները»: 

Ի դեպ, ի տարբերություն թուրքերի, ռուսական կողմը, թեկուզ մեր երկիրն անվանելով ռուսական ֆորպոստ, երբեք չէր պահանջում լիզել իր ոտնամանները: Իսկ թուրքերը խոսելով իբրև թե հայաստանյան շահերի մասին՝ պահանջում են ստրուկի կարգավիճակով հարաբերվել թե՛ իրենց և թե՛ ադրբեջանցիների հետ: Մի ժողովրդի, որի գրագետ ներկայացուցիչները մի ժամանակ խեղճությունից լաց էր լինում հայ փորձագետների հետ շփվելիս: Իսկ որ թուրքերը հենց այդպես էլ պետք է վարվեին՝ դա գալիս է նրանց շունը լինելու ոմանց ցանկությունից: Ինչն այսօր գործող իշխանության կողմից ամրագրվում է պետականորեն: Ի վերջո, ինչ է անում շունը՝ եթե ոչ տիրոջ ոտքերը կամ տվյալ դեպքում ոտնամանը լիզելուց բացի:

Ընդհանրապես, հրապարակ նետված որևէ գաղափար կարող է զարգացում ապրել՝ եթե չի մարում անմիջապես: Կոշիկ լիզելու գաղափարը ևս նման զարգացում ապրեց. երկու օր առաջ այն վերափոխվեց «ասֆալտ փորձելուն և բորդյուր լիզելուն»: Կամ էլ այդ գործողություններն անելը պարտադրելուն: Եվ ինչպես նախորդը, այնպես էլ այս երկուսն ուղղված էին Նիկոլի ընդդիմախոսներին: Զարմանալին այդ բառապաշարը չէ, այլ այն հանգամանքը, որ առաջին արտահայտությունից հետո անցել էր բավական երկար ժամանակ, իսկ վարչապետի պաշտոնից կառչած անձը հրապարակավ ինքնադրսևորման զարգացում չէր ապրում: Ինչը կարող է վկայել մտքի լճացման բացակայության մասին՝ գցելով նրա հեղինակությունը: Բայց նա ապացուցեց, որ դեռ վաղ է իրեն այդ առումով արխիվ ուղարկելը: Եվ, ի հեճուկս ընդդիմախոսների, կրկին մնաց իր «բարձրության» վրա: 
Արտաքնապես զարմացավ, որ իրեն մեղադրում են վարչական ռեսուրսներն օգտագործելու՝ նախկին բարքերը վերականգնելու մեջ: Եվ պատասխանելով այդ մեղադրանքին՝ բարձրաձայնեց իր պատմական կարճ մենախոսությունը. «Ով վարչական ռեսուրսով է եկել՝ խնդրում եմ՝ գնա։ Որովհետև դա մեզ համար անարգանք է։ Վարչական ռեսուրսով գալը և բերելն անարգանք է և՛ եկողի, և՛ բերողի նկատմամբ։ Մենք այդ անարգանքին մեզ չենք ենթարկի»։

Նա, իհարկե, ուշադիր չէր, որպեսզի նկատեր, և կամ էլ տեղեկատվություն չուներ, որ մարդկանց Երեւան են բերել ավտոբուսներով, բերել են անգամ այս դեպքում ընտրող չհանդիսացող անձանց: Եվ մարդիկ ստիպված էին մնալ մինչև վերջ, որպեսզի դրանցով վերադառնան իրենց բնակավայրերն ու թաղամասերը: Բայց դա, բնականաբար, էական բացթողում չէր՝ կարևորը նրա ելույթի ոգին էր: Կարծում եմ, որ նման երևույթ (զգացմունքային թե բովանդակային առումով) կարող է արձանագրվել մեկ էլ հյուսիսային Կորեայի (ԿԺԴՀ կամ ավելի ճիշտ՝ ԿԺԺՀ) մայրաքաղաք Փխենյանում:

Նախքան 44-օրյա պատերազմն ու դրանում Նիկոլի «գլխավոր հրամանատարությամբ» խայտառակ պարտություն կրելը՝ շրջանառվում էր հեղափոխության թանգարան հիմնելու գաղափարը: Դեռևս իշխանազավթման էյֆորիայի մեջ՝ դա փորձում էին կապակցել քաղաքացու օր կոչված անհեթեթության հետ: Ինչևէ, դա անցավ, բայց ես կարծում եմ, որ այդ թանգարանն անպայման պետք է ստեղծել: Դա տեղի կունենա, բնականաբար, «թավշյա, ոչ բռնի և խաղաղ» հեղափոխականներին իշխանությունից հեռացնելուց հետո: Այդ թանգարանը դպրոցականներին պետք է ցուցադրի, թե ինչպիսի վատ բան է հեղափոխություն կոչված երևույթը: Թանգարանի մուտքի մոտ էլ վերևում պետք է գրված լինի «Մենք ո՛չ ռուսի գործակալ ենք և ո՛չ էլ թուրքի շուն» արտահայտությունը: Թանգարանի մի սենյակ էլ պետք է պատկերի հայոց խայտառակությունը՝ հետպատերազմական Բաքվի բացօթյա թանգարանը: Դա պետք է արվի, որպեսզի մեր սերունդները երբեք չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականի ապրիլ-մայիսին: